12.02.2018 12:12

Վահան Թումանյան. Հայաստանի գարունը

Վահան Թումանյան. Հայաստանի գարունը

Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե Թուրքիան քայլ չկատարի, Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Գարնան գալուն մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ: Այդ ընթացքում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ոչ մի քայլ էլ չի անի: Եւ Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները կհայտարարի առոչինչ: Խնդիրն այն է, թե ի՞նչ է դրան հետեւելու, հայ-թուրքական հարաբերությունները մնալու են առհասարակ չկարգավորվա՞ծ, թե՞ բացվելու է նոր հնարավորություն: Արձանագրությունները հայտարարելով առոչինչ՝ Հայաստանը փակու՞մ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարը, Թուրքիան վերջնականապես թշնամական դի՞րք է բռնում Հայաստանի հանդեպ:

Սրանք լրջագույն հարցեր են, որոնց պատասխանից շատ բան է կախված: Գարունը Հայաստանի համար հոբելյանական է, լրանում է անկախության հարյուրամյակը: Բայց դա նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակն է: Եւ նոնսենս է, որ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ այսօրվա Թուրքիան եւ Հայաստանը բաժանված են փշալարերով եւ փոխադարձաբար անվստահություն ունեն:

Անկախ ամեն ինչից, Հայաստանը եւ Թուրքիան հարեւան երկրներ են, եւ նրանց միջեւ սահմանը մի օր բացվելու է: Հարցն այն է, թե ի՞նչ գին են դրա համար վճարելու կողմերը: Պատրա՞ստ են նրանք նման հեռանկարի: Առայժմ՝ ոչ: Բայց Մերձավոր Արեւելքում իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ Թուրքիան ստիպված լինի բացել Հայաստանի հետ սահմանը: Իր հերթին՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի նման հեռանկարի: Օրախնդիր հակաթուրքականությունը չպետք է խանգարի, որպեսզի Հայաստանի իշխանությունն ունենա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պրագմատիկ ծրագիր եւ առաջնորդվի դրանով: Հակառակ դեպքում Հայաստանի գարունը, հայ-թուրքական արձանագրություններով, թե առանց դրանց, անդառնալիորեն կուշանա: