12.02.2018 12:40

Գեւորգ Նալբանդյան. Ալիեւի տեսլականը

Գեւորգ Նալբանդյան. Ալիեւի տեսլականը

Նույնիսկ իշխանահաճ լրատվամիջոցն է հասկացել, որ ադրբեջանցիների՝ Սյունիք, Սեւանի ավազան եւ Երեւան վերադառնալու մասին Իլհամ Ալիեւի ասածին չպետք է անլուրջ վերաբերվել: Խնդիրն այն է, որ Ալիեւն այդ մասին խոսում է ոչ առաջին անգամ եւ սեփական տեսլականը հիմնավորում տարածաշրջանային ինտեգրացիայից Հայաստանի մեկուսացմամբ եւ երկու երկրների դեմոգրաֆիական ցուցանիշներով: Այս իմաստով լիովին հասկանալի է դառնում, թե ինչու Ադրբեջանը շահագրգռված չէ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, ինչի մասին անցյալ տարի խորհրդարանում հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ ձեւակերպել, որ ստատուս-քվոն ձեռնտու է Ադրբեջանին: Արտառոցն այն է, որ նման գնահատականին չեն հաջորդում քայլեր, որոնք Ադրբեջանին կստիպեն ենթարկվել Ղարաբաղի կարգավորման միջնորդական հայեցակարգին:

Խոստովանել, որ ստատուս-քվոն լիովին ձեռնտու է Ադրբեջանին, բայց գործնականում ոչինչ չձեռնարկել՝ ահա Հայաստանի իշխանության իրական դեմքը: Իշխանություն, որ «ազգ-բանակ» եւ նման ցնորական կանցեպցիաներով ավելի է խորացնում Ադրբեջանի հետ ռազմական մրցակցությունը, իսկ դա, իր հերթին, երկրից ավելի ու ավելի շատ ֆինանսական, նյութական եւ մարդկային ռեսուրսներ է խլում: Ալիեւը խնդիրը ձեւակերպել է բավական հստակ՝ ռազմական, թե խաղաղ ճանապարհով հասնել Հայաստանի այն աստիճան թուլացմանը, որպեսզի վերջինս ստիպված լինի ընդունել Բաքվի նախապայմանները:

Ի՞նչ է դրան հակադրում Հայաստանի իշխանությունը: Առայժմ՝ միայն սպառազինությունների մրցավազք եւ հակադարձ հռետորաբանություն՝ Քուռ-արաքսյան հանրապետության, Նախիջեւանի գրավման կամ Հյուսիսային Արցախի ազատագրման մասին «քաղաքագիտական» ճամարտակությունների տեսքով: Ալիեւի խոսքում, անշու՛շտ, նախընտրական քարոզչության տարրեր կան: Բայց դա չի նշանակում, թե նրան պատասխանելիս Հայաստանը նույնպես պետք է տրվի նույն տրամաբանությանը: Ուժերի եւ հնարավորությունների տարբերության խնդիր կա, որը Հայաստանը կարող է հաղթահարել միայն եւ միայն դիվանագիտական նախաձեռնողականությամբ: Հարկ է այդ հարցը բերել հանրային դիսկուրսի մակարդակի, հստակ ձեւակերպել առաջնահերթությունները եւ անցնել քաղաքական այնպիսի նախահարձակման, որն Ադրբեջանին կզրկի բանակցություններում խուսանավելու եւ կարգավորման ժամանակը երկարաձգելու հնարավորությունից: Այլապես Ալիեւի տեսլականը մոտակա մի քանի տասնամյակում կարող է դառնալ դառը իրականություն: