12.02.2018 13:46

Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

Փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով։ Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։

Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին.

Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մարտահրավերների եւ խնդիրների առջեւ, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատեւման եւ զարգացման համար։ Դրանք են՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան եւ տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես՝ ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։

Համապետական մի շարք ընտրությունների եւ 2015 թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետու չէ նրա առջեւ եւ չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետեւաբար, լեգիտիմ համարվել։ Ուստիեւ, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու եւ թե՛որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին։

Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, եւ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որեւէ ջանք չի խնայի։