12.02.2018 14:58

Ֆրոյդը Արմեն Սարգսյանի անունից

Ֆրոյդը Արմեն Սարգսյանի անունից

Եթե մի լավ հոգեբան լիներ Հայաստանում, ապա ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի քաղաքական կերպարն ուսումնասիրելու համար  որոնումներ մեջ չէր ընկնի. ընդամենը կլսեր լրագրողների հետ նրա զրույցից մի հատված եւ կտար իր քաղաքական-հոգեբանական ախտորոշումը:

Հիշեցնենք, որ օրերս Սարգսյանը, պատասխանելով իր՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ հարցին, բառացիորեն ասել էր. «Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000թ., երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ էլի աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել էի քաղաքացիության Բրիտանիայում եւ ստացել եմ քաղաքացիություն 2002թ.: Որովհետև իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որպեսզի ես և ճանապարհորդեմ, և տարբեր երկրներում լինեմ, և շատ գործնական, և նաև անվտանգության հազար ու մի խնդիր կար:

Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել են 2011թ.: Հրաժարվեցի, քանի որ դրա կարիքն այլեւս չկար, այլ ոչ թե 2011թ. մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ դառնամ թեկնածու»:

Ուշադրություն դարձրի՞ք. «չէի մտածում, որ ԴՈՒՔ Սահմանադրություն պիտի փոխեք»: Այսինքն, ինքը այդ դուք-ի մեջ չի մտնում, ինքն առանձին է, կապ չունի: Ու դա առավելեւս զարմանալի է, որովհետեւ դե յուրե ովքե՞ր են փոխել (այսինքն՝ իբր քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին) Սահմանադրությունը: ՀՀ քաղաքացիները: Դե յուրե ՀՀ քաղաքացիներն են որոշողը: Սարգսյանն ասում է, թե ինքը 2011 թվականից նորից ՀՀ քաղաքացի էր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ Սարգսյանը 4 տարի արդեն նորից ՀՀ քաղաքացի էր: Այսինքն՝ ինքն այդ որոշողներից, փոփոխողներից մեկն էր: Դե յուրե: Բայց թեեւ նրա գիտակցությունը այդպես է պնդում, թե՝ պետք չէ ինձ սրերով ընդունել, չէ՞ որ ես ձեզանից մեկն եմ, ես օտար չեմ, եւ այլն եւ այսպես շարունակ, նրա ենթագիտակցությունն այլ բան է պնդում, այսինքն՝ այն, ինչն ինքն իրականում մտածում է, այն է՝ ես ձեզանից մեկը չեմ, ես ձեզ հետ կապ չունեմ, ես Հայաստանի հետ էլ կապ չունեմ՝ մեծ հաշվով, ես իմ հեռվից՝ (այս դեպքում՝ «եվրոպաներից») եկել եմ ձեր Հայաստանում փրկիչ աշխատելու, դուք եք ինձ կանչել, ես չեմ երազել այդ մասին, այդ պատճառով էլ ես դեռ մտորում եմ սույն առաջարկի մասին, ես հանդիպումներ եմ անցկացնում, որպեսզի համոզվեմ, որ բոլորի ցանկությունն է ինձ տեսնել այդ պաշտոնում, ձեր բոլորի, ՁԵՐ՝ ՀՀ քաղաքացիների, Ձեր Հայաստանում Սահմանադրություն փոխած քաղաքացիների:

Ասում են՝ հաճախ սատանան նման մանրուքների մեջ է:  Չնայած, եթե նայում ենք՝ սա ամենեւեին էլ մանրուք չէ, մարդը բացեիբաց ասում է ամեն ինչ:

Հ.Գ. Ի դեպ, մի ուշագրավ պահ էլ Սարգսյանի սույն հայտարարության մեջ: Նա ասում է, թե հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից եւ դարձել է բրիտանահպատակ, որովհետեւ իր գործերի հետ կապված՝ անվտանգության հարցեր եւ այլն, նրան պետք է եղել այդ քաղաքացիությունը: Իսկ հետո, երբ արդեն դրա կարիքը չի եղել, նա նորից դարձել է ՀՀ քաղաքացի: Այսինքն, իշխանությունները նախագահի թեկնածու են առաջադրել մի մարդու, որն իր անձնական կարիքից ելնելով մեկ վերցնում, մեկ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից: Գուցե վաղն էլ նա, կարիքից դրդված, Հոնդուրասի քաղաքացիությո՞ւն վերցնի՝ ՀՀ նախագահ լինելով: Որովհետև կարիքը մուխաննաթ բան է, էսօր չկա, վաղը՝ կա։

Ի.Պողոսյան