12.02.2018 20:23

Սահակաշվիլիին արտաքսել են Լեհաստան

Սահակաշվիլիին արտաքսել են Լեհաստան

Ուկրաինայի իշխանությունները երկրից արտաքսել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլիին: Ավելի վաղ Սահակաշվիլին ձերբակալվել էր Կիեւի ռեստորաններից մեկում, իսկ ժամեր անց` չարտերային չվերթով արտաքսվել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ նրանք այսօր Սահակաշվիլիին տեղեկացրել են «պատկան մարմնի որոշման մասին, ըստ որի, ինքը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ գտնվել է նախքան Ուկրաինա ժամանելը»: Ըստ այդմ, ընդդիմադիր գործչին արտաքսել են Լեհաստան: Սահակաշվիլիի պաշտպանը հայտարարել է, թե այդ քայլն անօրինական է, քանի որ պաշտոնական Վարշավան Սահակաշվիլիի վերադարձի թույլտվություն չէր տվել:

Հիշեցնենք, որ ուկրաինական իշխանությունները մեղադրում են Սահակաշվիլիին լեհ-ուկրաինական սահմանն ապօրինի հատելու, (2017-ի սեպտեմբերին), ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մերձավոր օլիգարխից ֆինանսավորվելու մեջ:

Լեհական սահմանով Ուկրաինա եկած Սահակաշվիլին ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էր անցկացնում այդ երկրում` պահանջելով նախագահ Պոռոշենկոյի հրաժարականը: