13.02.2018 11:41

Արսեն Գրիգորյան. Սասունցի Դավիթը մամուլի ակումբում

Արսեն Գրիգորյան. Սասունցի Դավիթը մամուլի ակումբում

Մի «հայրենասեր» հայտարարել է՝ եթե Թուրքիո հայոց պատրիարք Արամ Աթեշյանը գա Հայաստան, ես ֆիզիկապես կվերացնեմ նրան: Իհարկե: Բայց սա խոսքի ազատության շրջանակներում է ասվա՞ծ, թե՞ ահաբեկչության:

Աթեշյանը, տղա ջան, Թուրքիայի քաղաքացի է: Նա տեղով Նժդեհն էլ լինի, պիտի ասի եւ անի այն, ինչ ասում է եւ անում: Գարեգին 2-րդ կաթողիկոսը սա գիտի եւ ըմբռնումով է վերաբերվում: Թե՞ դու, ընկեր ջան, նրա անարտահայտելին ես: Գնա քո երկիր, որտեղից եկել ես Հայաստան, եւ նման հայտարարություններ արա: Պարզ երեւում է, որ, եթե քեզ թողնեն՝ կանես, եթե իհարկե, հայրենասիրությունը քո վերջին ապաստարանը չէ: Բայց Աթեշյանին վերացնելն ի՞նչ կապ ունի Հայրենիք սիրելու հետ: Հայ լինելու հետ ի՞նչ կապ ունի: Էս մարդը դեռ չի ավարտել իր կռիվը, մինչ պետություն կարծես թե ունենք: Էդ պետությունում Աթեշյանի «վրայով» դատավճիռ չկա, էլ չեմ ասում, որ դահճի ինստիտուտը Սահմանադրությամբ չի խրախուսվում: Դե, իհարկե, ոչ ոք նրան դա թույլ չի տալու: Կամ՝ գուցե սխալվու՞մ եմ: Բայց դա համարյա Թուրքիային պատերազմ հայտարարել է: Նույնիսկ էս հայտարարությամբ է ԱՍԱԼԱ-ի մեր «հրահանը» պատերազմ հայտարարում Թուրքիային, մարդն ասում է, որ պատրաստ է սպանել Թուրքիայի քաղաքացու:

Անլրջությունը պարզ է երեւում, բայց դա հրապարակվում է: Մեզանից յուրաքանչյուրի մեջ էլ կա էն «թուրքը», որին պիտի, ըստ ինչ-որ «հայի», վերացնել, ինչպես թուրքի կարծիքով՝ իր մեջ կլինի այն «հայը», որն, ըստ ինչ-որ «թուրքի», ապրելու արժանի չէ: Բայց ծերուկ Զիգմունդն ասում է, որ քաղաքակրթությունն ի հայտ եկավ, երբ մարդկությունը սպանելու փոխարեն սկսեց հայհոյել: Աթեշյանը հայհոյանքի էլ արժանի չէ, որովհետեւ ինքը պետություն է ներկայացնում, եկեղեցին, ո՛ր ազգին էլ ներկայացնի, ֆնդխություն է պետության մոտ: Եվ Աթեշյանը շատ լավ գիտի, որ ոչ մի Աստված եւ նույնիսկ Ալլահ իրեն չի փրկի իր պետության դեմ դավաճանական քայլերի համար, ինչ է թե ինքը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցին: Լավ է, որ ներկայացնում է, բայց էդ հողի վրա հայ լինելու խաղի կանոններ կան:

Մենք ծերուկ Զիգմունդին չենք լքի մեր վերլուծությունում: «Հայրենասեր» տղան,-խնդիրն էլ հենց դա է,-հեղինակության կարիք ունի: Նա կամ նրա ԱՍԱԼԱ-ն ժամանակին թուրք գործիչների վրա է հարձակվել եւ եղել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Նրա մեջ խոսում է իր դարն ապրած ազգային ռոմանտիզմը: Նոր իրականությունը անցյալ դարձնելու համար պետք է մտածել արյուն թափելու մասին: Բայց ինչու՞ Հայաստանի եւ, ասենք, անձամբ իմ անունից: Ես հասկանում եմ, որ ամբողջ Հայաստանն է այսօր անզոր էս ռոմանտիզմի հետ կռվում, ու գիտեմ, որ հնարավոր չէ պրագմատիկ լինել՝ առանց անզորության զգացման: Բայց ո՞նց կարելի է Սասունցի Դավիթ լինել մամուլի ակումբում: Աթեշյանն ի՞նչ է արել՝ հայհոյե՞լ է մեր ազգը: Մարդը իր պետության խաղի կանոններով վերադարձրել է մի աթոռ, որի վրա նրան տեսնել չի ուզում իր իսկ համայնքը: Վերացնես Աթեշյանին, Թուրքիա պետությունը կբերի մեկ ուրիշ Աթեշյան: Այս մարդը, եղբայր, կաթողիկոսի ներկայացուցիչը չէ Թուրքիո հայկական եկեղեցիներում: Այս մարդը իր պետության փոքրամասնության ներկայացուցիչն է: Էդ փոքրամասնությունը Հայ Առաքելական է, պատրիարքությունը ոչ իրավունքով, ոչ էլ փաստացի չի ենթարկվում Էջմիածնին, ի՞նչ եք ուզում էդ մարդուց: Գնացեք Էրդողանի հետ խոսեք: Մեր հողերից էլ մի Մասիս կտոր վերադարձի ճամփին բերեք: