13.02.2018 12:17

Աբասը չի ուզում համագործակցել ԱՄՆ-ի հետ

Աբասը չի ուզում համագործակցել ԱՄՆ-ի հետ

Պաղեստինի ազգային վարչակազմը չի համագործակցի ԱՄՆ-ի՝ որպես Իսրայելի հետ հակամարտության կարգավորման միջնորդի հետ: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ ամերիկյան վարչակազմն առաջին անգամ իրեն զարմացրել է, երբ հայտարարել է, որ ուզում է փակել Պաղեստինի ազատագրման կազմակերպության վաշինգտոնյան ներկայացուցչությունը: Հետագայում Սպիտակ տունը վերանայել է այդ որոշումը: Բայց Պաղեստինի առաջնորդին ևս մի անակնկալ նորություն էր սպասում. «Պարոն Թրամփը շուտով կրկին մեզ զարմացրեց, և դա ապտակ էր մեր դեմքին: Ես նկատի ունեմ  ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու  և Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը»:

Աբասը շեշտել է, որ եթե մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողով տեղի ունենա, ապա պաղեստինյան իշխանությունները կցանկանային, որ դրա արդյունքում «ստեղծվի մի մեխանիզմ, որի դեպքում ԱՄՆ-ը միակ միջնորդը չլիներ, այլ ընդամենը մեկը միջնորդների խմբից »:

Փոխանցում է euronews-ը: