13.02.2018 12:55

Առաքել Թավրիզյան. Ի՞նչ է կասկածել դաշնակցությունը

Առաքել Թավրիզյան. Ի՞նչ է կասկածել դաշնակցությունը

Փետրվարի 10-ին Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի իր նստավայրում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Ուշադրություն է գրավում հանգամանքը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Ղարաբաղ է այցելել այն ժամանակ, երբ այնտեղ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ժամանակագրական առումով, երեւի, Բակո Սահակյանը Հրանտ Մարգարյանին ընդունել է համանախագահների հետ հանդիպումից հետո: Ըստ երեւույթին, կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն Ղարաբաղի հարցում դաշնակցության հետ մանրամասնությունների մեջ չի մտնում: Եւ քանի որ տպավորություն կա, թե Հայաստանում եւ Ադրբեջանում նոր իշխանության ձեւավորումից հետո Ղարաբաղի խնդրով բանակցությունները կարող են մտնել ինտենսիվ փուլ, բացառված չէ, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Ղարաբաղ է ուղեւորվել՝ Բակո Սահակյանից որոշ մանրամասնություններ իմանալու նպատակով:

Հնարավոր է, որ դաշնակցությունը Ղարաբաղի նախագահին նույնպես դիմած լինի «մի զիջիր» կարգախոսով՝ փոխարենը խոստանալով Ղարաբաղի ճանաչման գործընթաց խթանել արտերկրում: Այդ հանդիպման առիթով դաշնակցական մամուլն ակնարկել էր, թե հեշտ չէ Եվրախորհրդարանի պատգամավորին տանել Ստեփանակերտ կամ հնարավորություն ստեղծել, որպեսզի Ղարաբաղի պաշտոնյաները լինեն եվրոպական երկրներում: Դրանից կարելի է ենթադրել, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Ղարաբաղի նախագահի հետ քննարկել է առաջիկայում նման մակարդակի շփումներ կազմակերպելու հնարավորության հետ կապված հարցեր: Քարոզչական մակարդակում, ինչ խոսք, դժվար չէ ֆրանսիական որեւէ քաղաքում Ղարաբաղին նվիրված միջոցառումը ներկայացնել որպես «Արցախի միջազգային ճանաչման հերթական դրսեւորում»:

Գործնականում այդ շփումներն իրավիճակ չեն փոխում, եւ Ֆրանսիան, մասնավորապես, Ղարաբաղի հարցում մնում է իր պաշտոնական տեսակետի շրջանակներում: ՀՅԴ-ն «մի ծաղկով գարուն» սկզբունքով գործելու հարուստ փորձ ունի: Հարցն այն է, թե դրանից ի՞նչ է շահում Ղարաբաղը: Այս իմաստով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի ղարաբաղյան այցը մտահոգության տեղ թողնում է: Եթե դաշնակցությունը որոշել է Ղարաբաղի հետ սեպարատ ծրագիր մշակել, նշանակում է՝ կոալիցիայում Ղարաբաղի հարցով նրա տեսակետը հաշվի չեն առնում: Եւ դաշնակցությունն զգացել է մեկուսացման վտանգը, որը փորձում է կանխել՝ Ղարաբաղը ներքաշելով իր ոչ ադեկվատ քայլերի «ծիրեն ներս»: