13.02.2018 13:33

Մերկելը պատրաստ է մնալ մինչև 2021 թվականը

Մերկելը պատրաստ է մնալ մինչև 2021 թվականը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել կառավարության ղեկավարի պաշտոնում չորրորդ ժամկետում: «Ես այնպիսի մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր կատարում են իրենց խոստումը»,- ասել է նա ZDF հեռուստատեսության եթերում:

Ընդ որում՝ տիկին Մերկելին չի շփոթեցնում այն, որ կոալիցիա կազմելու բանակցությունների ընթացքում ինքն ստիպված է եղել նշանակալի զիջումների գնալ սոցիալ-դեմոկրատներին և նրանց տալ առանցքային պաշտոններից մեկը՝ ֆինանսների նախարարի պորտֆելը:

«Ֆինանսների նախարարության հետ կապված իրավիճակը, իհարկե, ցավոտ է մեր կուսակցության համար: Սակայն իմ կարծիքով՝ դա ընդունելի է,- հայտարարել է Մերկելը:- Ընդհանուր իրավիճակը գնահատելով՝ ես կարող եմ ասել, որ մենք պահպանել ենք կարևոր պաշտոնները: Ներքին անվտանգությունը մնում է մեր վարույթում, ինչպես նաև ինտեգրացիան, բնակարանային տնտեսությունը, էկոնոմիկայի հարցերը»:

Փետրվարի 26-ին Քրիստոնյա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) Բեռլինում համագումար կանցկացնի, որում կուսակցական պատվիրակները կքվեարկեն կոալիցիոն պայմանագիրը: Այնուհետև փաստաթուղթը պետք է ընդունեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմնակիցները: Քվեարկությունը նախատեսված է մարտի 4-ին: Եթե այն ձախողվի, ապա Գերմանիայում նոր ընտրություններ կլինեն: Քվեարկության դրական ելքի դեպքում ԳԴՀ նոր կառավարությունը կարող է ձևավորվել մինչև ապրիլ, իսկ Անգելա Մերկելը չորրորդ անգամ կզբաղեցնի կանցլերի պաշտոնը՝ մինչև 2021 թվականը:

Փոխանցում է euronews-ը: