13.02.2018 13:45

Ծեծ, ապտակ, հրմշտոց ավագանու նիստում. Տեսանյութ

Երեւանի ավագանու նիստն այսօր անցավ աննախադեպ պայմաններում. հրմշտոցով, հարվածներով եւ հայհոյանքներով:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Նուբարաշենի ՔԿՀ հարակից տարածքից բերված կոյուղաջրերով անոթները ձեռքին փորձեց մոտենալ Տարոն Մարգարյանին:

Հիշեցնենք, որ ՔԿՀ հարակից տարածքի բնակիչները բողոքում են, որ բանտի կոյուղին պայթել է, եւ այն չի վերանորոգվում, ինչի արդյունքում բանտի կոյուղաջրերը թափվում են իրենց հարակից տարածք՝ գարշահոտություն տարածելով իրենց տներով եւ դառնալով ամենատարբեր ինֆեկցիաների աղբյուր:

Երբ Խաչատրյանը մոտենում էր Տարոն Մարգարյանին, վերջինս «դեմը առ, դեմը առ» ասելով սկսեց հեռանալ նիստը վարողի համար նախատեսված ամբիոնի մոտից, ու Խաչատրյանին մոտեցան ավագանու ՀՀԿ-ական անդամներ, ինչպես նաեւ քաղաքապետարանի խոսնակ Արթուր Գեւորգյանը: Նրանք սկսեցին քաշքշել կնոջը, ապա միացան մյուս հանրապետականները, այդ թվում Գոռ Վարդանյանը, իսկ Տարոն Մարգարյանն էլ իր թիմակիցների թիկունքից սկսեց հաթաթաներ տալ ակցիա անող կնոջը, ով անընդհատ գոռում էր, որ սա Նուբարաշենի բանտի հարակից տարածքի բնակիչների նվերն է ավագանու անդամներին: Կնոջը քաշելով սկսեցին հանել դահլիճից դուրս, ընթացքում ավագանու անդամներից մեկը ապտակեց Խաչատրյանին: Բավականին երկար տեւած այդ հրմշտոցի ժամանակ ավագանու ՀՀԿ-ական տղամարդ անդամները ուղղակի քաշքշում էին Խաչատրյանին, ինչից հետո նիստն ընդմիջվեց, հանրապետականներն էլ ոստիկաններ կանչեցին:

Որոշ ժամանակ անց ՀՀԿ-ականների հետ նորից աչքի ընկավ քաղաքապետարանի խոսնակը, ով րոպեներ շարունակ բավականին կոպիտ ձեւով փորձում էր դուրս հրավիրել լրագրողներին դահլիճից՝ հայտարարելով, թե ընդմիջում է, լրագրողները պետք է դուրս գան:

Մանրամասները «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում: