13.02.2018 14:04

«Սաակաշվիլիին Լեհաստան տեղափոխած ինքնաթիռը Պոռոշենկոյի հետ կապ չունի»

«Սաակաշվիլիին Լեհաստան տեղափոխած ինքնաթիռը Պոռոշենկոյի հետ կապ չունի»

Ուկրաինայի նախագահի վարչակազմը հերքել է պատգամավոր Իգոր Լուցենկոյի հայտարարությունն այն մասին, թե այն ինքնաթիռը, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Լեհաստան, պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին:

«ժողպատգամավոր Իգոր Լուցենկոն Պյոտր Պոռոշենկոյին է վերագրել այն ինքնաթիռը, որը Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել է Լեհաստան: Ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել և լրագրողներին կոչ եմ անում ստուգել այդ կեղծ լուրը ու չտարածել այդ անհեթեթությունը: Այդ ինքնաթիռն այնքան հեռու է Պոռոշենկոյից, որքան Վրաստանի նախկին նախագահը՝ իր հայրենիքից»,- Facebook-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ինֆորմացիոն քաղաքականության բաժնի վարիչ Վլադիմիր Գորովենկոն:

Վերջինս հավելել է, թե ուկրաինական իշխանությունը Սաակաշվիլիին փրկել է վրացական արդարադատությունից, որը հեռակա նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման:

Փոխանցում է Interfax-ը: