13.02.2018 15:12

Լիզա Ճաղարյան. Գարշահոտը ձեր հոգիներում է, պարոնտարոններ

Լիզա Ճաղարյան. Գարշահոտը ձեր հոգիներում է, պարոնտարոններ

-Դեմը ա՛ռ, դեմը ա՛ռ։

Ու՞մ «դեմը»։ Ինչու՞ էր սարսափից կապտած քաղաքապետն օգնություն աղերսում։ Ի՞նչ զարհուրելի բան էր կատարվում Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում։ Ահաբեկիչների զինված խու՞մբ էր ներխուժել, ինչ-որ մեկը ռումբը ձեռքին սուրում էր դեպի թանկագին պարոն Տարոն Մարգարյա՞նը։

Ոչ։ Եղած-չեղածը կոյուղաջուր էր փոքրիկ տարաների մեջ։ Ա՛յն կոյուղաջուրը, որի գարշահոտը տարիներ շարունակ շնչում են Նուբարաշենի բնակիչները։ Ա՛յն գարշահոտը, որի պատճառը քաղաքապետարանի անտարբերությունն է բնակիչների բողոքների նկատմամբ։ Ընդամենը հարկավոր էր վթարված կոյուղատարը վերանորոգել։ Չե՛ն վերանորոգում։ Եվ «Երկիր ծիրանիի» կանայք որոշել էին այդ կոյուղաջրից նվիրել Երեւանի քաղաքապետին ու նրա մանկլավիկներին։

Ծափահարում եմ։ Հրաշալի ակցիա էր. մի քիչ էլ դուք շնչեք այս գարշահոտը, որ պատկերացնեք Նուբարաշենի բնակիչների վիճակը։

Ի՞նչ պետք է աներ այս դեպքում պարոն Տարոնը։ Պետք է հարցներ՝ ի՞նչ նպատակով է դահլիճ բերվել կոյուղաջուրը, ակցիայի մասնակիցները կպատասխանեին, թե ինչու։ Պարոն Տարոնն աչքերը ճպճպացնելով կլսեր՝ իբր ցնցված է այդ նորությունից, ինքը տեղյակ չէր, որ Նուբարաշենում վթարված կոյուղատար կա, շնորհակալություն կհայտներ իրեն տեղյակ պահելու համար, կխոստանար, որ անպայման կզբաղվի այդ խնդրով, կխնդրեր իր մանկլավիկներից մեկին, օրինակ՝ Գոռ Վարդանյանին, որ այդ տարաները դահլիճից հանի, ու նիստը կշարունակվեր։

Ու չէր կատարվի այն խայտառակությունը, որի ականատեսը դարձանք բոլորս, որովհետեւ, ըստ պարոն Տարոնի, «Երկիր ծիրանիի» արածը «անբարոյականություն» էր։

Ինչու՞ էր անբարոյականություն, պարոն Տարոն։ Մի քանի վայրկյան խախտվե՞ց ձեր հովվերգությունը, ձեր նրբանրբին քթանցքերին կոյուղաջրի գարշահոտ դիպած չկա՞ր։ Դե չկար-չկար, մի քանի րոպե շնչեիք էդ օդը, որ հասկանայիք նուբարաշենցիների վիճակը։

Չէ, պարոն Տարոնն ազդարարեց, որ կատարվածն անբարոյականություն է, եւ ավագանու կատարը սրած խորոզները գործի անցան։ Քննություն էին տալիս, թե ով առավե՛լ շատ է նվիրված պարոն Տարոնին, ու՛մ կենդանական բնազդներն են առավել ցայտուն արտահայտված։ Ու սկսեցին քաշքշել ու ծեծել «վտանգավոր հանցագործներին»։ Մի քանի կին էին «հանցագործները», ու մի թաբուն հանրապետական՝ նրանց դեմ-դիմաց։ Մեկն էլ՝ կարատեիստ։ Անունը Գոռ Վարդանյան։ Հենց է՛ն, որ իր սիրելի շրջապատի մասին «ֆիլմ-շեդեւր»-ներ է արտադրում։ Հենց է՛ն, որ տարիներ առաջ որպես աննման մարզիկ հայտնվել էր ֆրանսիական հանրահայտ «Ֆորդ Բոյարի» մրցույթում, ու թե ինչպիսի մարզիկ էր՝ ողջ Հայաստանը տեսավ ու իր փոխարեն ամոթից գետինը մտավ։ Ահա այս Գոռ Վարդանյանը վերջապես ասպարեզ էր գտել իր «տորքանգեղյան» ուժը ցուցադրելու։ Ու ցուցադրեց։ Ծեծեց, քաշքշեց ըմբոստ կնոջը, ու երեւի «դեմն առնելու» ճակատամարտի «արիության» մեդալը հենց սրա դոշից կկախի պարոն Տարոնը։

Գարշահոտը ձեր հոգիներում է ախր, պարոնայք ու տիկնայք հանրապետականներ։ Կոյուղաջրի գարշահոտն անմեղ բան է ձեզանից փչող գարշահոտի դիմաց։