15.02.2018 08:45

«Ռեալը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

 «Ռեալը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»․ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

Զինեդին Զիդանի սաները շատ ակտիվ սկսեցին խաղը՝ հյուրերին սեփական կիսադաշտից դուրս գալու մեծ հնարավորություններ չտալով, սակայն չկարողացան արագ գոլ խփել և առաջինը բաց թողեցին։ 33-րդ րոպեին վերահսկողությունից դուրս մնացած Ադրիեն Ռաբիոն, արագ արձագանքելով մրցակցի սխալին, առաջ մղեց իր թիմին։ Խաղակեսի վերջնամասում «Ռեալը» վերականգնեց հավասարությունը։ 45-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Լո Չեսլոն խախտեց Թոնի Կրոսի նկատմամբ կանոնները, և Ալֆոնս Արեոլայի պաշտպանած դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։

 

Երկրորդ կեսում ավելի հաջող մեկնարկեցին հյուրերը, սակայն վերջնամասում Զինեդին Զիդանը փոխարինումների միջոցով ակտիվացրեց խաղը, ինչն էլ բերեց հաղթական արդյունքի։ 83-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, իսկ 3 րոպե անց փոխարինման դուրս եկած Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Մարսելոն։

Պատասխան հանդիպումը կայանալու է Փարիզում, մարտի 6-ին:

«Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ՝ 3:1
0:1՝ Ռաբիո, 1:1՝ Ռոնալդու, 2:1՝ Ռոնալդու, 3:1՝ Մարսելո