15.02.2018 12:38

Գեւորգ Նալբանդյան. Շրջան է փակվել

Գեւորգ Նալբանդյան. Շրջան է փակվել

Հայաստանում Իրանի դեսպանը մի քանի ենթատեքստային հայտարարություն է արել: Փարձագետները եւ մեկնաբանները ճիգ են անում հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում: Արձագանքները հիմնականում ցավոտ են: Կարծես չուզենալով, այնուամենայնիվ՝ արձանագրվում է, որ Իրանի համար Հայաստանը, կարծես, չունի այն կարեւորությունը, ինչի մասին ավելի քան երկու տասնամյակ է՝ գրում է հայկական մամուլը:

Իրականում արտառոց ոչինչ չկա: Իրանը, ինչպես ցանկացած այլ երկիր, գերակա է տեսնում իր ազգային շահը եւ, ըստ այդմ էլ՝ հարաբերություններ կառուցում: Հայկական փորձագիտական շրջանակների անհանգստության պատճառն իրանա-ադրբեջական խորացող ինտեգրացիան է: Մարտին սպասվում է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները կգործարկեն Աստարա-Աստարա երկաթուղին: Այդ նախագծին կմիանա նաեւ Ռուսաստանը: Քննարկվում է Բաքու-Կարս գծին Իրանի միանալու հնարավորությունը: Այդ դեպքում օրակարգից դուրս է մնում Հայաստանով Պարսից ծոցը Սեւ ծովին միացնող տրանսպորտային միջանցքի տեսլականը: Բայց ամեն ինչը ոչ միայն սպասելի, այլեւ կանխատեսելի էր: Այստեղ արդեն զգացմունքները եւ մանվածապատ ենթադրությունները ոչ մի դեր չունեն: Փակվում է հայ-իրանական հարաբերությունների մի շրջանը, որը հայկական կողմի համար լի էր սպասումներով: Բայց դրանք իրականության եւ քաղաքական ստույգ հաշվարկի հետ հեռավոր իսկ առնչություն չունեին:

Երբ սթափ քաղաքական ուժերը կանխագուշակում էին նման հեռանկար, ռոմանտիկները հակադարձում էին հայ-իրանական քաղաքակրթական ընդհանրության, դարավոր բարեկամության, Իրան-թուրքական աշխարհ հակասությունների մասին մտավարժանքներով: Իրականում, մինչդեռ, հայ-իրանական հարաբերությունները կարող են լինել բարիդրացիական, բայց երբեք՝ ռազմավարական համագործակցության մակարդակի:

Կա մի սահման, որից այն կողմ Իրանը կաշկանդված է բազմաթիվ հարցերով: Այդ թվում եւ առաջին հերթին՝ ներքաղաքական իրավիճակով եւ իսլամական համերաշխության հանգամանքով: Տնտեսական եւ կոմունիկացիոն հարցերում, կարծես, եկել է ճշմարտության պահը: Բայց կա ամենակարեւորը. չպետք է պատրանքներ տածել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի մոտեցումը կարող է ավելին լինել, քան հնչեցվում է պաշտոնապես: Եւ որպեսզի հիասթափությունն ավելի խորը եւ ցավալի չլինի, այսօր պետք է հստակ գիտակցել, որ հայ-իրանական հարաբերություններում ռոմանտիկ սպասումների շրջանի փակմանը պետք է հաջորդի կողմերի միջեւ բացառապես պրագմատիկ երկխոսությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր չկորցնել ունեցածը եւ նախանշել հարաբերությունների զարգացման նոր հեռանկար: