15.02.2018 13:11

Սոբչակը դատարանում վիճարկում է Պուտինի առաջադրումը

Սոբչակը դատարանում վիճարկում է Պուտինի առաջադրումը

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը հայցադիմում է ներկայացրել Գերագույն դատարան՝ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածության գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Հայցը քննարկվելու է փետրվարի 16-ին, սակայն իրավաբաններն արդեն իսկ դրա բավարարման շանսերը զրոյական են գնահատում:

Հայցադիմումում Սոբչակը նշում է, որ իր իրավաբանների կարծիքով՝ Պուտինն առաջադրվելու իրավունք չունի, քանի որ բազմիցս զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Բացի այդ՝ նա 1999 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թ. մայիսի 7-ը կատարել է պետության ղեկավարի պարտականություններ, ասվում է փաստաթղթում:

Սոբչակը նաև նշում է, որ Պուտինը պայմանավորվել է Դմիտրի Մեդվեդևի հետ «ՌԴ նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնելու և պայմանավորված ժամկետն ավարտելուց հետո այն վերադարձնելու» վերաբերյալ: Սոբչակն այդ պայմանավորվածությունը անվանում է «իրավունքի չարաշահում՝ օրենքը շրջանցելու միջոցով»:

ԿԸՀ-ն շատ արագ արձագանքել է այս հայցադիմումին: ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բելուևը նշել է, որ այդ հարցով արդեն կա դատարանի որոշում: «Կա միանշանակ պատասխան. այս պահին նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի մասնակցության արգելք գոյություն չունի»,- ասել է նա Интерфакс-ին:

Փոխանցում է BBC-ն: