15.02.2018 14:40

Դպրոցում պայթուցիկ պահող «կինոյի տղու» մոտիվների ու հոգու մութ խորշերի մասին

Դպրոցում պայթուցիկ պահող «կինոյի տղու» մոտիվների ու հոգու մութ խորշերի մասին
Լուսանկարը՝ Գոռ Վարդանյանի դատական նիստից (c) Ankakh.com

Երեւանի քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած «կոյուղաջրային» պատմության առանցքային դերակատարներից մեկը դարձավ քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Նա բռնի ուժով ավագանու նիստերի սենյակից դուրս հանեց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին, որը փորձում էր Տարոն Մարգարյանին հասցնել Նուբարաշենից բերած կոյուղաջրերի նմուշը: Ավելի ուշ Գոռ Վարդանյանը հայտարարեց, որ բիրտ ուժ է կիրառել «անվտանգության նկատառումներից ելնելով», քանի որ Խաչատրյանի ձեռքի սրվակի մեջ կարող էր թունավոր նյութ լինել:

Այսօր թերեւս քչերը կհիշեն, որ «անվտանգության  հարցերով փորձագետ» ներկայացող Գոռ Վարդանյանը, որը համատեղության կարգով նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդականն է մշակույթի հարցերով, դեռ երկու տարի առաջ մեղադրվում էր Երեւանի կենտրոնում գտնվող դպրոցի շենքում մեծ քանակությամբ ապօրինի զինամթերք՝ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր եւ էլեկտրադետոնատորներ պահելու մեջ:

2014 թվականի դեկտեմբերի 22-ին Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի առնչություն ունենալով «Դուքենդո հայկական ֆեդերացիա» անվամբ հասարակական կազմակերպության գործունեության հետ (Գոռը ֆեդերացիայի հիմնադիր նախագահն էր), քննությամբ չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երեւանի Պուշկինի դպրոցում մինչև 2014-ի մարտի 2-ը՝ մինչեւ ոստիկանության կողմից հայտնաբերվելը, պահել է ինքնաձիգի, գնդացիրների փամփուշտներ, 89 հատ էլեկտրադետոնատոր, պայթուցիկ այլ բազմաթիվ նյութեր:

Զուգահեռաբար, Վարդանյանը ներգրավված էր «Կայարանցի Թեւոսիկ» անունով հայտնի քրեական հեղինակության եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի դրվագներից մեկում (մասնավորապես, պատվերով սպանություն կատարողը Վարդանյանի մարտարվեստի դպրոցի անդամներից էր):  

Ուշագրավ է, որ դերասան-կարատեիստ Վարդանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, չնայած որ, կրկնենք, ըստ գործի, մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էր պահվել Երեւանի ամենաբազմամարդ դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում: Ի դեպ, ավելորդ չէ նշել նաեւ, որ նույն տարիներին դպրոցում էին սովորում ՀՀ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մի շարք մարդկանց (այդ թվում՝ Սերժ Սարգսյանի) երեխաները կամ թոռները: 

Մեղադրանքի հարուցման առաջին օրերին մամուլում տարածվեց տեղեկություն, թե իբր Գոռն ու իր ընկերները զենք-զինամթերքը ձեռք են բերել ֆիլմերի նկարահանումների ժամանակ օգտագործելու նպատակով: Սակայն դատական արձանագրություններից պարզ է դառնում, որ նշված զինամթերքը պահելու համար Վարդանյանն ու իր խումբը թույլտվություն չեն ստացել ո՛չ ՀՀ ԱԱԾ-ից, ոչ ոստիկանությունից, ոչ ԼՂՀ նույնական կառույցներից, իսկ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչությունից տեղեկացրել են, որ «Ճակատագիր» ֆիլմի նկարահանման համար Գոռ Վարդանյանին հատկացվել է ընդամենը 3000 հատ 5,45 տրամաչափի անգնդակ (փուչ, «խալաստոյ») փամփուշտ:

Սակայն ամենաուշագրավն այս գործում դրա հանգուցալուծումն էր. դատական քննության փուլում, երբ թվում էր, թե ոչինչ չի կարող խանգարել մեղադրական վճիռ կայացնելու, 2016-ի մայիսի 27-ի նիստում պետական մեղադրող Արամ Արամյանը հանկարծ հայտարարեց, որ հրաժարվում է Արմեն Գարիկի Վարդանյանին (Գոռ Վարդանյանի իսկական անունը-խմբ.) առաջադրված մեղադրանքից և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց։ 
Դատավոր Ա. Բեկթաշյանը, հղում անելով օրենսդրության պահանջին ու միջազգային փաստաթղերին, արդարացման դատավճիռ կայացրեց:

Նախ՝ նշենք, որ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ դատաքննության ընթացքում թե՛ իրավապահները, թե՛ դատավորն ու տուժողի ներկայացուցիչները հստակ համոզմունք ունեին, թե ով եւ ինչպես է կազմակերպել ու իրականացրել սպանությունը: Մինչդեռ, մեղադրական կողմի հրապարակած ապացույցները բավական սահմանափակ են. տպավորություն կա, որ մեղադրողը կաշկանդված է եղել ապացույց հրապարակելու հարցում:

Ինչեւէ, արդեն 2017-ին «ռեաբիլիտացված» Գոռ Վարդանյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետի խորհրդական՝ մշակույթի հարցերով: Թե ինչով էր պայմանավորված նման շրջադարձը, կարելի է միայն գուշակել:  

Պանդուխտ Արարատյան