16.02.2018 12:51

Արսեն Գրիգորյան. Թարս խիյարի աստեղային ժամը

Արսեն Գրիգորյան. Թարս խիյարի աստեղային ժամը

Արտասահմանյան գրականության դասաժամերը ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում տարեկան կտրվածքով կկրճատվեն՝ 7 կիսամյակի փոխարեն 1,5 կիսամյակ: Փոխարենն ավելացվելու են օտար լեզուների ուսուցման դասաժամերը:

Թվում է՝ ի՞նչ կա որ: Հատկապես որ օտար գրականության գրքերը չեղյալ չեն համարվում: Այսինքն, գրքերի արժանապատվությանը դիպչող չկա, դրանք վառելու պետական որոշում չկա:

Եթե լավ գիրքը կա, այն չես կարող վերացնել վատ գրելով կամ չգրելով: Եթե «Համլետը» կա, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը բազմահատոր պոեմներ էլ գրի, «Համլետը» չի արժեզրկի: Սակայն ի՞նչ է դասաժամը բուհում: Մասնավորապես՝ գրականության դասաժամը: Լեզուն շահ է (ինքնին շահ չէ, այլ որպես ապրելու այլ միջոց չառաջարկող եւ չխրախուսող պետության մեջ՝ գոյության միջոց): Ենթադրենք՝ սովորում եմ կխմերերեն, որպեսզի աշխատանք գտնեմ Կամբոջայի դեսպանատանը: Էկզոտիկ լեզու է, գնահատող կգտնվի: Անգլերեն սովորողների մեծ մասը լեզվին չի մերձենում Ռոբերտ Ֆրոսթի կամ Ուինսթըն Հյու Օդենի պոեզիայով: Նա դա անում է, ասենք, Թոյֆըլով, որն, այսպես ասենք, բարձրագույն կամ ամբողջական անգլերենի դասընթաց է: Լեզվի շահը տվյալ լեզվով գրված գրականության վրա չի տարածվում: Փնտրածդ կիրառական է հորիզոնական տարածության վրա:

Գրականության շահը այդպիսին չէ: Գրականության դասաժամը տեքստի երկկողմանի իմաստավորում է, նույնիսկ եթե խոսում է միայն մեկը: Եթե ձեռքդ վերցրել ես Կամյուի «Անկումը», հաստատ ավելի հեռու ես գնալու, քան այն քեզ կտանի: Այդպիսին է հանճարեղ գիրքը: Որովհետեւ գիրքը շարունակում է մեզ: Երբեմն այդ շարունակության համար ժամանակ է պետք: Դա հայ ժողովրդի պատմություն չէ, որի մասին ամբողջ «ճշմարտությունը» գիտես ծնված օրից, քանի դեռ Չարենցի «Երկիր Նաիրին» կամ «Մահվան տեսիլն» աչքովդ չի ընկել: Գիրքը քո պատմությունը չէ, որովհետեւ ինքը սկսվում է ոչ միայն կարդալուց, ոչ միայն իմանալուց, ոչ միայն մեկնաբանությունից, ոչ միայն քո կյանքում նրա տեւական ազդեցությունից, գիրքը սկսվում է, երբ ինքդ ես սկսվում նրանից:

Կարելի էր կարծել, թե ո՞վ է խանգարում ուսանողին առանց արտասահմանյան գրականության դասաժամերի կարդալ արտասահմանյան գրականություն: Ոչ ոք: Բայց ուսանողը դասաժամերի ընթացքում գործ ունի ընկալման մեթոդիկայի հետ, ինքը սիրողից դառնում է արհեստավարժ: Ո՞վ է պատասխան տալու, եթե արհեստավարժի նրա ծարավը չհագեցավ: Ինչու՞ է գրականությունն այսքան խոցելի: Որովհետեւ գրականությունը  մարդուն ձեւավորում է մանրամասնորեն, իր մեջ արդեն իսկ մարդ ստանալու մեթոդիկա կա, իսկ դա տոտալիտար երկրների համար վտանգավոր գործ է: Իշխանությունը, առավելեւս՝ Լեւոն Մկրտչյանը, սա չի խոստովանի: Կա վտանգ, որ գրականությունով է պետությունը դառնում պետություն, ինչպե՞ս դա թույլ տալ: Անտառներից հանքեր ստանալու նույն քաղաքականությունն է, ինքն իր համար կանգնած ծառը պետությանն ի՞նչ: Վաճառես, քոռ կոպեկ չես ստանա: Բայց նրա տակ գտնվող մի քանի միլիգրամ ոսկին փող է: Լեզուն այսօր փող է: Լեզվի հետեւից վազող ուսանողը վաղվա փողն է, բայց նա չի վազում լեզվի հետեւից, որ բնագրով կարդա Գաբրիել Գարսիա Մարկեսին: Լեզուն նրա ոսկին է, որը նա պետք է վաճառի, իսկ գրականությունն անտառն է, որից շահ չկա, կամ այդ շահը մեծ չէ: 

Սարսափելի է, որ նման առաջարկի հեղինակը համալսարանի գիտխորհուրդն է, ինչպես պնդում է արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը: Սարսափելի է ինքնին, որ նման առաջարկը հնարավոր է: Հյուսիսային Կորեայում էլ դեմ չեն լեզուների ուսումնասիրությանը, բայց այնտեղ էլ մեր ԵՊՀ-ի նման չի խրախուսվում օտար լեզվով գրված գրականության իմաստավորումը: Արտասահմանյան գրականության հանդեպ նման վերաբերմունքն առաջին հերթին հարվածելու է թարգմանական գրականությանը: Իսկ դա, իր հերթին, անիմաստ կդարձնի լեզուների ուսուցումը: Ահա այսպես է, դասականի բառերով ասած՝ խիյարը թարս աճում: