16.02.2018 13:24

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից). Sut.am

SUT.am կայքը նոր հետաքննություն է ներկայացրել՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի մասին: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ահազանգեր են հնչել, որ պոչամբարից արտահոսք կա Դեբետ գետ:

Եւ ահա, ըստ հետաքննության, կայքի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը, եւ արդյո՞ք խնդիրը լուծված է։ Ըստ հեղինակների, տեղում պարզել են, որ անգամ անզեն աչքով՝ պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական եւ պատկերավոր ներկայացնելու համար թիմի անդամները անօդաչու սարքի օգնությամբ նկարահանումներ են կատարել օդից:

«Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչեւ Դեբեդ (մոտ 1600 մետր):

Ավելին, լուսանկարներում հստակ երեւում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրեւը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով եւ ձեւավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից եւ հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաեւ ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը)»,- նշում են հետաքննության հեղինակները:

Նրանք նաեւ հիշեցնում են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ եւ այլ ծանր մետաղներ: Այս նյութերը ոչ միայն լուրջ վնաս են հասցնում գետի ջրային էկոհամակարգին, այլեւ խախտում են դրա նորմալ կենսագործունեությունը։ ՀՀ Քրեական օրենսգիրքի 281-րդ հոդվածը սահմանում է, որ շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը (եթե դա հանգեցնում է ծանր հետեւանքների) պատժվում է մինչեւ 5 տարվա ազատազրկմամբ:

Sut.am