16.02.2018 15:23

Լիզա Ճաղարյան. Եվ «որտեղի՞ց արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ»

Լիզա Ճաղարյան. Եվ «որտեղի՞ց արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ»

Հայտնի դեպքից հետո «կնանիքին չի կարելի տփել» միտքն այնքան հոլովվեց ու խոնարհվեց, որ արդեն այս հույժ «կնանիքապաշտական» դատողություններից էլ է կոյուղաջրի հոտ փչում։

Այս ամենակարող տղամարդիկ, որոնց թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ, այս ուժեղ տղամարդիկ, որոնք եթե ուզենան՝ կտան կսպանեն թույլիկ «կնանիքին», բայց «մեծահոգաբար» չեն «տփում» ու չեն սպանում, մեջլիս են դուրս եկել ու քննարկում են՝ կանանց կարելի՞ է ծեծել, թե չի կարելի։ Իսկ եթե կարելի է ծեծել, ապա ինչպիսի՞ կանանց։ Դե իհարկե, էն ոչ հայեցիներին։ Բա հայեցի կնիկը կոյուղաջուրը կմոտեցնի տղամարդու քթի՞ն, բա մեր պապերի ժամանակ հայեցի կնիկը սկեսրայրի ոտներն էր լվանում, ջուրն էլ խմում, էս ու՞ր ենք հասել... Բաաաաաաաայց մեկ է, ինչ էլ լինի՝ կնանիքին պետք չի տփել, տղե՛ք ջան։

Իսկ հիմա եկեք ետ դառնանք ու վերհիշենք, թե ինչ կատարվեց այդ օրը քաղաքապետարանում, եւ ինչն էր այս «մի կաթիլ մեղրի» պատճառը։ Միակ պատճառն այն էր, որ Երեւանի քաջարի տղամարդ քաղաքապետը լեղաճաք եղավ ու օգնություն աղերսեց իր նման քաջարի տղամարդկանցից։ Դե, նրանք էլ «օգնեցին» սեփական ուղեղի ծալքերին համապատասխան, որպեսզի իրենց հացուջուր տվող Տարոնի լեղին չճաքի վախից։ Հետեւությունը պարզից պարզ է. քաղաքապետարանի պատերի ներքո ծավալված ճակատամարտի գլխավոր մեղավորը Տարոն Մարգարյանն է. եթե այս պարոնն իրեն իրո՛ք տղամարդու պես պահեր, պետակա՛ն այրի պես պահեր, ապա ավագանու անդամ Մարինայի ձեռքի «սարսափազդու» տարան անվնաս կհանգրվաներ նրա սեղանին, ոչ թե պարունակությունը կթափվեր գետնին, ինչին էլ հաջորդեց «էս ընդհանուր աղետը մեծ»։

Ավելին, քիչ թե շատ նորմալ երկրում այս դեպքից հետո քաղաքապետը սուսուփուս հրաժարական կտար անսպասելի իրավիճակներում կողմնորոշվելու անընդունակության համար եւ հենց թեկուզ այն պատճառով, որ ողջ մայրաքաղաքը տեսավ՝ իր քաղաքապետը վախկոտի մեկն է։

Հայաստանի տղամարդկանց մի գերակշիռ հատված շատ թյուր պատկերացում ունի առնականության մասին, եւ այս միջադեպն ավելի ընդգծեց այդ գաղջ իրողությունը։ Սրանց կեսը խորապես հավատացած է, որ կանանց ծեծելը, նվաստացնելը, դագանակը նրանց գլխին օրուգիշեր տարուբերելն առնականության հաստատման կարեւորագույն պայմաններից է (ողբամ զձեզ), մյուս հատվածն էլ գլուխը տարուբերում է՝ դե չէէէ, տղերք, չարժի, մեղք են (Ըզձեզ առավել ողբամ), ու օրական մի քանի անգամ հայելու առաջ հմայվում է իր «մեծահոգի» կերպարանքով, որովհետեւ չի դադարում զարմանալ, որ ինքն այդքան լավն է, տեսեք ու հիացեք՝ չի ծեծում իր կնոջը, առավել եւս՝ այլոց կանանց։

Եվ միայն այս հիվանդոտ մտածողությունն է պատճառը, որ առաջին պլան մղվեց «կնանիքին չի կարելի տփել» բանավեճը, եւ այստեղից-այնտեղից մեկումեջ հնչող «իսկ տղամարդկանց կարելի՞ է ծեծել» հարցը խեղդվեց ժխորի մեջ։

Ինչու՞։

Որովհետեւ խնդիրն իջեցվեց «ընտանեկան օջախի» մակարդակին։ Նուբարաշենի բնակիչներին անհանգստացնող գրեթե վեցամյա ահազանգերը վարպետորեն խցկեցին «հայկական ավանդական» խոհանոց, մոռացվեց, որ քաղաքապետարանը պետական կառույց է, որտեղ կինն էլ է պետությանը ծառայում, տղամարդն էլ՝ հավասար իրավունքներով։ Մոռացվեց, որ ավագանու մի փոքրիկ խումբ անդամներ ոմանց համար անընդունելի (օ՛հ-օ՛հ), ինձ համար՝ շա՛տ ընդունելի ճանապարհով սրել են իրավիճակը, որ անլուծելի դարձած խնդիրը վերջապես լուծվի։ Ու պատկերացրեք՝ արդյունքի հասան։ Հենց հաջորդ օրվանից Նուբարաշենում տեխնիկա հայտնվեց, ու սկսվեց խողովակաշարի վերանորոգումը։ Եվ դրան հաջորդած կմկմոցները, թե՝ մենք վաղուց էինք ձեռնարկել էս գործը, ընդամենը ծիծաղ են հարուցում, եթե դեռ չենք հասցրել մոռանալ, որ այս խնդիրը հինգ-վեց տարի չէր լուծվում ու չէր լուծվում։

Եվ հիմա ի՞նչ են մտադիր անել այս շատ ուժեղ տղամարդիկ։ Դատարանների դռներն ընկած՝ «գործ են սարքում» ընդդեմ ավագանու այն անդամների, որոնք ժամանակ առ ժամանակ ճահիճը փորփրում են։ Հանրապետականներից մեկին հիվանդանոց են «գցել» (շատ ուժեղ տղամարդ է, բայց կոյուղաջրի գարշահոտից վիճակը ծանրացել է), մյուսն էլ երեւի շուտով անալիզներ կտա, ու կպարզվի, որ ստամոքսի խոց է «վաստակել» այդ կոյուղաջրի պատճառով, երրորդն էլ, կպարզվի, կորցրել է երեխա ունենալու ունակությունը։

Ես հավատում եմ, որ այդպես էլ կա։ Եվ զանազան հիվանդությունների պատճառ դարձած, ավագանու անդամներին հիվանդանոցներ քարշ տվող այդ կոյուղաջրի գարշահոտի պայմաններում Նուբարաշենի բնակիչներն ապրում են երկար ու ձիգ տարիներ։

Եվ եթե սրա համար դատվողներ պետք է լինեն, ապա՝ միմիա՛յն Երեւանի քաղաքապետն ու իր «քառասուն ավազակները»։

Աններելի, հանցագործ անտարբերության համար։