16.02.2018 18:01

Անկարայում հակաամերիկյան ցույցի դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Անկարայում հակաամերիկյան ցույցի դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հակաամերիկյան ցույցի մասնակիցների նկատմամբ, РИА Новости-ին տեղեկացրել է ցույցը նախաձեռնած՝ թուրքական ընդդիմադիր «Հայրենիք» (Vatan) կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը:

Բողոքի ցույցի առիթը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցն է Անկարա: Նախօրեին պետքարտուղարը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այսօր Թիլերսոնը հանդիպել է ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի հետ:

Ցուցարարների կարծիքով՝ 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում բազմաթիվ ահաբեկությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ը, որը նաև աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում: «Բոլոր սպառնալիքները, որոնց բախվում է Թուրքիան՝ թե քաղաքական, թե տնտեսական և թե միջազգային, այդ ամենի ետևում կանգնած է ԱՄՆ-ը: Մենք բողոքում ենք այդ իմպերիալիստական ճնշման դեմ»,- ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը:

Կուսակցության ակտիվիստները հակաամերիկյան կարգախոսներ են հնչեցրել՝ «Կորչե՛ն Քրդստանի բանվորական կուսակցությունը և նրա դաշնակից Ամերիկան», «Ամերիկան մեր զինվորների մարդասպանն է», «Մարդասպա՛ն Թիլերսոն, կորի՛ր Թուրքիայից» և այլն:

Փոխանցում է ria.ru-ն: