16.02.2018 21:35

Զուրաբյան. Հայաստանն ու Վրաստանը պետք է կամուրջ լինեն ՌԴ ու Արեւմուտքի միջեւ

Զուրաբյան. Հայաստանն ու Վրաստանը պետք է կամուրջ լինեն ՌԴ ու Արեւմուտքի միջեւ

Ռուսաստանի եւ Արեւմուտքի կոնֆրոտնացիայի պայմաններում պետք է օգտագործել Հայաստանի եւ Վրաստանի բարեկամական հարաբերությունները՝ ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ կամուրջ կապելու համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ալյանս կուսակցության (ԱԼԴԵ) փոխնախագահ Հենրիկ Մորթենսենի միջեւ:

«Լիբերալիզմը շատ կոնկրետ օրակարգ ունի յուրաքանչյուր երկրում: Արժեքները նույնն են, բայց անելիքները կարող են տարբեր լինել տարբեր երկրներում: Եւ ելնելով դրանից, մենք ներկայացրինք պարոն Մորթենսենին, թե ինչն ենք առաջնահերթ համարում լիբերալիզմի համար Հայաստանում: Մենք համարում ենք, որ ի վերջո լիբերալիզմը առաջին հերթին մարդու իրավունքներն ու ազատություններն են, բայց նաեւ՝ ազատ շուկան եւ ազատ առեւտուրը: Ցավոք սրտի, Հայաստանում ձեռնարկատիրությունը եւ ազատ առեւտուրը հարվածնր են ստանում եւ դրսից, եւ ներսից», - նշեց Զուրաբյանը:

 Նրա խոսքով, դրսից հարվածը տեղի է ունենում ԼՂ հիմնախնդրի լուծված չլինելու պատճառով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակաման տեսքով, եւ դա ուղղակի խեղդում է Հայաստանի տնտեսությունը: Մյուս արտաքին մարտահրավերը Հայաստանի ազատ շուկայի համար, ըստ Կոնգրեսի փոխնախագահի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ խորացող հակամարտությունն է, ինչի պատճառով եւս հայաստանյան առեւտուրը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնում:

Մյուս կողմից, Հայաստանը եւ իր մերձավոր հարեւան ու կարեւոր առեւտրային գործընկեր Վրաստանը հայտնվել են տարբեր, նույնիսկ հակադիր տնտեսական համակարգերում՝ ԵՄ ազատ առեւտրի գոտում եւ ԵԱՏՄ-ում: Երկու տնտեսական միությունները թելադրում են իրենց ստանդարտներն ու մաքսատուրքերը, ինչը բարդացնում է Հայաստանի եւ Վրաստանի արտաքին առեւտուրը եւ վնասում է երկկողմ առեւտրային հարաբերություններին, որոնք մինչեւ այս վեևրջին զարգացումները դինամիկ կերպով զարգանում էին:

«Դրա համար էլ մենք կարեւորում ենք մի պրոյեկտ, որին մենք ասում ենք կամրջել Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ը՝ օգտագործելով Հայաստանի եւ Վրաստանի բարեկմությունն ու առեւտրային հարաբերությունները: Մենք միշտ ասել ենք, Տեր-Պետրոսյանը միշտ ասել է, որ անկախութւան գլխավոր արժեքն այն է, որ կարողանանք հարաբերություններ ունենալ բոլորի հետ: Մենք չենք ցանկանում ճամբարավորվել եւ սահմանափակել հարաբերությունները որեւէ կողմի հետ: Սառը պատերազմի վերածվող այս կոնֆրոնտացիան լուրջ վտանգներ է պարունակում մեզ համար, ուստի մենք առաջարկում ենք ուսումնասիրել այս հնարավորությունը՝ ստեղծելու հարթակ ազատ առեւտրի հմար՝ օգտագործելով Հայաստան-Վրաստան-ԵՄ-ԵՏՄ առանցքը», - ասազ Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, ր Մորթենսենի հետ զրույցում ներկայացվել են Հայաստանի ներսում ազատականությանը սպառնացող մարտահրավերները՝ վերից վար կոռումպացված ռեժիմ, մոնոպոլիզացված տնտեսություն: