17.02.2018 10:00

Պյուելը մեղադրել է «Սիթիին» անհարգալից վերաբերմունքի մեջ

Պյուելը մեղադրել է «Սիթիին» անհարգալից վերաբերմունքի մեջ

«Լեսթերի» մարզիչ Կլոդ Պյուելը հայտարարել է, թե «Մանչեսթեր Սիթին» անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր ակումբի հանդեպ՝ հանկարծակի փորձելով իր կողմը գրավել Ռիյադ Մահրեզին ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման նախօրեին։

Մահրեզի հանդեպ Քաղաքաբնակների հետաքրքրությունն իրոք հանկարծակի էր։ Զրկվելով Գաբրիել Ժեզուսից, իսկ հետո Լերոյ Սանեից, «Սիթիի» ղեկավար Խոսեփ Գվարդիոլան որոշեց ձեռք բերել Ռիյադին, սակայն ակումբները չափազանց քիչ ժամանակ ունեին գործարքը համաձայնեցնելու համար։

Ձախողված տեղափոխությունը հունից հանեց 26-ամյա ալժիրցուն։ Ռիյադն ընկճվեց և միայն 10 օր անց վերադարձավ մարզումներին։ Պյուելը գտնում է, որ Պրեմիեր լիգայի լիդերները շատ տգեղ են վարվել այս իրավիճակում։

«Երբ տրանսֆերային պատուհանի փակվելուց 1-2 օր առաջ սկսում են հետաքրքրվել խաղացողով, ես չեմ հասկանում՝ նորմա՞լ է դա, թե ոչ։ Մենք Ռիյադի պես բարձրակարգ խաղացողներ շատ չունենք։

Որոշ թիմերի համար դժվար չէ փոխարինողներ գտնել իրենց խաղացողների համար։ Սակայն մենք խոշոր ակումբների թվին չենք պատկանում, որոնք մրցաշարային աղյուսակի գագաթին են։ Մեր հանդեպ պետք է ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերեն, մենք այլ ակումբների կողմից արժանի ենք հարգանքի»,- Պյուելին է մեջբերում Daily Mirror-ը։