17.02.2018 15:02

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989

Լույս է տեսել  Աշոտ Սարգսյանի՝ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1988-1989» ստվարածավալ պատմագիտական աշխատությունը (Երեւան, Անտարես, 2018, 656 էջ)։ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Հայ ազգային կոնգրեսի՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք միջոցառումների շարքում նաեւ այս գրքի շնորհանդեսն է։ Ստորեւ ներկայացնում ենք գրքի «Առաջաբանը»։

 

 

 

 

 Խորհրդային Միության դեմոկրատացումը

 սկսվեց հեռավոր Ղարաբաղի լեռներում

Էլեն Կարեր – դ Անկոս (Ֆրանսիական ակադեմիայի նախագահ)

Կոմունիզմի փլուզումը Խորհրդային բլոկի ներսում սկսվեց

ոչ թե Ռուսաստանի սրտում կամ Կենտրոնական

 Եւրոպայումայլ Հայաստանում

Ջոզեֆ Լիբերման (ԱՄՆ սենատոր)

Բեռլինի պատը քանդվեց Լեռնային Ղարաբաղում

Լեւոն ՏերՊետրոսյան

 

Յուրահատկություն ունի պատմաբանի գործը, երբ նա ձեռնամուխ է լինում իր շրջանի պատմության շարադրանքին։ Կարող է թվալ, թե հին շրջանի համեմատ՝ դա ավելի հեշտ է, այն պարզ պատճառով, որ հեղինակը դրան ականատես է եղել, առավել եւս՝ մասնակից, աղբյուրներն առատ են ու մատչելի, կենդանի են տվյալ ժամանակահատվածի դերակատար գործիչները, որոնց կարելի է հարցնել, ճշտել իրողությունները, մանրամասները եւ այլն։ Սրանք, անշուշտ, կարեւոր են։ Սակայն դեռ մինչեւ վերջ չխմորված, «պատմություն չդարձած» ժամանակաշրջանի պատմությունը գրելը նաեւ դժվարություններ ունի։

Հազար, հարյուր տարի առաջվա դեպքերն ու իրադարձությունները, որ արդեն ուսումնասիրվել ու շարադրվել են պատմաբանների կողմից, առանձին հարցեր ենթարկվել են մասնավոր ուսումնասիրությունների, դրանց շուրջ առատ գրականություն է ստեղծվել, ինչ‑որ տեղ միջինացվել, կանոնականացվել, համակարգվել, երբեմն՝ սրբագործվել, ու ստեղծվել է պատմության ինչ‑որ մի ողնաշար։ Եւ որքան էլ պատմաբանը նույն այդ շրջանի ուսումնասիրությունը կատարի նոր աղբյուրների ընդգրկմամբ, նոր հարցադրումներով, նոր դիտանկյունով, անգամ նախորդներին ժխտելով, այնուամենայնիվ, նա արդեն ունի մի առանցք, որը կարելի է նոր ուսումնասիրությամբ հաստատել, լրացնել, փոփոխել, անգամ լիովին մերժել ու կառուցել նորը, եւ բոլոր դեպքերում՝ արդեն եղածը կարեւոր ու օգտակար մի հենակետ է։

Երկրորդ դժվարությունը կապված է այսօրվա ընթերցողի հետ։ Ժամանակաշրջանը, որ պատրաստվում ենք ներկայացնել, ընթացել է այսօրվա սերնդի աչքի առջեւ, շատերի ամենաակտիվ մասնակցությամբ, դերակատարմամբ, եւ ամեն մեկը մտքում ունի նույն այդ շրջանի իր սեփական ամբողջական «պատմությունը»՝ օժտված սեփական տրամաբանությամբ, սեփական համակարգվածությամբ, սեփական գնահատականներով ու եզրահանգումներով, անգամ՝ սեփական ժամանակագրությամբ։ Ուստիեւ՝ ընթերցողին միշտ կարող է թվալ, թե իր օրերի պատմության ամեն մի շարադրանք ընդամենն այդ դեպքերի նույնպիսի սուբյեկտիվ մի ընկալում է ու մեկնաբանություն, ինչպիսին ունի նաեւ ինքը, եւ տարբերությունների դեպքում ընդդիմացումն ու «բանավեճն» անխուսափելի են։ Մինչդեռ ընթերցողն ավելի քիչ է «վիճում» հին շրջանի պատմության հեղինակների հետ եւ ավելի շատ է վստահում դրան այն պարզ պատճառով, որ չունի ժամանակաշրջանի ընկալման՝ ականատեսի ու մասնակցի իր «սեփական տարբերակը»։

Պատմաբանի աշխատանքը ստեղծագործական պրոցես է։ Դա յուրատեսակ «պայքար» է՝ մի կողմից՝ որոշակի նախնական, երբեմն՝ կանխակալ պատկերացումներով ու կանխադրույթներով «զինված» հետազոտողի, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատմությունն, այնուամենայնիվ, իր մեջ ամփոփող փաստական նյութի միջեւ։ Եւ կողմերից յուրաքանչյուրն ունի իր հավակնությունները։ Երբ «պեղածո», հավաքածո նյութի ծավալը նվազագույն անհրաժեշտ չափով բավարարում է ժամանակաշրջանի իրական պատկերն ու տրամաբանական կառույցը տեսնելու համար, եւ հետազոտողի հավակնություններն ու սկզբնական պատկերացումները տեղի են տալիս նյութի տրամաբանության առջեւ, երբ նրա նախապես կազմած «պլան»‑ից ու պատկերացումներից քիչ բան է մնում, ուրեմն գիտական‑ստեղծագործական պրոցեսը կայացել է, եւ արդյունքը քայլ է «սուբյեկտիվ» պատմությունից դեպի «օբյեկտիվը»։ Այսինքն՝ ստացվում է առաջին հայացքից հակասական թվացող իրավիճակ. եթե նյութ – հետազոտող «պայքարում» հաղթում են նյութն ու նրա տրամաբանությունը – դա հետազոտող պատմաբանի հաղթանակն է, եւ նրա շարադրանքը, որպես օբյեկտիվ իրականությանն առավել մոտեցած արտացոլում, հետագայում դժվար է շրջանցել։ Եթե տեղի չեն տալիս հետազոտողի ամբիցիաները, եւ նա, կա՛մ ենթակա որեւէ գաղափարախոսական հարկադրանքի, կա՛մ կաշկանդված ներքին թե արտաքին գրաքննությամբ, կա՛մ մտահոգ ստացած պատվերի կատարմամբ, այդ պայքարում ինքն է «հաղթում» նյութին՝ այն խցկելով նախապես ունեցած կամ տրված կաղապարներն ու շրջանակները – դա պատմաբանի պարտությունն է, եւ նրա շարադրանքը դատապարտված է լուսանցքում մնալու կամ մոռացության տրվելու։

Դեպքերին ժամանակակից լինելու հանգամանքով տվյալ շրջանի պատմության իմացությունը հաճախ խաբուսիկ է, եթե նույնիսկ հետազոտողը շատ հեռու չի գտնվել իրադարձությունների խոհանոցից։ Փաստերը, իրադարձությունները, անունները դեռեւս պատմություն չեն, անգամ եթե դրանք խնամքով հավաքված են ամբողջությամբ, դասավորված ճշգրիտ ժամանակագրությամբ։ Խոսքը միայն փաստերի եւ իրողությունների քանակական կողմին, իրադարձությունների մանրամասներին ու դրանց պարզ իմացությանը կամ հիշելուն չի վերաբերում։ Խնդիրը ցանկացած ժամանակաշրջանի իրադարձությունների ա՛յն անպայման գոյություն ունեցող ներքին տրամաբանական կապի, համակարգերի, հակադրությունների պայքարը պայմանավորող շարժիչ ուժերի ճանաչումն է, որոնք, դարձյա՛լ անպայման, դրված են տվյալ շրջանի հիմնական փաստական նյութերի մեջ, եւ խնդիրը պատմության՝ դրանցով կազմված առանցքը հայտնաբերելն ու ճանաչելն է։ Վերջինս էլ, իր հերթին, արդեն օգնում է ճիշտ մեկնաբանել մնացած աղբյուրագիտական նյութը։

Պատմության ամեն մի հեղինակային շարադրանք, որքան էլ՝ սուբյեկտիվ ընկալման անխուսափելի կնիքով, կարող է եւ պետք է ձգտի մոտենալ օբյեկտիվ պատմությանը, ինչը եւ ընդունված է բնորոշել որպես գիտական պատմություն։ Եւ յուրաքանչյուր պատմաբանի գիտակցված կամ չգիտակցված նպատակն է՝ համոզել ընթերցողին, որ իր շարադրածն անցյալի օբյեկտիվ արտացոլումն է ու մեկնաբանությունը։ Դրան հասնելու համար ուսումնասիրողի լավագույն օգնականը, դաշնակիցն ու երաշխիքը փաստաթղթերն են։ Դրանց ապավինելով է, որ կարող են պարզվել ժամանակի պատմության շարժիչն ու շարժիչ ուժերը, համակարգը, ներքին տրամաբանությունը, տեսնել, գտնել այն առանցքը, որը եւ հասկանալի ու բացատրելի է դարձնում ժամանակի քաղաքական իրադարձություններն ու իրողությունները։

***

Մի կողմ թողնելով Հայոց պատմության ավելի հին շրջանները՝ 1988 թվականից, Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժմամբ, սկսվում է տասնամյա մի շրջան, որից ժամանակագրորեն ներքեւ՝ Հայաստանում՝ կոմունիստական, Սփյուռքում՝ հայդատական գաղափարախոսությունների տիրապետությունն է, ժամանակագրորեն վերեւ՝ գործնական քաղաքականության հիմքում հայդատականությունն է՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում։ Քաղաքական տեսանկյունից՝ տասնամյա այդ շրջանը, իրեն բնորոշ հատկանիշներով, նախորդ եւ հաջորդ շրջաններից  որակապես կտրուկ տարբերվող մի «պատուհան» է՝ վերջին, առնվազն մեկուկես դարի Հայոց պատմության մեջ։ Այդ հատկանիշներն են.

ա) Գործնական քաղաքականության հիմքում դրված չէր միակը լինելուն հավակնող, կրոնական հավատալիքի մակարդակի բարձրացված որեւէ գաղափարախոսություն՝ հավակնելով «համաշխարհայինի» (ինչպես կոմունիստականը) կամ «ազգայինի» (ինչպես հայդատականություն‑պահանջատիրությունը)։

բ) Իրագործվում էր մի ծրագիր, որը կազմված էր ոչ թե դրսում (ինչպես միշտ), այլ Հայաստանում՝ նկատի ունենալով Հայաստանի (եւ Լեռնային Ղարաբաղի) ռեսուրսներն ու հնարավորությունները։

գ) Իրադարձությունների պատասխանատվությունը ստանձնած ու պայքարը ղեկավարող ուժը մերժում էր ազգայնականությունը եւ քաղաքական ավանտյուրիզմը, հենվում ժողովրդավարական նորմերի վրա, առաջնորդվում էր հանրահայտ ու իրական քաղաքական կատեգորիաներով, իրատեսական քաղաքական մտածողությամբ, հաշվարկված գործելակերպով։

Նույն այս տասնամյակը Հայոց պատմության ժամանակային ավելի լայն կոնտեքստում որակապես առանձնանում է նաեւ իր գրանցած քաղաքական տարողությամբ եւ արդյունքներով.

ա) Հայոց պատմության մեջ դժվար է գտնել այդչափ զանգվածային համաժողովրդական քաղաքական ակտիվության, ընդգրկումի, համաժողովրդական նվիրումի եւ անհատական մակարդակով, փաստորեն, ողջ ժողովրդի պատմական դերակատարման համեմատելի այլ մի շրջան։

բ) Հազարամյակների խորքը չիջնելով (նաեւ նկատի ունենալով պատմության որոշ դրվագների բնական լեգենդացումը), դժվար է Հայոց պատմության մեջ գտնել այլ մի տասնամյակ՝ այդօրինակ քաղաքական արդյունքներով՝ ի դեմս անկախության ձեռքբերման ու պետականության կայացման, ռազմական հաղթանակների, Լեռնային Ղարաբաղի ազատագրման։

գ) Թերեւս, ավելի քան երկու հազար տարի ետ պետք է գնալ՝ գտնելու համար այլ մի շրջան, երբ Հայաստանը, որպես քաղաքական գործոն, ազդել է համաշխարհային պատմության ընթացքի վրա՝ պատվաբեր մի դերակատարում, որ կարող էր զարդարել ցանկացած ժողովրդի պատմություն՝ դառնալով նաեւ նրա յուրատեսակ այցեքարտը ժամանակակից աշխարհում։

Սույն հատորը ընդգրկում է Հայաստանի պատմության մեջ բացառիկ այս տասնամյակի առաջին երկու տարիները։

 

Պատմագիտության միջավայրը

Հայաստանի նորագույն պատմության այս շրջանը, բնականաբար, արդեն դարձել է պատմագիտական ուսումնասիրությունների առարկա, որը, սակայն, ոչ միայն շատ հեռու է տասնամյա հիշյալ  պատմաշրջանի իրական պատկերից, այլեւ երբեմն դրա հակապատկերն է։

Կարճառոտ՝ դրա վրա ազդած մի շարք գործոնների եւ օբյեկտիվ իրողությունների մասին։

Գաղափարախոսականացված խորհրդային համակարգը տարբեր բնագավառների, առաջիններից մեկը՝ պատմագիտության համար էր շրջանակներ գծել եւ կաղապարներ հաստատել։ Հմուտ պատմաբան, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի՝ այդ փաստի դիպուկ արձանագրումը բանալի է՝ հասկանալու համար այս բնագավառում նաեւ ետխորհրդային տարիների իրողությունները. «Իշխող քաղաքական դոկտրինայի թույնը, հոսելով հին պատմությունից դեպի նորը, հետզհետե ուժեղանում էր, իսկ հասնելով նորագույնին, պարզապես կազմալուծում այն։ Բայց միայն սա չէր դրա վտանգը: Այն իր օրինակով սովորեցնում էր բոլոր պատմաշրջաններին մերձեցողներին պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը... »[1]:

Խորհրդային հասարակարգի անկմամբ վերացավ «քաղաքական դոկտրինայի թույնը», շրջանակների ու կաղապարների պարտադրանքը, ըստ այդմ՝ վերացավ նաեւ պատմագիտության մեջ «պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը» կամ անհրաժեշտությունը։ Գաղափարախոսականացված համակարգի դեմ հաղթանակ տարած, հետկոմունիստական նոր ժողովրդավարական իշխանությունը, ինքը դեմ լինելով ամեն տեսակ գաղափարախոսական պարտադրանքի, բնականաբար, որեւէ «պատվեր» չտվեց ու շրջանակներ չգծեց ստեղծագործական որեւէ բնագավառի, նաեւ պատմագիտության համար։

Ազատություն ստացած պատմաբանը կարող էր լիուլի տրվել գիտական‑ստեղծագործական պրոցեսի՝ որպես միակ կողմնորոշիչ ունենալով պատմական նյութի ու փաստերի տրամաբանության թելադրանքը։ Ոմանց համար դա, իրոք, ցանկալի վիճակ եւ լիարժեք ազատ ստեղծագործական հնարավորություն էր առաջին իսկ պահից։ Սակայն, ի սկզբանե մասնագիտորեն ձեւավորված լինելով որոշակի պայմաններում եւ վարժված աշխատանքի որոշակի մեթոդի՝ ուրիշների համար նախապես տրված գաղափարախոսական գիծը, շրջանակներն ու կաղապարները ժամանակային տեւականության մեջ դարձել էին բնական ու բարեհարմար «ստեղծագործական» միջավայր։ Այդ դեպքում որոշակիորեն տրված գաղափարախոսական շրջանակներն ու կաղապարները «Արիադնայի թելի» նման ուղղորդում են հետազոտողին նյութերի ցանկացած լաբիրինթոսից, իսկ «պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը» ցանկացած «թեմայի կատարում» հնարավոր ու դյուրին են դարձնում, պատվերի պայմաններում՝ նաեւ շահավետ։

Հայ պատմագիտությունն, անշուշտ, ամբողջությամբ կհարմարվեր ազատ գործելու պայմաներին, եթե չունենար «գայթակղիչ» այլընտրանք։ Մեզանում, թերեւս, ի տարբերություն ետխորհրդային շատ ժողովուրդների, գոյություն ուներ խորհրդային‑կոմունիստականին հակադիր, նրան մրցակից, բայց էությամբ նույնական մեկ այլ գաղափարախոսական բեւեռ՝ սեփական կաղապարներով, սեփական «քաղաքական դոկտրինայի թույնով», պատմաբանին հանձնարարվող նույնպիսի շրջանակներով եւ «պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիության» ինդուլգենցիայով։ Դա կրոնական հավատալիքի աստիճանի բարձրացված Հայ դատ‑պահանջատիրությունն էր՝ իր չափորոշիչներով ստեղծված սփյուռքահայ պատմագրությամբ։ Բնական էր, որ պատմաբանների մի մասը, ազատ ընտրության մեջ, տրվելով մի կողմից՝ հարմարավետության վերոհիշյալ գայթակղությանը, մյուս կողմից՝ պատվեր ունենալու հույսին՝ պիտի մտնեին նոր «քաղաքական դոկտրինի» հովանոցի տակ[2], մանավանդ, որ վերջինս, ի տարբերություն իր նախկին մրցակցի՝ «ինտերնացիոնալիզմին», ավանդական «ազգային‑հայրենասիրական» ընկալումների պաճուճանք ուներ։ Մյուս կողմից՝ ինքը հայդատականությունը ակտիվորեն զբաղվեց թափուր մնացած «սուրբ տեղը» զբաղեցնելու գործով։ Իսկ 1998‑ից հետո, դրվելով պետական քաղաքականության հիմքում, հայ‑դատ‑պահանջատիրությունը, ըստ էության, ամբողջությամբ ստացավ պարտադրող նույն դերը, ինչ խորհրդային‑կոմունիստականը՝ ամբողջ յոթ տասնամյակ։

Հայկական ժողովրդավարական շարժումը, ապա նրա իշխանությունն իր քաղաքական էությամբ եւ արժեհամակարգով որքան հակապատկերն էր խորհրդային‑կոմունիստականի, նույն կերպ տրամագծորեն հակադրվում եւ մերժում էր հայդատականություն‑պահանջատիրությունը։

Բնական է, որ Հայկական ժողովրդավարական շարժման, ապա նրա իշխանության տարիները չէին կարող օբյեկտիվ ուսումնասիրության նյութ լինել, մի կողմից՝ դեռ չավարտված կոմունիստական, մյուս կողմից՝ արդեն հաստատվող, ապա իշխանական դարձած հայդատական գաղափարախոսական թելադրանքի տակ հայտնված պատմագիտության համար, անշուշտ, չհաշված բացառությունները։ Եւ դրա հիմքերը մաքուր քաղաքական են. Հայկական ժողովրդավարական շարժման շրջանի օբյեկտիվ ներկայացումը, որպես համեմատության եզր եւ քաղաքական երեւույթ, հերքումն ու բացառումն է հավասարապես թե՛ մեկի, թե՛ մյուսի։

 

Ժամանակաշրջանի սկզբնաղբյուրները

Սովորաբար՝ հստակ տարանջատվում են պատմության ուսումնասիրության սկզբնաղբյուրներն ու գրականությունը։ Ժամանակակից պատմության դեպքում այդ տարանջատումը միշտ չէ, որ շատ հստակ է։ Դեպքերին ու իրադարձություններին զուգահեռ ստեղծված շատ բան, որոնք ժանրային առումով վերլուծությունների, թերթային հոդվածների, ընդհուպ գիտական ուսումնասիրությունների տեսք ունեն, հաճախ ավելի արժեքավոր կամ խոսուն են ոչ թե որպես այդպիսին, այլ որպես հենց այդ շրջանը, նրա իրողությունները ներկայացնող փաստաթղթեր։ Որպես փաստաթղթերի ենք նայել ժամանակի մամուլը, Շարժման տարիներին ոչ տպարանային միջոցներով հրապարակվող զանազան նյութեր, թերթեր, պարբերականներ, բրոշյուրներ եւ այլն։ Սկզբնաղբյուրների մեջ ամենակարեւորն ու առաջնայինն, անշուշտ, արխիվային փաստաթղթերն են։ Դրանք, ըստ ծագման, կարելի է բաժանել երկու մասի։

ա) Շարժման փաստաթղթեր. Սրանք, առաջին հերթին, «Ղարաբաղ» կոմիտեի թռուցիկներն են, նրա կողմից կազմված ու տարածված զանազան գրությունները։ Իսկ ընդհանրապես, բազմաքանակ ու բազմազան է Շարժման գործունեության տարիներին առաջացած «փաստաթղթային արտադրանքը»։ Դրանք անհատներից ու հիմնարկներից բազմաքանակ նամակներ ու հեռագրեր են՝ իշխանության ամենատարբեր մարմինների հասցեներով, հայտնի ու քիչ հայտնի մարդկանց հարյուրավոր «բաց նամակներ» են, աշխատավորական կոլեկտիվների կայացրած՝ գործադուլների որոշումներ, պատգամավորներին տրված պատվիրաններ, Լեռնային Ղարաբաղի եւ այլ խնդիրների մասին քարոզչական բազմազան նյութեր, բազմաբնույթ մասնագիտական վերլուծություններ, իշխանական մամուլում տպագրված հոդվածների ու հեռուստատեսային հաղորդումների առիթով ձեռագիր տարածված այլազան արձագանքներ ու պատասխաններ, զանազան պաշտոնյաների ելույթների արձագանքներ, դեպքերի՝ հընթացս կազմված ժամանակագրություններ, փաստաթղթերի ժողովածուներ եւ այլն։ Այս փաստաթղթերի լեզուն հավասարապես հայերենն ու ռուսերենն է, քանի որ դրանք նախատեսված էին ոչ միայն եւ ոչ այնքան հայկական լսարանի, որքան հանրապետության սահմաններից դուրս տարածելու համար։ Դրանց մեջ են նաեւ Ղարաբաղյան շարժման հետ կապված բազմաթիվ արձագանքներ՝ ստացված Խորհրդային Միության առաջադեմ գործիչներից, հայտնի մտավորականներից, զանազան կոլեկտիվներից եւ այլն։ Կան Շարժման հետ կապված պաշտոնական արձագանքներ՝ որոշումներ, բանաձեւեր, հոդվածներ, նամակներ եւ այլն՝ ինչպես միջազգային կազմակերպությունների, անհատների, այնպես էլ առանձին երկրների իշխանությունների կամ պաշտոնյաների կողմից[3]։

Առաջնային սկզնաղբյուրների նշանակություն ունեն Շարժման ղեկավար մարմնի՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամների, ինչպես նաեւ առաջին չորս ամիսներին Շարժման ղեկավարներից հեղինակած գրավոր փաստաթղթերը՝ ելույթներ, հոդվածներ, թռուցիկներ, հուշագրություններ եւ այլն[4]։ Պատճենահանման եղանակով նման փաստաթղթերի ժողովածուներ են կազմվել դեռ 1988թ. առաջին ամիսներից, որոնք չեն հրապարակվել[5]։ Ավելի ուշ Շարժման շրջանի փաստաթղթերից հրապարակումներ են եղել առանձին ժողովածուների տեսքով[6]։ Այլ առիթներով հետագայում հրապարակվել են այլ փաստաթղթեր։ Շարժման փաստաթղթերի մի ժողովածու անգլերեն թարգմանությամբ հրապարակել է Ժիրայր Լիպարիտյանը[7]։

բ) Իշխանական կամ «գաղտնի» փաստաթղթեր. Կարեւորագույն սկզբնաղբյուր են հազարավոր այն փաստաթղթերը, որ այս տարիներին ստեղծվել են իշխանական տարբեր մարմիններում, որպես ներքին գրագրություն, ոչ հրապարակման համար, եւ անմիջապես կապված են Շարժման հետ։ Ի տարբերություն Շարժման փաստաթղթերի, որ, բնականաբար, ստեղծման պահից բաց են եղել՝ նախատեսված հենց տարածվելու եւ որպես քարոզչանյութ աշխատելու համար, սրանք, համարյա ամբողջությամբ, կրել են «գաղտնի», «հույժ գաղտնի» գրիֆները։ Դրանք ՀԿԿ ԿԿ‑ում ստացված զեկուցագրեր են ՊԱԿ‑ից, ՆԳՆ‑ից, հանրապետության դատախազությունից, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեից, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, կոմկուսի շրջանային կազմակերպությունների ղեկավարներից, զանազան այլ պաշտոնյաներից, երբեմն՝ Սփյուռքում գործող կազմակերպություններից։ Այստեղ կան նաեւ Մոսկվա ուղարկված եւ այնտեղից ստացված փակ փաստաթղթեր։ Եթե ՊԱԿ‑ից ստացված փաստաթղթերը, որպես կանոն, վերլուծություններ եւ տեղեկատվություն են, նաեւ առաջարկներ, ապա ՆԳ նախարարությունից ԿԿ ուղարկված փաստաթղթերը օպերատիվ զեկուցագրեր են, երբեմն «հուշագրություն» վերնագրով՝ հանրահավաքներում հնչած ելույթների անոտացիաներով կամ ընդարձակ սղագրություններով[8]։ Սրանց լեզուն, չնչին բացառություններով, ռուսերենն է։ Որոշ փաստաթղթեր մեզ մատչելի են դարձել նաեւ Մոսկվայի արխիվներից[9]։

Այս փաստաթղթերից հրապարակումներ են եղել 90‑ականների մամուլում։ Առաջիններից մեկը, ընդարձակ մեջբերումներով, դրանցից օգտվել է Վլադիմիր Գրիգորյանը[10]։ Սփյուռքին վերաբերող փաստաթղթերը խնամքով հավաքել եւ հրապարակել է Գեւորգ Յազըճյանը[11]։ ՀԽՍՀ ԱԳ նախարարության տեղեկանքները ի մի է հավաքել եւ հրապարակել Էդգար Հովհաննիսյանը[12] եւ այլն։

գ) Պաշտոնական բաց փաստաթղթեր. Կարեւոր աղբյուր են պաշտոնական, հրապարակված փաստաթղթերը։ Նկատի ունենք Հայաստանի, ԽՍՀՄ, Ռուսաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի իշխանության օրենսդիր մարմինների ընդունած որոշումները, որոնք ենթակա էին մամուլում եւ համապատասխան պաշտոնական «Տեղեկագրերում» պարբերական հրապարակման։ Այս շարքում պետք է ավելացնել զանազան բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր համագումարներում, գերագույն խորհուրդների նստաշրջաններում, կուսակցական կոնֆերանսներում արտասանած ճառերը, ելույթները, երբեմն՝ հոդվածներն ու հարցազրույցները եւ այլն։

Սփյուռքի, մասնավորապես այդտեղ գործող կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումները արտահայտող փաստաթղթեր եւ այլ նյութեր կան նրանց մամուլում։ Ռամկավար ազատական կուսակցության նմանօրինակ նյութերը հավաքված եւ հրապարակված են առանձին մի ժողովածուով[13], Դաշնակցական կուսակցությանը վերաբերող նյութերին ծանոթ ենք հիմնականում ՀՅԴ բյուրոյի կենտրոնական օրգան «Դրոշակից»։

դ) Ժամանակի մամուլը. Բնականաբար, պարտադիր է ժամանակի մամուլի նյութերին հետեւելը։ Պաշտոնական մամուլը 1988‑89թթ. համար որոշակի նյութեր է պարունակում ինչպես իրադարձությունների ժամանակագրությունը ճշտելու, կոմունիստական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներն արձանագրելու, նրա ու նրան ծառայող ու պաշտպանող ուժերի՝  Շարժման դեմ քարոզչության բնույթը պարզելու եւ այլազան հարցերի ուսումնասիրման համար: Երբեմն խոսուն են ոչ միայն Շարժման հետ կապված նյութերը, այլ նաեւ դրանց տեւական բացակայությունը։ Խստագույն գրաքննության տակ գտնվելով՝ այս տարիներին մամուլը անմատչելի էր Շարժման մասնակիցներին ու գործիչներին[14]: Եթե որեւէ մեկը փորձի շարադրել այս տարիների պատմությունը միայն պաշտոնական մամուլի նյութերի հիման վրա, ապա բավականին տարօրինակ եւ հակասական մի պատկեր կստացվի: Կստացվի, որ Ղարաբաղյան շարժումը, մեկ՝ խաթարում է ժողովուրդների բարեկամությունը եւ ազգայնականների ու ծայրահեղականների գործ է, մեկ՝ որ այն հետամուտ է հայ ժողովրդի բարձրացրած ամենաարդարացի հարցին: Չի հասկացվի՝ Շարժումը ղեկավարել են Հայաստանի իշխանություննե՞րը, թե՞, այնուամենայնիվ, այն ունեցել է իր ղեկավարությունը: «Ղարաբաղ» կոմիտեն մերթ կներկայանա «այսպես կոչված» պարտադիր բնորոշմամբ՝ որպես արկածախնդիրների ու կաշառակերների հովանավորող հանցավոր մի կազմակերպություն, մերթ՝ քաղաքական մեծ կշռով ու հեղինակությամբ օժտված մարմին: Այլ խոսքով՝ այս շրջանի մամուլի նյութերը որպես աղբյուր կարող են օգտակար լինել միայն այն դեպքում, երբ այլ աղբյուրների հիման վրա արդեն պարզված ու ճշտված են հիմնական իրադարձությունների առանցքը եւ ամբողջական պատկերը:

 

Գիտական գրականությունը

«Պատմագիտության միջավայրը» վերնագրի տակ վերեւում ասվածը մասնավորեցնելով՝ պետք է անել մի քանի արձանագրումներ.

ա) Շարժման եւ հետագա տարիների մասին եղել են նաեւ օբյեկտիվ մասնագիտական ուսումնասիրություններ՝ զերծ ամեն տեսակ նախատրամադրվածությունից, գաղափարախոսական եւ այլ կարգի շրջանակներից[15]։ Ստեղծվել են տարեգրության բնույթի օգտակար աշխատանքներ[16]։ Հրապարակվել են փաստաթղթերի օգտակար ժողովածուներ[17]։

բ) Պատմական գիտությունը, ընդհանուր առմամբ, շատ հեռու է Ղարաբաղյան շարժման ու դրանով սկսվող տասնամյակի պատմությունը շատ թե քիչ օբյեկտիվ ներկայացնելուց։ Դրա հետեւանքով է նաեւ, որ Հայաստանը, որպես քաղաքական գործոն, որպես դերակատար, հանիրավի դուրս է մնացել այդ տարիների համաշխարհային պատմությունից[18]։ Մինչդեռ իր ժամանակին արդեն իսկ ուրիշների կողմից արձանագրված այդ իրողության, Հայկական ժողովրդավարական շարժման դերի հիմնավորումը եւ վերջնական արձանագրումը պետք է լիներ հայ պատմագիտության առաջնային խնդիրը։

գ) Խնդրո առարկա տարիների պատմությունը, քաղաքական նկատառումներով, գիտակցված ու նպատակադիր ուրացվել, կեղծվել ու խեղաթյուրվել է (ինչի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմնական պատճառներն ու հիմքերը ներկայացրինք վերեւում)։

***

Մենք կներկայացնենք փաստաթղթերով ու փաստերով հաստատագրված եղելությունների շարադրանքը՝ ձեռնպահ մնալով տարբեր աշխատություններում իրողությունների ուրացումների, կեղծումների ու եղծումների[19] հիշատակումից ու «բանավեճից»։ Կատարվածի մասին ընթերցողին պատկերացում տալու համար, սակայն, որպես նմուշ, ներկայացնենք միայն հետեւյալ փաստը։

Ոչ թե ենթադրելի կամ տրամաբանական, այլ, ըստ էության, պարտադիր է, որ բուհական պատմության դասագիրքը[20], ինչով հարյուրհազարավոր սովորողների Հայոց պատմություն է մատուցվում որպես վերջնական ճշմարտություն, պետք է հենված լիներ այդ պահի գիտական միջավայրում քաղաքացիություն ստացած արդյունքի, ինչպես ասում են՝ «գիտության նվաճումների» վրա։ 2012թ. հրապարակված բուհական դասագրքում այս տարիների համար շատ ավելին է «իշխող քաղաքական դոկտրինայի թույնի» չափաբաժինը, եւ առավել զգալի՝ «պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիության» աստիճանը, քան, թերեւս, գաղափարախոսականացված նախորդ՝ կոմունիստական պատմագրությունում որեւէ պատմաշրջանի համար[21]։

Այստեղ տանք այս պնդումը հաստատող բազմաթիվ փաստերից միայն մեկ նմուշ։ Դասագրքի՝ Համաժողովրդական շարժման տարիներն ամփոփող՝ ավելի քան 30 էջ շարադրանքում, որպես  իրադարձությունների դերակատար հիշատակված շուրջ յոթ տասնյակ անունների մեջ բացակայում է նույն այդ շարժման լոկոմոտիվը, շարժիչը, իրադարձությունների թիվ մեկ դերակատարը, այս պայքարի անսակարկելի ու բացառիկ հեղինակություն ունեցող ղեկավարը՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն՝ իր տասնմեկ անդամներով[22]։  Եւ եթե, մի կողմից՝ նկատի ունենանք այն փաստը, որ սույն դասագրքի ստեղծմանը մասնակից է դարձել շուրջ մեկուկես տասնյակ պատմաբան–գիտնական, հրատարակության է երաշխավորել ԵՊՀ Հայոց պատմության մասնագիտական ամբիոնը, իսկ հրապարակումից հետո այլ պատմաբանների կողմից չի եղել որեւէ դիտողություն, առարկություն, ուստի ցավով պետք է համարել, որ, ըստ էության, գործ ունեք պատմագիտության բնագավառում առկա լուռ «կոնսենսուսի» հետ[23]։ Պատմագիտության մեջ նույն այդ «կոնսենսուսի» արդյունքն է, որ այդ տարիների մեր պատմությունը նսեմացվել է, Հայաստանը դուրս է մնացել այդ տարիների համաշխարհային պատմությունից որպես վերջինիս ակտիվ դերակատար ու նրա ընթացքի վրա ազդած կարեւոր գործոն։

Շարժման տարիների իրողությունները եղել են նաեւ քաղաքական, հրապարակախոսական հոդվածների օբյեկտիվ վերլուծության առարկա։ Սակայն, զուտ քաղաքական նկատառումներով, շատ ավելի մեծ ծավալով ու անսեթեւեթ կեղծվել ու եղծվել են Շարժանը, ապա նրա իշխանությանն ընդդիմադիր ուժերի ու լրատվամիջոցների հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, ելույթներում ու հոդվածներում, իսկ 1998-ից ի վեր՝ նաեւ ռադիո եւ հեռուստետեսային ամենօրյա հաղորդումներում։ Հենց դրա շնորհիվ են հասարակության մեջ պատերազմի ու փառահեղ հաղթանակների տարիները դարձել «ցրտի ու մթի տարիներ», տարածվել՝ ատոմակայանն ու «Նաիրիտը» փակելու, դրսի շինարարներին աղետի գոտուց քշելու, «հոսանքը հողանցելու», «մազութը լափելու» եւ տասնյակ այլ մեղադրանքներ ու անհեթեթություններ[24]։

Պատմությունը ներկայի վրա ազդող ակտիվ քաղաքական գործոն է։ Դրա անհարկի չափազանցումը, անհիմն հերոսականացումն ու առասպելականացումը (ինչը, սովորաբար, արվում է «հայրենասիրական մղումներից» ելնելով), ազդելով ազգի ինքնապատկերացման ու մտածողության վրա, նրան կարող է բերել սխալ ինքնագնահատականի, մղել իրավիճակին ոչ համարժեք քայլերի, արկածախնդրության։ Պատմության իրոք հերոսական եւ ուսանելի դրվագների՝ ցանկացած նպատակով նվաստացումը, ուրացումն ու աղավաղումը (ինչը սովորաբար անում են օտարները, չարակամները) կարող է ազգին զրկել կենսական լիցքերից, ինքնավստահությունից, բերել բարդույթների ու կաշկանդման։ Պատմահայր Մովսես Խորենացու «Թէպէտ եւ եմք ածու փոքր...»[25] բառերով սկսվող հայտնի խոսքն այս իրողության գիտակցումն ու դասական քաղաքական բանաձեւումն է դեռ 5‑րդ դարում։ Օբյեկտիվ պատմագրությունը, որ հնարավոր է չգաղափարախոսականացված հասարակությունում, նպաստում է ազգի իրական ինքնապատկերացման ձեւավորմանը, ռացիոնալ ազգային մտածողությանը՝ իր հերթին դառնալով ներկան ապրելու համար այնքա՛ն կարեւոր, ապագա ունենալու համար այնքա՛ն անհրաժեշտ՝ բանական քաղաքական մտքի եւ իրատեսական քաղաքականության հիմք ու կենսական հասարակական միջավայր։


 



[1]    «Հայաստանի Հանրապետություն», 14.08 – 15.08.1992։

[2]    Հատկանշական է, որ այդ շրջադարձն առաջինը արեցին հենց խորհրդային-կոմունիստական գաղափարախոսության դիրքերից հայդատականությունը եւ այն դավանող ուժերին քննադատող կարկառուն դեմքերը։

[3]    Այսօրինակ եւ այդ տարիների այլ փաստաթղթերի լավագույն հավաքածուն խնամքով հավաքված ամփոփված է Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարուստ արխիվում (այսուհետ՝ ՀՀԱՆԱ), որի մշակման շուրջ 6 տարվա աշխատանքները լավագույն հնարավորությունն էին այդ նյութերից առատորեն օգտվելու համար։ Հավելվածը կազմելու համար օգտվել ենք Հայոց համազհային շարժման (այժմ՝ Հայ ազգային կոնգրես) ընթացիկ արխիվից:

[4]    Բազմաթիվ են Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած գրավոր նյութերը, որոնց փոքր մի մասը հրապարակվել է ստվար ժողովածուով (Տեր-Պետրոսյան Լ., Ընտրանի (ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ), Երեւան 2006)։ Հիշողությունների մի հատոր է հրապարակել Ռաֆայել Ղազարյանը (Ղազարյան Ռ., Հաշվետու եմ, Երեւան, 2003)։ Հավաքվել եւ հրապարակվել են Համբարձում Գալստյանի կազմած թռուցիկները, նամակները, հուշագրության բնույթի նյութերը (Գալստյան Հ., Չուղարկված նամակներ, Երեւան, 2013)։ Ալեքսան Հակոբյանը մի հարցազրույց է տվել «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքային խոհանոցի մասին (Հակոբյան Ա., հարցազրույց hambardzum.am կայքին, 11.09.2015թ.)։ Շարժման առաջին ամիսների իրադարձությունների մասին կարեւոր տեղեկություններ կան Սիլվա Կապուտիկյանի հուշերում (Կապուտիկյան Ս., Էջեր փակ գզրոցներից, Երեւան, 1997), Զորի Բալայանի հուշագրական բնույթի մի հոդվածում Զ. Բալայան, Աստծո դատաստանը, «Ավանգարդ», 11.02.1990: Մի քանի հոդված ընդգրկող փոքր մի ժողովածու է հրապարակել Վազգեն Մանուկյանը (Մանուկյան Վ. Գնացքից թռչելու ժամանակն է, Երեւան, 2002)։

[5]    Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալության առիթով, գրքի տեսքով,  սահմանափակ տիրաժով, ոչ տպարանային եղանակով մի հրապարակում է իրականացրել Մովսես Գեորգիսյանը՝ ի մի հավաքելով 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ղարաբաղ» կոմիտեի թռուցիկները, ձերբակալվածների կենսագրությունները եւ մի քանի այլ նյութեր (Գեորգիսյան, Մեղադրվում են, Երեւան, 1989)։

[6]    Առաջիններից մեկը՝ Правда о Нагорном Карабахе, составители В.А. Товмасян, Ю.Б. Нерсисян, Степанакерт,1989.

[7]    Gerard J. Libaridian (Editor). Armenia at the Crossroads, Watertown, Massachusetts, 1991.

[8]    Այսօրինակ փաստաթղթերը պահվում են Հայաստանի Ազգային արխիվում (ՀԱԱ)։

[9]    Մի կարճ ժամանակ աշխատելու հնարավորություն ենք ունեցել Մոսկվայի «Ժամանակակից փաստաթղթերի պահման կենտրոնում» (ЦХСД)։

[10]   Григорян  В. Армения 1988-1989, Ереван, 1999.

[11]   Յազըճյան Գ., Սփյուռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթղթերու մեջ (1945-1991), Երեւան, 2016։

[12]   Հովհաննիսյան Է., Սփյուռքահայ համայնքների եւ օտարերկրյա լրատվամիջոցների դիրքորոշումը Ղարաբաղյան շարժման նկատմամբ (ՀԽՍՀ ԱԳ նախարարության տեղեկանքների հրապարակում), Բանբեր Հայաստանի արխիվների, 2013, էջ 126-151)։

[13]   ՌԱԿ-ի խոսքը մամուլի ընդմէջէն (1988-1991), կազմեց Եղիա Գայայեան, Նիկոսիա, 2003։

[14]   Չնայած գործադրած ջանքերին՝ Շարժումն իր բազմատիրաժ թերթը («Հայք») ունենալու իրավունք ստացավ միայն 1990 թվականի սկզբին։

[15]   Օրինակ՝ Խոջաբեկյան Վ., Արցախը փորձության ժամին, Երեւան, 1991, Ազիզբեկյան Ռ., Հայաստանը վերակառուցումից մինչեւ անկախություն, Երեւան, 1992, Григорян  В. Армения 1988-1989, Ереван, 1999, Սփյուռքում՝ Մելիք-Հակոբյան Ս., Հայաստանի երկրորդ հանրապետության հիմնումը եւ դաշնակցությունը, Երեւան, 1995, Մարության Հ., Ղարաբաղյան շարժման կամ Հայկական հեղափոխության (1998-1990) հիմնական առանձնահատկությունները (տե՛ս Գալստյան Հ., Չուղարկված նամակներ, Երեւան, 2013, էջ 9-17), Լիպարիտյան Ժ., Պետականության մարտահրավերը. հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր, Երեւան, 1999։ Տե՛ս նաեւ հետեւյալ օտարալեզու գրքերը. P. R. Merzcier, Aspects des luttes sociales en URSS. — Le mouvement democratique des Arméniens. —  Les Balts et la question de l’ état de droit, Paris, 1989; Pierre Verluise, Arménie, La fracture, Éditions Stock, 1989; Joseph R. Masih, Robert O. Krikorian, Armenia at Crossroads, Harwood academic publishers, Amsterdam, 1991; Shireen T. Hunter, The Transcaucasus in Transition. Nation – Building and Conflict, Washington D.C., 1994.

[16]   Օրինակ՝ Арутюнян В., События в Нагорном Карабахе (հինգ հատորով, խնամքով կազմված, վստահելի այս ժողովածուն օր օրի ամփոփում է Լեռնային Ղարաբաղին վերաբերող այլազան նյութեր, հրապարակումներ, իրադարձություններ եւ այլն՝ ընդգրկելով 1988-1995 թվականները)։

[17]   Կարեւոր է «Հայության պայքարը ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար» ժողովածուն, Երեւան, 2011 (կազմողներ՝ Հրանտ Աբրահամյան, Կարեն Խաչատրյան։ Նույն հեղինակների կազմած երկրորդ ժողովածուն Շարժման շրջանի փաստաթղթեր են («Հայության կոչերն ու դիմումները ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար, Երեւան, 2014)։

[18]   Տե՛ս Մարության Հ., Ղարաբաղյան շարժման կամ Հայկական հեղափոխության (1998-1990) հիմնական առանձնահատկությունները (տե՛ս Գալստյան Հ., Չուղարկված նամակներ, Երեւան, 2013, էջ 9։

[19]   Նման բաներ արվել են դեռ 90-ական թվականներին՝ նրանց կողմից, ովքեր անձնական անբավարարություն են ունեցել Շարժման ղեկավարությունից եւ նոր իշխանությունից։ Ցայտուն մի օրինակ է Բագրատ Ուլուբաբյանի մի աշխատությունը (Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երեւան, 1997)։

[20]   Հայոց պատմություն, դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, խմբագրությամբ Հր. Ռ. Սիմոնյանի, Երեւան, ԵՊՀ հրատարակչություն, 2012։

[21]   Խնդրո առարկա տասնամյա պատմաշրջանի իրողությունների ուրացումների ու կեղծումների ամբողջական պատկերը տե՛ս Սարգսյան Ա., Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեծումը (1988-1998թթ.), Երեւան, 2015։

[22]   Ավելի ճշգրիտ՝ մի անգամ Կոմիտեն հիշատակվում է բացասական կոնտեքստում, եւ արձանագրվում են նրանց ձերբակալման ու ազատման փաստերը։

[23]   Այսօրինակ գրականությունը, նույն «ուղեգծով» զանազան քաղաքական ու մերձքաղաքական, հրապարակախոսական եւ այլ նյութերի հետ միասին, հետագայում օգտակար նյութ կհանդիսանա հասարակական որոշ խավերի հոգեբանության, քաղաքական կյանքի վրա գաղափարախոսությունների ներգործության եւ այլ ուսումնասիրությունների համար։

[24]   Վերջերս, Շարժման 30-ամյակի առիթով, նաեւ «ոչ ՀՀՇ-ական» մամուլում տպագրվում է իրողություններն օբյեկտիվ ներկայացնող հոդվածաշար «88-ի շարժում–30» խորագրով (տե՛ս Սարգիս Արծրունու հոդվածները «Առաջին լրատվական» (1in.am) կայքում (2017թ. դեկտեմբերի 4, 5, 7, 8, 9, 10, 11....)։ 

[25] «Թեպէտ եւ եմք ածու փոքր եւ զօրութեամբ տկար եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհի, եւ արժանի գրոյ յիշատակի» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածությունը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանություն, լրացուները Ա. Բ. Սարգսյանի, Երեւան, 1991, էջ 10)։ «Թեեւ մենք քանակով քիչ ենք, փոքրաթիվ, զորությամբ տկար եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, սակայն մեր աշխարհում էլ են բազմաթիվ արիական գործեր եղել՝ գրով հիշատակվելու արժանի»։