21.02.2018 12:45

Լեռնիկ Դալլաքյան. Վակուումը սահմանադրական չի, վակուումը մեր ուղեղներում է

Լեռնիկ Դալլաքյան. Վակուումը սահմանադրական չի, վակուումը մեր ուղեղներում է

Ֆեյսբուքյան օգտատեր Լեռնիկ Դալլաքյանը գրում է.

«Իլուրում հրապարակված փաստաբան Վահե Գրիգոյանի՝ նոր Սահմանադրությամբ նախագահ ընտրելու հարցում ծագող սահմանադրական վակուումի նկատառումը կարծես մեր ԶԼՄ-ներին բոլորովին չի հետաքրքրել. նրանց քիմքին ավելի ախորժ է քաղաքապետարանի ծիրանագույն քաքահոտը: Հավանաբար խմբագիրները հարցը չնկատել տալու հրահանգ են ստացել, կամ էլ ստաժի փորձառությամբ՝ անցել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը: Բայց ասեղը պարկի մեջ չես թաքցնի, եւ արդեն մի քանի լրատվամիջոց, որոնք Գրիգորյանի բերած փաստարկներին հավուր պատշաճի չեն էլ անդրադարձել, բայց սկսել են հավեսով տիրաժավորել սահմանադրական իրավունքի հույժ մասնագետների հակափաստարկները: Դրանցից մեկը՝ Թերթ am-ը (ինձ ով կհուշի՝ էս կայքն ո՞ւմն է) Սահմանադրության տեքստի վրա գիշերներ լուսացրած Վ. Պողոսյանի հետ հարցազրույցում իր լրագրողի բերանով հարցը ձեւակերպելիս Գրիգորյանի բերած փաստարկը հին բարի ավանդույթով էս գլխից առել է չակերտների մեջ. (- Պարո՛ն Պողոսյան, 211-րդ հոդվածի մեկնաբանման լույսի ներքո կարո՞ղ ենք ասել, որ որևէ հիմք չունի Նախագահի ընտրության կարգի փոփոխություններին վերաբերող առաջ քաշվող այն «փաստարկը», որ Սահմանադրության 125-րդ հոդվածը ուժի մեջ չէ, քանի որ ուժի մեջ մտած չէ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 5-րդ գլուխը): Այսպիսով այս լրատվամիջոցները հարցը լուսաբանելու անվան տակ մի խաղացողի դիմաց մեկից ավել խաղացող են դաշտ դուրս բերում:
Հիմա տեսնենք ինչ է պատահել: 2008-ից իշխանությունը գործում է լեգիտիմության վակուումում: Որեւէ իշխանության համար լեգիտիմությունը օդ է, իսկ առանց դրա ապրած ամեն օրը նման է թթվածնի արհեստական բարձիկներին ապավինած հիվանդի կյանքի: Բնական շնչառության անցնելու նկատառումով մեր ծանր հիվանդը մտահղացավ հինգ քայլանի կոմբինացիա. անց ենք կացնում նոր սահմանադրություն, ընդունում ենք դրանից բխող նոր ընտրական օրենսգիրք, որով երաշխավոված ապահովում ենք լեգիտիմ խորհրդարանական մեծամասնություն, որն էլ ընտրում է պետության լեգիտիմ նախագահ, այնուհետեւ՝ լեգիտիմ վարչապետ: Այսպիսով իշխանությունը վերից վար լողում է երազած լեգիտիմության մեջ: Էս սուրբ գործի համար ջանք ու միջոց չխնայվեց: Ավաղ, Սահմանադրությունը հարկավոր լեգիտիմությունը չստացավ, ընտրական օրենսգիրքը միջազգային կազմակերպությունների, ընդդիմության ու քաղհասարակության ներգրավումով արտաքուստ հորով-մորով արեցին, այնուհետեւ այդ օրենսգրքով ընտրվեց լեգիտիմ (հատկապես խորհրդարան բերված ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն եւ ԵԼՔ-ը, որեւէ կասկած կփարատեն) խորհրդարան: Մնում էր միայն, որ խորհրդարանական ընդդիմության կողմից (բայց ոչ ժողովրդի) լեգիտիմ ճանաչված խորհրդարանը առանց խնդիրների ընտրի արդեն անկասկած լեգիտիմ նախագահ, հետո նաեւ՝ լեգիտիմ վարչապետ: Այսքանով իշխանության կատարյալ լեգիտիմությունը կլրվեր: Հիմա՝ լեգիտիմության գերխնդիրը լուծելու համար էսքան ժամանակ, ջանք, փող, ինտելեկտ ծախսած իշխանությանը Վահե Գրիգորյանը ասում է՝ STOP, տղերք, ձեր սրած մախաթը ոնց որ ձեր ո*ն է մտնելու: 
Միով բանիվ՝ էս ամենի հանդեպ՝ ի՞նչ պիտի անեն քաղաքական կուսակցությունները, ի՞նչ պիտի անեն ԶԼՄ-երը, ի՞նչ պիտի անի հանրությունը... ըստ իս՝ վակուումը սահմանադրական չի, վակուումը մեր ուղեղներում է, մեր հարաբերություններում»: