21.02.2018 13:49

Սերգո Տոնոյան. «Ազգայնականության նոր վտանգները»

Սերգո Տոնոյան. «Ազգայնականության նոր վտանգները»

Հայաստանում, պարզվում է՝ կեղծ ազգայնականության նոր ալիք է բարձրանում։ «Ազգ-բանակի» կոնցեպտը ի սկզբանե հենց սա էր կանխորոշում, ինչը, դժբախտաբար, ո՛չ նախկինում, ո՛չ էլ ներկայումս շատուշատերի համար մնում է անհասկանալի։

Նորահայտ ազգայնականները օրակարգ են բերում պետականաշինության եւ բանակի կառուցման իբր նոր մոտեցումներ։ Հիմքում՝ ազգի անկարողությունն ու անընդունակությունն է, ծուլությունն ու չկամությունը, եւ որ ամենավտանգավորը՝ վերամբարձ գաղափարների եւ ապագայի հզոր պետության համար արյուն թափելու պատրաստակամության բացակայությունը։ Համեմատության համար բերվում են օրինակներ Միացյալ Նահանգների, ֆրանսիական մեծ հեղափոխության եւ զարգացած մի շարք այլ պետությունների պատմությունից՝ մատնանշելով լուսավոր ապագային հասնելու ճանապարհին վերջիններիս կրած զրկանքներն ու տառապանքները։

Այնքան պարզ զուգադիպությամբ է սա համընկնում Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի հետ, որ անհնար է չնկատել իշխանությունների ծածուկ մտադրությունները։ Այս օրերին (եւ առհասարակ) խոսել հայ ժողովրդի պայքարելու ունակությունների բացակայության մասին, մոլորեցնել հասարակությանը՝ քարոզելով, որ «մեր կռիվը դեռ առջեւում է», ստվերելով, անտեսելով թե՛ 1988-ի, թե՛ 2008-ի ազգային եւ քաղաքական պայքարների դասական օրինակները, մեղմ ասած՝ ամենաազնիվ գործը չէ։

Նկատե՛ք, որ այս քարոզչության հիմքում ընկած է մարդը, ժողովուրդը, որն, իբր, պայմանական ասած՝ պետություն կառուցելու դժվարին ճանապարհին իր բաժին պարտքը չի կատարել եւ դեռեւս զուրկ է համապատասխան գիտակցությունից։ Այս մեղադրանքը ուղղվում է 88-ի լեփ-լեցուն հրապարակները մարտական դիրքի պես պահած, երկրաշարժի եւ պատերազմի արհավիրքով անցած, տնտեսական ծանրագույն պայմանները վերապրած ժողովրդին։ Դժվարությունների այս փուլը հաղթահարած նույն ժողովրդի քաղաքացիական եւ քաղաքական պայքարը, որ տասնամյակների ընթացքում բազմիցս արտահայտվել է, մասնավորապես՝ կայացած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, նույնպես, պարզվում է՝ գրոշի արժեք չունի։ Վերջապես, սրանց՝ արյուն թափելու ծարավը չի հագեցել անգամ մարտի 1-ի նահատակներով։ Այս ամենը, փաստորեն, քիչ է, բավարար չէ, եւ արտագաղթի սարսափելի պայմաններում մի կերպ գոյատեւող Հայաստանը եւ նրա բնակչությունը դատապարտված են ունկնդրելու նացիստական գաղափարներով ոգեւորված արկածախնդիրների զառանցանք հիշեցնող տեսությունները, մինչեւ որ «անարժան ժողովրդի պատվավոր հայրերը» բռնի ուժով կդաստիարակեն մեզ եւ կկառուցեն երանելի մեր ապագան:

Հասկանալի է, որ իրական քաղաքական գործընթացների բացակայությունը էապես ազդում է մտավորականության տրամադրությունների վրա։ Սակայն մոռացության մատնել առկա պատասխանատու քաղաքական ուժերին եւ հասարակության ուշադրությունը ամեն գնով սեւեռել իբր ազգային գիտակցության բացակայության խիստ կասկածելի  մտքի վրա, հղի է կանխատեսելի վտանգներով։ Դրանցից ամենահավանականը, թերեւս,  արտագաղթի նոր ալիքն է լինելու, որովհետեւ քանի դեռ քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդին ազգային գիտակցության բերելու, երկիրը անշեղորեն թեւակոխում է դեմոկրատական շղարշով պատված իրական բռնապետության հորձանուտը, ինչից փրկվելու միակ միջոցը, դժբախտաբար, մնում է արտագաղթը։

Մինչդեռ, ստեղծված իրավիճակը Հայաստանում ունի ամենապարզ բացատրությունները։ Եւ որքան էլ մոդայիկ չէ այսօր խոսել հանցագործ ռեժիմի մասին (պարզվում է՝ հնացել է իշխանություններին քննադատելու մոտեցումը, եւ այն համառորեն փոխարինվում է ազգին մեղադրելու նոր ավանդույթով), բայց տարրական ճշմարտությունը դրանից չի փոխվում։ Հայաստանի՝ որպես պետության, թիվ մեկ սպառնալիքը ոչ թե ժողովրդի՝ պետականության նկատմամբ ունեցած ցածր գիտակցությունն է, այլ գործող իշխանության համանման վարքը։ Այդ նրա՛նք չեն հասկանում՝ ինչ է պետությունը, ինչպես է պետք այն կառավարել, ինչպես է պետք ապահովել երկրի անվտանգությունը, եւ նրա՛նք են մեղավոր առկա ծանր կացության համար, այլ ոչ թե ժողովուրդը։

Քաղաքացիական պատերազմից Հայաստանին փրկում է հենց ժողովրդի բարձր գիտակցությունը, ինչն իշխանությանը ամեն անգամ պարտադրում է համապատասխան լրջությամբ վերաբերվել պետության առջեւ ծառացած խնդիրներին։ Դրանք լուծելու անընդունակությունն ու անկարողությունը, ծուլությունն ու չկամությունն, ահա, ինքնաբերաբար ստիպում են իշխանություններին դիմելու քարոզչական այս հնարքին՝ մեղադրելով ժողովրդին, իր իսկ արատավորությունը պրոյեկտելով վերջինիս վրա։