21.02.2018 15:30

Վահան Թումանյան. Ինչպե՞ս հաղթել Ադրբեջանին

Վահան Թումանյան. Ինչպե՞ս հաղթել Ադրբեջանին

Երեւան եւ Զանգեզուր վերադարձի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը «զառանցանք» որակելը կամ դրան Քուռ-արաքսյան միջագետքի գրավումը հակադրելը մեծ գիտելիքներ եւ համարձակություն չեն պահանջում: Ավելին, նման հակադարձումները վկայում են, որ իշխանական դասը եւ նրան սպասարկող փորձագիտական շրջանակները շատ մակերեսային են դատում, որովհետեւ ուշադրություն չեն դարձնում Ալիեւի խոսքի երկրորդ, թերեւս՝ ամենահիմնական շերտին: Իսկ նա ասել է, որ Ադրբեջանը հետեւողականորեն շարունակելու է Հայաստանի տնտեսական եւ կոմունիկացիոն մեկուսացման քաղաքականությունը: Ասել է թե՝ ադրբեջանցիները նպատակադրվել են Երեւան եւ Զանգեզուր վերադառնալ ոչ թե հարձակողական պատերազմով, այլ՝ Հայաստանի նպատակային թուլացմամբ:

Բաքվում, ամենայն հավանականությամբ, կատարվել եւ կատարվում են ռազմատնտեսական մրցակցության հաշվարկներ: Հակադրել դրան սպառազինությունների մրցավազքը կամ «ազգ-բանակ» կոնցեպցիան, նշանակում է ընդունել Ադրբեջանի թելադրած խաղի կանոնները, երկրի ռեսուրսների մեծ մասը ծառայեցնել ներկայիս ստատուս-քվոյի պահպանմանը: Ի վերջո, չլուծված թողնել Ղարաբաղի հարցը, մշտատեւ դարձնել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը՝ առկախ թողնելով ռազմական խոշոր բախման հավանականությունը:

 

Իշխանությունը դժգոհում է, որ միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքում Ալիեւի ասածներին, ինչն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարին մղում է եւս մեկ անգամ Հայաստանին սպառնալ ուժի կիրառմամբ: Միջազգային հանրությունը մեր քեռին չէ, ոչ էլ՝ հորեղբայրը, որ մատ թափ տա Ադրբեջանի վրա: Սա պետք է ընդունել որպես իրողություն եւ հաշտվել այն հեռանկարի հետ, որ պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրությունը մերն է: Ինչպես նաեւ՝ Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների հարցը: Ոչ ոք մեր փոխարեն այստեղ խաղաղություն չի հաստատելու: Ում որ խաղաղությունը պետք է, նա էլ պիտի հասնի դրան: Այս իրավիճակում Ադրբեջանին խաղաղություն պետք չէ: Ստատուս-քվոն Հայաստանից եւ Ղարաբաղից ահռելի ռեսուրսներ է խլում, հայ-թուրքական սահմանը եւ Ադրբեջանի կոմունիկացիաները Հայաստանի առջեւ մնում են փակ, տարածաշրջանում իրականացվում են ինտեգրացիոն ծրագրեր, որոնք շրջանցում են Հայաստանը: Արդյունքում՝ Հայաստանում աճում է անհեռանկարության զգացումը, արտագաղթը շարունակվում է, տնտեսությունը մեծ հաշվով մնում է միջազգայնորեն անմրցունակ: Հայաստանը դառնում է անապագա երկիր: Համենայն դեպս, այդպես են հաշվարկում Ադրբեջանում եւ համբերատար սպասում են իրենց ժամին:

Այս իրավիճակից միայն մեկ ելք կա՝ գնալ դիվանագիտական ճեղքման եւ Ադրբեջանին հաղթել խաղաղությամբ: Մյուս բոլոր տարբերակները Հայաստանի եւ Ղարաբաղի համար վտանգավոր են: Ժամանակը մեր օգտին չի աշխատում: Հարկ է կասեցնել այդ ընթացքը, նույնիսկ՝ փոխել, Ադրբեջանին պարտադրել խաղաղության եւ համապարփակ կարգավորման ծրագիր: Թոթափել մեկուսացումը, ներգրվել տարածաշրջանային նախագծերում, ապահովել իրական տնտեսական աճ եւ կոմունիկացիոն ազատություն: Մի խոսքով՝ կտրուկ իրավիճակ փոխել եւ ավելի մեծ հնարավորություններով պաշտպանել Ղարաբաղի ինքնուրույնությունը եւ նրա քաղաքական ապագան: Միայն այդ ձեւով է հնարավոր հաղթել Ադրբեջանին: Միայն այդ դեպքում Ալիեւը հավիտյանս կմոռանա Երեւանի եւ Զանգեզուրի ճանապարհը: