22.02.2018 12:26

Եգորյան. Հանրապետության առջև ծառացած է սահմանադրական ճգնաժամ

Եգորյան. Հանրապետության առջև ծառացած է սահմանադրական ճգնաժամ

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքում գրում է.

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության սահմանադրական կարգավորումների վերաբերյալ Վահե Գրիգորյանի հրապարակմանը եղան որոշ արձագանքներ, որոնց անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ՝ խոսելով նաև Վարդան Պողոսյանի հարցազրույցի մասին:

Հենց այս իրարանցումը կանխատեսելով էր Վահե Գրիգորյանը նշել, որ ընդդիմախոսները հղում կկատարեն 211-րդ հոդվածին: Սակայն պետք է ասեմ, որ Վահե Գրիգորյանի կանխատեսումը չափազանց մեղմ և ակադեմիական է, քանի որ դատելով արձագանքների և «ընդդիմախոսության» բովանդակությունից` դրանք ուղղակի պարզ և ակնհայտ իրողությունները քողարկելու, խեղելու տարբեր դրդապատճառներ ունեցող ոչ ազնիվ և ոչ պրոֆեսիոնալ փորձեր են, ինչպես նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում Հայաստանի

Հանրապետության առջև ծառացած սահմանադրական ճգնաժամով (որը վերաբերում է յուրաքանչյուրին) հետաքրքրված մարդկանց և նրանց տրամաբանության, ավելի ստույգ՝ նրանց կողմից՝ պարզ գրվածն ընթերցելու և ընկալելու կարողության նկատմամբ:

Թերևս իսկապես վիճակը համադրելի է շախմատում հայտնի «Zugzwang» իրավիճակին, երբ ամեն հաջորդ քայլը բերում է վիճակի վատթարացման:

Եթե որպես ելակետ վերցնենք Վարդան Պողոսյանի այն հայտարարությունը, որ ՀՀ Սահմանադրության (2015թ․ փոփոխություններով) «Եզրափակիչ և անցումային դրույթներ» 16-րդ գլխի 211-րդ հոդվածը հատուկ կարգավորում է (Lex specialis) և նախատեսում է Սահմանադրության 125-րդ հոդվածի ավելի շուտ ուժի մեջ մտնելու հանգամանքը` ի տարբերություն Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվածի, ապա հարց է առաջանում, թե արդյոք նա 2015թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների՝ պաշտոնապես հրապարակված տեքստին է հղում կատարում, թե՞ իր ցանկություններն է ներկայացնում 211-րդ հոդվածի փոխարեն։ Այն ձևակերպման պարագայում որով շարադրված է այդ հոդվածը, հնարավոր չէ ընկալել և մեկնաբանել այն որպես 125-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը կամ դրանով սահմանված կարգի կիրառումն անցումային փուլում կարգավորող դրույթ:

Չեմ բացառում, որ որպես ՀՀ Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները նախագծած հանձնաժողովի անդամ, որպես 2015թ․ դեկտեմերի 6-ին ընդունված փոփոխությունների անցումային դրույթների համահեղինակ՝ Վարդան Պողոսյանը 211-րդ հոդվածը նախատեսելիս նկատի է ունեցել այն որպես հատուկ կարգավորում (Lex specialis), սակայն այդ դեպքում տվյալ հոդվածը պետք է նախատեսեր Սահմանադրության (2015թ․ փոփոխություններով) 125-րդ հոդվածի ավելի շուտ ուժի մեջ մտնելու հանգամանքը՝ ի տարբերություն Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվածի: 211-րդ հոդվածի ընթերցումից, սակայն, պարզ է դառնում, որ այդպիսի բան այն չի նախատեսում և հետևաբար այն որևէ պարագայում չի կարելի մեկնաբանել որպես 125-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու առումով հատուկ կարգավորում: Ավելին, նույնիսկ եթե ենթադրենք (ինչն իհարկե հնարավոր չէ, քանի որ հոդվածի շարադրանքն այդիսին չէ), որ 211-րդ հոդվածը որպես հատուկ կարգավորում սահմանում է 125-րդ հոդվածով նախատեսված կարգի գործողությունը Սահմանադրության 2015թ․ փոփոխություններն ուժի մեջ մտնելու անցումային փուլում, ապա, միևնույն է, բաց են մնում նախագահի թեկնածուին առաջադրվող չափանիշները և մի շարք այլ հարցեր, ինչի դեպքում պետք է գործեն 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության 3-րդ գլխով սահմանված համապատասխան կարգավորումները:

Մեկ նախադասությամբ՝ Սահմանադրության (2015թ․ փոփոխություններով) 211-րդ հոդվածը չի վերաբերում 125-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուն, կամ դրանով սահմանված կարգն անցումային փուլում կիրառելուն, նման բովանդակություն այն չունի, ավելին, այն որպես անցումային դրույթ չի սահմանում անցումային փուլում նախագահի ընտրության համար անհրաժեշտ կարգավորումները, հնարավորություն չի նախատեսում Հանրապետության 4-րդ նախագահին «ցանկալի» տարբերակով՝ ՀՀ ազգային ժողովի կողմից ընտրելու կամ ավելի ստույգ՝ ՀՀԿ-ի կողմից «նշանակելու» համար:

Սահմանադրության (2015թ․ փոփոխություններով) 211-րդ հոդվածը սահմանում է, որ 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Հոդվածը չի սահմանում Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության կարգին և չափանիշներին վերաբերող առանցքային հարցերը, որպիսի պարագայում միայն այն կարող էր դիտարկվել որպես անցումային դրույթ, որը սահմանում է Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության այլ կարգ, քան նախատեսված է 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության գործող 3-րդ գլխով: Սա նշանակում է, որ Սահմանադրության 211-րդ հոդվածը (2015թ․ փոփոխություններով) առավելագույնը կարող է դիտարկվել որպես 125-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ընթացակարգի երրորդ փուլի անհաջող հատուկ կարգավորում, որը սահմանում է այլ կարգ, քան նախատեսված է 125-րդ հոդվածով (125-րդ հոդվածով սահմանվում է, որ երրորդ փուլում նախագահ է ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ 211-րդ հոդվածը սահմանում է, որ երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն): Այսինքն՝ 211-րդ հոդվածը ոչ միայն ուժի մեջ չի մտցնում Սահմանադրության (2015թ․ փոփոխություններով) 125-րդ հոդվածը, այլ նաև որպես անցումային դրույթ չի սահմանում Հանրապետության նախագահի ընտրության այլ կարգ, քան նախատեսված է 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության գործող 3-րդ գլխով: Հետևաբար, ի հեճուկս բոլոր «գեղեցիկ» ձեռնարկների, Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը պետք է կատարվի ըստ 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության 3-րդ գլխով նախատեսված կարգի՝ ընդհանուր և ուղղակի համապետական ընտրությունների միջոցով, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, այդ թվում՝ ընտրական իրավունք ունեցող «բնակիչների» կողմից:

Ինչ վերաբերում է Սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) ուժի մեջ մտած 7-րդ հոդվածին, ապա այն չի վերացնում Հանրապետության նախագահի ընդհանուր և ուղղակի ընտրակարգը, քանի որ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 50-52-րդ հոդվածների դրույթները և դրանցով նախատեսված կարգին առնչվող այլ դրույթներ շարունակում են գործել մինչև «Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»:

Ինչ վերաբերում է Սահմանադրության (2015թ․ փոփոխություններով) 124-րդ հոդվածի պահանջների գործողությանը անցումային ժամանակահատվածում, ապա այստեղ ևս ամեն ինչ ավելի քան հստակ է ։ Հիշյալ հոդվածն ուժի մեջ կմտնի միայն «Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից»: Ուստի դրա վերաբերյալ արտահայտված դիքորոշումը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա: Վարդան Պողոսյանի այդ դիրքորոշումը (որի համաձայն ՝ այդ հարցը կարգավորվում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով) գուժում է շատ ավելի վատ զարգացումներ (այդ հոդվածի հակասահմանադրական կարգավորումների մի մասին արդեն անդրադարձել է Վահե Գրիգորյանը), որոնց անդրադառնալու անհրաժեշտություն, կարծում եմ, առաջիկայում ևս կառաջանա:

Իհարկե հասկանալի է, որ ի սկզբանե առանցքային հարց էր Հանրապետության նախագահի ընտրության հարցը, և հասկանալի է, որ ընտրված լուծման նպատակն էր ապահովել, որ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից, սակայն պետք է փաստել, որ «առաջադրանքը» իրավական/օրինական ճանապարհով կազմակերպելու հարցը ձախողվել է, և այժմ նպատակին հասնելու միջոցը շատ ավելի բարձր գին ունի, քան երբևէ: Ավելի ստույգ՝ ի տարբերություն ժողովրդի իշխանությունը «ընտրությունների» միջոցով յուրացնելու, ինչը ապացուցողականության առումով շատ ավելի խրթին է, այժմ իրագործվում է իշխանության յուրացման շատ ավելի բացահայտ ծրագիր, որն ըստ էության խոսում է ամեն գնով նպատակին հասնելու մասին :

Այս ամենը գրելու ընթացքում՝ հատկապես երբ ցանկանում էի անդրադառնալ Սահմանադրության բառի և տեքստի մեկնաբանման հարցին, հատկապես նրան, թե որն է Սահմանադրությունը, այն, ինչ գրվա՞ծ է, թե՞ այն, ինչի մասին մեզ կարող են պատմել տարբեր «սահմանադրագետներ», նկատեցի նաև Արմեն Մազմանյանի հարցազրույցը հենց այդ մասին, որով արտահայտված տարբեր մտքերից միայն հիմնականին կանդրադառնամ:

Առհասարակ խոսելով Սահմանադրության տեքստի մասին՝ պետք է տարբերակել հիմնարար իրավունքների և ազատությունների կամ այլ դրույթների սահմանադրական բովանդակության բացահայտման և մեկնաբանությունների երևույթը պետական մարմինների գործունեությունը և լիազորությունները սահմանող դրույթների մեկնաբանությունից: Ավելին, ՀՀ Սահմանադրության մեկնաբանությունը չի կարելի շփոթել կամ նույնացնել օրենքի մեկնաբանության հետ, որի դեպքում կարող է կիրառվել օրենսդրի նպատակին անդրադարձի միջոցով մեկնաբանության գործիքը (purposive interpritation):

Սահմանադրության և օրենքի տարբերությունն ի թիվս այլոց նաև այն է, որ օրենքներն ընդունում է օրենսդիր մարմինը, իսկ սահմանադիրը ժողովուրդն է, այլ ոչ նախագիծը հեղինակած խումբը, կամ դրա առանձին անդամներ, կամ իրենց «հայր» համարողներ, ինչը նշանակում է, որ եթե օրենքի պարագայում հնարավոր է անդրադառնալ օրենսդրի նպատակին կամ այն մեկնաբանել Սահմանադրության լույսի ներքո, ապա Սահմանադրության պարագայում ժողովրդի (սահմանադրի) կամքն արտահայտված է Սահմանադրության տեքստով, որով պետական մարմինների իշխանության լիազորությունների սահմանազանց մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդի իշխանության յուրացում: Հետևաբար հստակ է, որ Սահմանադրությունը (անկախ դրանում թույլ տրված վրիպակների կամ սխալների) չի կարող մեկնաբանվել տեքստի հետ կապ չունեցող ցանկալի, կամ հնարավոր, կամ ակնկալվող ենթադրությունների և նպատակների հիման վրա: Եվ այս առումով ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ սահմանադրական հանձնաժողովների, ո՛չ դրանց առանձին անդամների, ո՛չ «սահմանադրագետների» մեկնաբանությունները կամ նպատակների և ցանկությունների մասին խոստովանությունները (որքան էլ որ հուզիչ լինեն) որևէ արժեք չունեն:

Ուստի ավելորդ մանիպուլյատիվ մեկնաբանությունների փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ առկա իրավիճակի վրա, որը դուրս է եկել ՀՀ Սահմանադրության տիրույթից: