22.02.2018 13:15

Արսեն Գրիգորյան. Ժուռնալիստների միությունը՝ լրագրողների դեմ

Արսեն Գրիգորյան.  Ժուռնալիստների միությունը՝ լրագրողների դեմ

Ոչինչ չեմ հասկանում: Իսկապես՝ ոչինչ: Այն, ինչ մեզ պետք չէ, բոլ-բոլ ունենք: Դիցուք, միությունները: Մասնավորապես՝ Ժուռնալիստների միությունը: Ախր, եթե մարդն աբսուրդի զգացումից չի սկսվում, ցանկացած անհեթեթություն նրանից սպասելի է:

Ժուռնալիստների միության նորընտիր նախագահ Սաթիկ Սեյրանյանը երեկ մեկնել է քաղաքապետարան, որպեսզի «առաջին գլխից»՝ քաղաքապետից տեղեկանա, թե ինչու՞ են ուզում ավագանու նիստում Նուբարաշենի կոյուղաջրերի «հարուցած» սկանդալից հետո  խանգարել լրագրողների աշխատանքը: Քաղաքապետարանն այդ հանդիպումից հետո հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ լրագրողներն իրավունք չունեն մասնակցելու ավագանու նիստերին: Եվ վերջ: Ուրեմն, Սաթիկ Սեյրանյանը քաղաքապետարան է մեկնել խորհրդատվության համար՝ ինչպե՞ս կանոնակարգել լրագրողների ներկայությունը ավագանու նիստերին:

Միության նորընտիր ղեկավարը բացառիկ քայլ է անում՝ ասում է՝ տեսեք, ԱԺ նիստը նկարահանելու համար լրագրողներ գործուղելու անհրաժեշտություն ինքս էլ եւ շատ լրատվամիջոցներ չենք տեսնում, որովհետեւ այն ամբողջությամբ հեռարձակվում է: Իսկ Արթուր Գեւորգյանն այլ բա՞ն է ասում: Ոչ, նա ասում է, որ քաղաքապետարանի նիստերն էլ են ուղիղ եթեր հեռարձակվելու: Այսինքն, տիկին Սեյրանյանը նաեւ հընթացս ԱԺ ղեկավարությանն է ուղղորդում, թե ինչպես վարվել լրագրողների հետ՝ եթե նիստերն ուղիղ եթեր են, լրագրողներն ի՞նչ գործ ունեն ԱԺ-ում: Այսինքն, լրագրողական կազմակերպության ղեկավարը, լրատվական կայքի տեր ու տնօրենը, մի ամբողջ հեռուստաընկերության առաջատար դեմքը, տուն պահող մայրը իշխանությանը հուշում է, թե ինչպես լրագրողներին խանգարել կատարել մասնագիտական պարտականությունը, որը սովորաբար վճարովի է հենց տուն պահելու համար:

Իրականում այս կինը պարոն Տարոնի մոտ է գնացել հատուկ «ինքնազոհաբերման» նպատակներով: Նա պիտի իր հանդեպ լրագրողների ագրեսիայի միջավայր ստեղծի, որպեսզի լրատվական կայքերից ու թերթերից դուրս գա փաստաբան Վահե Գրիգորյանի բացահայտումը: Եվ այդ խայծն, անկասկած, աննկատ չի մնալու: Քաղաքապետարանը «գործ» ունի անելու, նա պիտի ամեն գնով լրագրողների ուշադրությունը բեւեռի նիստերի դահլիճ մտնելն արգելանքի վրա: Այդ մասին գրելու են բոլորը, ընթերցողը շնչակտուր պետք է սպասի հանգուցալուծմանը, որպեսզի սահմանադրական մտքի «Նժդեհ» Վարդան Պողոսյանը ոնց ուզի մեկնաբանի դեռեւս ուժի մեջ չգտնվող 215 հոդվածի իմպերատիվությունը:

Ում՝ ում, բայց լրագրողներին արգելված է ունենալ աբսուրդի զգացում: Նրանք պարտավոր են լուսաբանել առաջին անհրաժեշտության հանցանքը: Իսկ հանցանքն այն է, որ իրենք այլեւս մուտք չունեն քաղաքապետարանի նիստերի դահլիճ: Այսինքն, Սահմանադրություն խախտելը հանցանք չէ, իսկ լրագրողներին նիստերի դահլիճից օտարելը հանցանք է: Էլի հանցանք է, բայց իշխանությունը պետական մակարդակով արվող հանցագործությունը կոծկում է այսպիսի ինքնիրավչությամբ: Պետական մակարդակով արվող հանցանքը բոլոր տարիների համար է, իսկ սա վաղը կարող են չեղյալ համարել:

Հասկանու՞մ եք, իշխանությանը պետք է մեծ ցնցումը խեղդել կողմնակի, փոքր ցնցումներով: Վահե Գրիգորյանն այնպիսի հանցագործություն է բացահայտել, որ մենք դեռ շատ փոքր, բայց գոյաբանական այլ ցնցումների ականատեսն ու զոհը կլինենք: Իսկ թե ինչու՞ Սաթիկ Սեյրանյանը հենց առաջին իսկ առիթի դեպքում դարձավ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյան, որից դրա համար մոտ 30 տարի էր պահանջվել, հեշտ է գլխի ընկնելը՝ եթե համաձայնել է դառնալ միության նախագահ, ուրեմն հենց այսպիսի դերին է համաձայնել: Ինքը համաձայնել է պարսատիկի քար լինել փաստաբանի ուղղությամբ, որի տեղն էլ չգիտի: