22.02.2018 14:20

ԵՄ-ն ծանր դրության մեջ է Աֆրինում թուրքական գործողության պատճառով

ԵՄ-ն ծանր դրության մեջ է Աֆրինում թուրքական գործողության պատճառով

Եվրամիությունը տագնապ է հայտնել սիրիական Աֆրինում մարդկային զոհերի և հումանիտար իրավիճակի կապակցությամբ:

Արդեն մեկ ամսից ավելի է՝ թուրքական բանակը Աֆրինում գործողություն է իրականացնում քրդերի զինված կազմավորումների դեմ: ԵՄ-ն նաև խոստովանում է, որ Թուրքիան այդ գործողությունը ծավալել է՝ իր անվտանգությունն ապահովելու օրինական նպատակներով:

Բրյուսելում ապրող 28-ամյա ֆրանսիացի Մաքսիմ Բառան բազմիցս մեկնել է Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ կռվելու քրդերի շարքերում: «Թուրքիան ոչ միայն իր զորքերն է օգտագործում, այլև գրոհայիններին, որոնք կապված են ԻՊ-ի հետ, այնպիսի ահաբեկչական խմբավորումների, ինչիսիք են Ան-Նուսրան և Սիրիական ազատ բանակը,- պատմել է Բառան:- Այն ամենից հետո, ինչ նրանք արել են այնտեղ, մենք չենք կարող հանդուրժել նրանց գոյությունը»:

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության բրյուսելյան ներկայացուցիչ Ռուհի Աչիկգյոզը ջանում է աջակցություն ձեռք բերել ԵՄ անդամների կողմից: Նա հերքում է, թե իր երկիրն օգտագործում է բոլոր այդ գրոհայիններին: ««Իսլամական պետությունը» Թուրքիայի վրա ավելի շատ է հարձակվել, քան ուրիշների վրա: Ուստի մենք հերքում ենք ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքը: Թուրքիայով նաև Եվրոպայի սահմանն է անցնում, և մենք ընդամենը փորձում ենք պաշտպանել մեր սահմանները: Մենք քայլեր ենք ձեռնարկում ընդդեմ ԻՊ-ի, Քրդստանի բանվորական կուսակցության և բոլոր ահաբեկչական կազմակերպությունների»:

Թուրքիան ձևականորեն Եվրամիություն ընդունվելու թեկնածու է: Այդ պատճառով էլ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զերծ է մնում Աֆրինի օբյեկտներին թուրքական հարվածները դատապարտելուց, այլ ընդամենը կոչ է անում «մեր թուրք բարեկամներին՝ զսպվածություն դրսևորել իր ռազմական գործողություններում»:

Փոխանցում է euronews-ը: