22.02.2018 21:11

Օսկարին ընդառաջ. ԳՆԱ. (GET OUT)

Օսկարին ընդառաջ. ԳՆԱ. (GET OUT)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա նշանավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը այստեղ  այստեղ,  այստեղ,այստեղայստեղ  եւ այստեղ


Ռեժիսոր Ջորդան Փիլ

Դերերում՝

Դանիել Կալույա

Էլիսոն Ուիլյամս


Ռա՛-սի՛զմ, հե՛-ռա-ցի՛ր

Սփոյլեր. ֆիլմի վերջում մեզ համար միգուցե կպարզվի առեղծվածի բանալին. թե այդ ինչպե՞ս են հակամարտ սուբյեկտները (իմա՝ ռեժիմ և դրա ներկա/նախկին ընդդիմախոսներ) հանկարծակի փոխում իրենց վարքը ու հայացքները:

Իսկ մինչ այդ՝ Ամերիկայի «հանրապետական» բարքերը (դատելով սևերի/սպիտակների մասին մթնոլորտից), դրանց մասին կողմնակի ու միջնորդավորված կերպով մեզ հասած կաղապարներ, դրանց կազմաքանդում ու հիպնոս, որ գամում է էկրանին՝ լարված սյուժեին սրընթաց հետևելու համար:

Ջորդան Փիլի կոնցեպտուալ սատիրան փոխկապում է խտրականության և պոլիտկոռեկտության հարցերը ներընտանեկան հարաբերություններին՝ այդ ամենը տեղավորելով արկածի ու սարսափի ոլորաններում: Ու սև հեգնանքի հեռվանց այդ դիրքում ռեժիսորը հաջողացնում է մնալ սրամիտ ու զարմանալիորեն արդիական անգամ սևամորթ նախագահ ունեցած երկրում (Թրամփի Ամրիկան, ինչպես և Ֆոլկների Հարավը կամ Դոստոևսկու Ռուսաստանը, ստեղծագործության անսպառ տարածք են):

Ու եթե փորձի ու փորձանքի այս հարաբերակցությունը անհարմարություն է առաջացնում ի սկզբանե՝ հարցադրումների ու շեշտադրումների անսպասելիությամբ, ապա պատումի ընթացքը սրում է տագնապը՝ արձակելով արագացող ռիթմերի հանգույցները:

Հընթացս, մինչ մտովի ակամա թերթում ես փոխակերպվող Ամերիկայի՝ դարից ավել ձգվող էջերը (1857 Dred Scott v. John F. A-ից մինչև 1967 Loving v. Virginia ու մեր օրերը), տղի ունեցող իրադարձութններին զուգահեռ ու անզգուշորեն վախենում ես խոստովանել կասկածները. հմմ, իսկ եթե հանդուժողականության աստիճանի բարձրացումը պայմանավորված է սոցիալական «սննդի շղթայում» օղակների դերի փոփոխությամբ, ու ո՞վ ես դու այդ դեպքում շարունակական դավերի այդ ծիսակարգում:

Ու երբ վերահաս թմբիրը օրեցօր կլանում է իրական ու կեղծ դեմքերի թավուտը, չզսպվող կոչերը՝ փակի՛ր ականջներդ, փախի՛ր այստեղից, փրկի՛ր ինքդ քեզ,  սնում է վախերդ (որոնք, ինչպես նախկինում, մտադիր էլ չեն զիջել), հազիվ հասցնում ես շնչահեղձ լինելով հույս տալ.

-Դու մնալու ես՝ հաղթելու ենք:

 

Ֆորմատը՝ ռեինկարնացիա

Ժանրը-գենետիկ համատեղելիություն

Կադրից դուրս՝ Մի տարի առաջ սևամորթի ու հայ աղջկա լուսանկարի պատմություն (չքաղաքականացնել)

Imdb գնահատականը՝ 7.7

Իմ հոտառությամբ՝ 7.0

Ու՞մ համար՝ հարսի ընտանիքով արդարացիորեն հետաքրքրվողների

Էլ ու՞մ համար՝ Ֆոլկների ընթերցողների

Ենթագիտակցությունը՝ Եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար...

Անվանակարգը՝ Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան

Հավանականությունը՝ ոչ բարձր


Լեւոն Գայլ Ավետիսյան