22.02.2018 22:10

Նիդերլանդները Մեծ Եղեռնի վերաբերյալ երկու բանաձեւ է ընդունել

Նիդերլանդները Մեծ Եղեռնի վերաբերյալ երկու բանաձեւ է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով ճանաչվում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Reuters-ը: Մինչդեռ կառավարությունը հայտարարել է, որ երկրի պաշտոնական քաղաքականությունը չի բխի այս բանաձեւից:

«Կառավարությունը չի հետեւի խորհրդարանի վճռին», - ասել է Հոլանդիայի ԱԳ նախարարը Զիգրիդ Քաագը: Բանաձեւն ընդունվել է ընդամենը 3 դեմ ձայներով:

Քվեարկությունից առաջ նախարարը նշել է, որ «անցյալի իրադարձությունների վերաբերյալ «ցեղասպանություն» տերմինը կիրառելիս պետք է զգույշ լինել»:

«Կաբինետը պետք է շատ զգույշ լինի Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնք նախկինում ավելի լավն են եղել», - ասել է Քաագը՝ ակնարկելով երկու երկրներ միջեւ հարաբերությունների վատթարացումը անցյալ տարվանից, երբ պաշտոնական Հաագան արտաքսեց երկիր ժամանած թուրք նախարարին, որը եկել էր տեղի թուրքական համայնքում սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզ անելու:

Չորեքշաբթի Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Հոլանդիայի գործերի հավատարմատարին՝ իր մտահոգությունը հայտնելու հայկական հարցով նիդերլանդական խորհրդարանի քվեարկության կապակցությամբ:

Երկրորդ բանաձեւը, որը խնդրի շուրջ ընդունել է խորհրդարանը, վերաբերում է ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր ճանաչելուն, ինչը ենթադրում է, որ երկրի պաշտոնական ներկայացուցիչը պարտադիր ներկա պետք է գտնվի Մեծ Եղեռնի հիշատակի արարողություններին: Նախարար Քաագը նշել է, որ կառավարությունը կորոշի, թե հատկապես ինչպես Նիդերլանդները կմասնակցեն հիշատակի արարողություններին: Նախորդ տարի, մասնավորապես, Ծիծեռնակաբերդում արարողությանը մասնակցում էր Հայաստանում Նիդերլանդների դեսպանը: