23.02.2018 18:45

Լիզա Ճաղարյան. Էժանագին շոու՝ իրեք մանեթանոց «սգվորներով»

Լիզա Ճաղարյան. Էժանագին շոու՝ իրեք մանեթանոց «սգվորներով»

Ի՞նչ հետեւություն կաներ 2008-ի Մարտի 1-ի ոճրագործությունից անտեղյակ օտարականը, եթե ներկա լիներ Ազգային ժողովում  այդ թեմայով կազմակերպված քննարկմանը եւ լսեր հանրապետականների սրտակեղեք ելույթները։

Կմտածեր, որ ահա այս հանրապետականները՝ եղերաքուրո Մարգարիտ Եսայանի, եղերաախպեր Սամվել Ֆարմանյանի եւ եղերահոպար Սամվել Նիկոյանի գլխավորությամբ եւ զանազան այլեւայլ կուսակիցների դամքաշությամբ տառապում, էրվում-փոթոթվում, պատեպատ են զարկվում, գիշերները աչք չեն փակում, մինչեւ առավոտ հառաչում ու թառանչում են, անզորությունից գլուխները խփում են պատին, մոխիր են մաղում իրենց թշվառ գլուխներին, օրումեջ էլ իրենց այդ թշվառ գլուխների գագաթամասից փունջ-փունջ մազեր են փետում-պռճոկում, ՀՀԿ ղեկավարի իրենց տված հացը կոկորդներում է մնում խեղդում...

Երեւի հասկացաք արդեն։ Որովհետեւ Մարտի 1-ի զոհերի անդարմանելի վիշտը դաժանորեն կրծում է նրանց քնքուշ սրտիկները։

Է՞լ ինչ հետեւություն կաներ պատահաբար ԱԺ-ում հայտնված օտարականը։ Որ, ուրեմն, նախկին դատախազ եւ ներկայում «Ազգային ժողով» սերիալի միջակ դերասան Գագիկ Կոստանյանը եւ իր նման անաչառ ու անկաշառ, անվախ ու սկզբունքային քննիչներն ու դատախազներն օրուգիշեր տքնում ու ճգնում են, որ բացահայտեն Մարտի 1-ի մարդասպաններին ու այդ մարդասպաններին ցուցարարների վրա քսի տվողներին, բայց չեն կարողանում, որովհետեւ... զոհերի հարազատները դե ախր գոնե ամիսը մեկ չեն գնում, էս քննիչներից հաշիվ չեն պահանջում։ Այ, եթե հա՛ գնային դատախազության դռանը ձեռները ծոցում կանգնեին ժամերով, քննիչներին բռնացնեին ու հարցնեին՝ չպարզեցի՞ք, թե մեր որդիներին ինչ շունշանորդիներ սպանեցին, վաղուց արդեն ահագին բան պարզված կլիներ, Քոչարյան Ռոբերտն էլ բանտախցում նստած կլիներ, արյան վրայով իշխանության ղեկին հասած ու պինդ բռնած իրենց ղեկավարն էլ վաղուց հրաժարական տված կլիներ։

Ահա՜, պարզ է, կմտածեր օտարականը, մեղավորը զոհերի հարազատներն են, որ այս գործը տասը տարի է չի բացահայտվում, թե չէ հո աչքիս առաջ է, թե ոնց են էս հանրապետականները կոտորվում ամոթից ու կսկիծից, որ այդ «խարանը» (իրեք մանեթանոց լաց լինող հանրապետականներից մեկի բնորոշումն է) Հայաստանի ճակատին է, ու ոճրագործները մինչեւ հիմա պատժված չեն։

Թե ինչ կմտածեր օտարականը, եթե լսեր հանրապետականների ելույթները՝ իր գործն է։ Իսկ թե ինչ մտածեցին Հայաստանի քաղաքացիները Մարտի 1-ի կազմակերպիչներին ստորաքարշ մանկլավիկների պես ծառայող այս մարդկանց դերակատարությամբ հոգեվաճառության էժանագին շոուն դիտելիս ու լսելիս՝ հրապարակման ենթակա չէ։

Հնարավոր է՝ անչափահասներն ու նրբակիրթ օրիորդներն էլ կարդան։