02.03.2018 15:59

Մարին Լը Պենը մեղադրվում է բռնություն տարածելու մեջ

Մարին Լը Պենը մեղադրվում է բռնություն տարածելու մեջ

Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատարանը հինգշաբթի «բռնության տեսարաններ տարածելու» մեղադրանք է ներկայացրել  «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին:

Նրան մեղսագրվում է 2015 թ. դեկտեմբերին Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկարների հրապարակում, որոնք ներկայացնում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների իրականացրած մահապատիժների տեսարաններ: Լուսանկարներն ուղեկցող տեքստում Լը Պենը պարզաբանել է, որ դրանք հրապարակում է ի պատասխան այն զուգահեռների, որ լրագրող Ժան-Ժակ Բուրդենը տանում է «Իսլամական պետության» և «Ազգային ճակատի» միջև:

«Ինձ մեղադրանք է ներկայացվել մի բանի համար, ինչի համար ուրիշ երկրներում շքնաշանի կարժանացնեին»,- նորությանն այսպես է արձագանքել Մարին Լը Պենը:

Ֆրանսիայի Քրեական օրենսգրքով՝ «Կոշտ բովանդակությամբ, ահաբեկչության և պոռնկության դրդող և մարդու արժանապատվությունը վիրավորող նյութերի տարածման» համար առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկում է և 75 հազար եվրո տուգանք:

Փոխանցում է euronews-ը: