04.03.2018 23:52

Օսկարին ընդառաջ. ԴՅՈՒՆԿԵՐԿ (DUNKIRK)

Օսկարին ընդառաջ. ԴՅՈՒՆԿԵՐԿ (DUNKIRK)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի վերջին նյութը: Հոդվածաշարում նկարագրել ենք այն ֆիլմերը, որոնք, մասնակցում են ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա նշանավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը այստեղ  այստեղ,  այստեղ,այստեղայստեղ , այստեղ եւ այստեղ:



Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան

Դերերում՝ Ֆինն ՈՒայթհեդ, Թոմ Հարդի, Հարիի Սթայլզ, Քիլիան Մըրֆի, Քեննեթ Բրանա, Մարկ Ռայլընս:

Սուպեր հերոսները կը մեռնին ամրան

(Սփոյլեր՝ ոչ)

Երկնքի, ցամաքի ու ծովի շրջափակման մեջ՝ հևացող սպասում, ուր տարրալուծվում է մարդու փրկության պատմությունը: Խիստ ժամանակին ու տեղին՝ հավերժ արդիական հարցադրումներ ու շնչառություն՝ Քրիստոֆեր Նոլանի մոնումենտալ այս երկում, որ դիտակետում անցյալի հետապնդող իրականությունն է՝ առկախված ներկայում՝ երերուն ու հեքիաթի նման տխուր:

Ելքի անդուլ որոնումներ. երկինք, ավազուտ, ծով, ու ամբարտակին՝ հարյուր հազարավոր սրտեր՝ անպատրաստ Հետպատերազմ կյանքում կրելու կեցության խաղաղ հարկադրանքը. երբ փրկությունը բնազդ է՝ առանց ձևերի ու միջոցների արժանապատվության, իսկ գինը՝ ապագայի բեռ: Արդեն գիտենք՝ պատումի վերջում բացվող օրն է, որ աչքերում ու ենթամաշկում տարածվում է տաք ու ապահով հոգնածության պես:

Ձոն խաղաղությանը, ուր նահանջը առանց երգի է, հերոսությունը՝ առանց տիտղոսի, պատված՝ օգնության հապաղման դողով, տագնապի համակումը՝ համատարած, անհուն, լուռ կապույտում:

Նոլանի՝ անհատի էքզիստենցիալ վարքաբանության մասին հետազոտությունը, հայտնի պատերազմի համատեքստում ու տարիների հեռվից, նույնքան հրատապ վիրաբուժություն է, որքան նրա հերոսների հանդուգն ձեռնարկումը՝ փրկվելու ամենակուլ խառնարանում:

Օպտիկայում՝ մարտիկների մրցավազքն է (շտապելուց  հնչյունները չեն դիպչում գետնին), եղբայրական սիրո նույնասեռ աշխարհը, չտարորոշվող գորովանքը ու իրավիճակը:

Ու տունը, տունը, տունը: - մոռացված հերոսի փակ աչքերում, ճողփյունի ընդմիջումներում, նավարկող մարմինների ու փրկօղակների եզրագծերում, խիզախումի ու կասկածի հերթագայության դադարներում:

Անհատի, Փրկության ու Ճանապարհի մասին Նոլանի ասքը հաղթանակի ու հավատի գոյաբանություն է՝ որպես ընտրության յուրօրինակ նարատիվ:

Խաղաղություն ամենեցուն:

Խաղաղություն՝ ներսը և դուրսը:

Քայլով մարշ:

 

Ժանրը՝ ազգ-բանակ

Նշանաբանը՝ Խաղաղություն հիմա

Imdb գնահատականը՝ 8.0

Իմ հոտառությամբ՝ 8.5

Նայելու ժամանակը՝ լրջանալու պահին

Ու՞մ համար՝  խաղարարների ու ռազմահայրենասերների

Կադրում՝ Իրենց հայրենականը

Գունանկարը՝ небомореоблака

Արտապատկերը՝ Գեռնիկա

Պաթոսը՝ չափի մեջ

Վերջաբանը-Ցտեսություն, ծիտ

Անվանակարգը՝ Լավագույն ֆիլմ

Հաղթելու հավանականությունը՝ բարձր (իմ նախընտրելին)

 

Լեւոն Գայլ Ավետիսյան