05.03.2018 11:50

Սիրիա. Արևելյան Գուտայում իրավիճակը հուսահատական է

Սիրիա. Արևելյան Գուտայում իրավիճակը հուսահատական է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայի բնակիչները հուսահատական վիճակում են հայտնվել և ստիպված են փախչել իրենց համար բացված մարդասիրական միջանցքներով:

Իրավապաշտպանների հաղորդումների համաձայն՝ սիրիական բանակը մի քանի ուղղություններով հարձակումներ է գործում անկլավի վրա, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, և արդեն գրավել է տարածքի մեկ քառորդը:

Փետրվարի 18-ից այդ շրջանում ծայր առած կատաղի մարտերն արդեն ավելի քան 600 մարդու կյանք են խլել, որոնց թվում՝ նաև բազմաթիվ երեխաների:

Ո՛չ հինգժամյա զինադադարը, որ առաջարկել էր ռուսաստանյան կողմը, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, չեն թեթևացրել բնակչության վիճակը:

Կիրակի օրը ԱՄՆ-ը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ Մոսկվային մեղադրելով Սիրիայում խաղաղ բնակչության սպանությանը մասնակից լինելու համար: Սպիտակ տան տվյալներով՝ ռուսաստանյան ինքնաթիռները ռմբակոծել են Արևելյան Գուտան՝ չնայած կրակի դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին: Սպիտակ տունը ընդգծել է, որ փետրվարի 24-ից 28-ը ռուսաստանյան օդանավերը օրական առնվազն 20 ռազմական թռիչք են իրականացրել դեպի Դամասկոս և Արևելյան Գուտա:   Մարդասիրական օգնությունն այդպես էլ տեղ չի հասել: ՄԱԿ-ը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության այդպիսի կոլեկտիվ պատիժն անթույլատրելի է:

Պաշարված անկլավում դեռևս 393 հազար մարդ է մնում:
Փոխանցում է BBC-ն: