05.03.2018 14:42

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Յուքոմ» ընկերության հանդեպ

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Յուքոմ» ընկերության հանդեպ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Յուքոմ» ընկերության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվել է ուսումնասիրություն՝ հեռուստատեսային գովազդի շուկայում, որի արդյունքում պարզվել է հետևյալը. «Յուքոմ» ընկերությունը գովազդում է «Հեղափոխական առաջարկ» անվանումով  իր նոր ծառայությունը, որով ֆիքսված կապի իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շարժական հեռախոսակապի «Ունիվերսալ» ծառայությունից: Թվարկելով փաթեթին միանալու մի շարք պայմաններ, ընկերությունը սպառողներին որևէ կերպ չի տեղեկացնում էական պայմաններից մեկի մասին. այն է՝ վերոնշյալ ծառայությունից կարելի է օգտվել միայն փաթեթին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում:  Բացի այդ, գովազդում ցուցադրվում է մի խումբ անձանց կողմից պաստառների միջոցով «ցույցի» անցկացման գործընթաց, որի ընթացքում ցուցադրված կանաչ գույնի պաստառներից մեկի վրա սպիտակ տառերով նշված է «ԿԱՆԱՉԻՆ` ԱՅՈ, ՄՆԱՑԱԾԻՆ` ՉԱՅՈ» արտահայտությունը: 

Մրցակցային մարմնի գնահատմամբ, գովազդի ընթացքում ցուցադրված գրությունը, ինչպես նաև ծառայության էական պայմանների մասին ոչ ամբողջական տեղեկատվությունը  կարող է ստեղծել տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ հասարակության մոլորեցման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասման հնարավորություն: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակում կքննի «Յուքոմ» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման հարցը: Հանձնաժողովը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն: 

ՏՄՊՊՀ