05.03.2018 15:18

Սաակաշվիլին ցանկանում է մինչև տարեվերջ Վրաստանում իշխանության վերադառնալ

Սաակաշվիլին ցանկանում է մինչև տարեվերջ Վրաստանում իշխանության վերադառնալ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միացյալ ազգային շարժման» իր վրացի կուսակիցներին և կոչ է արել բանակցություններ սկսել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում որպես ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվելու համար:

«Մենք պետք է իշխանության վերադառնանք արդեն 2018 թվականին: Ինչպե՞ս ենք դա անելու: Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում և այդպիսով քանդենք Իվանիշվիլիի իշխանությունը (Բիձինա Իվանիշվիլին նախկին վարչապետն է, միլիարդատեր, որին ընդդիմությունը համարում է Վրաստանի իրական իշխանավորը), ավերենք նրա ֆեոդալական պալատը»,- հայտարարել է Սաակաշվիլին իր կուսակիցներին ուղղված հեռուստաուղերձում, որը տարածել են վրացական ԶԼՄ-ները:

Միացյալ ազգային շարժման ղեկավարներից մեկը՝ Նիկա Մելիան, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է, որ արդեն սկսել են բանակցել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ:

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը, որոնք բոլորը միասին 2016 թ. խորհրդարանական ընտրություններում մեկ տոկոս ձայն էլ չեն ստացել, լրագրողներին հայտարարել են, թե կքննարկեն Սաակաշվիլիի առաջարկը: Ավելի խոշոր ընդդիմադիր կուսակցությունները, սակայն, հայտարարել են, որ հրաժարվում են համագործակցել Սաակաշվիլիի և նրա կուսակցության հետ:

Փոխանցում է Interfax-ը: