05.03.2018 16:03

ԴԽ-ն նախազգուշացնում է. ԱՄՆ-ն կփորձի ՌԴ նախագահի ընտություններն անօրինական ներկայացնել

ԴԽ-ն նախազգուշացնում է. ԱՄՆ-ն կփորձի ՌԴ նախագահի ընտություններն անօրինական ներկայացնել

Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովը տվյալներ ունի այն մասին, որ ԱՄՆ-ը մտադիր է ոչ լեգիտիմ ներկայացնել ՌԴ նախագահի ընտրությունները, հայտարարել է այդ հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը:

«ԱՄՆ-ն իր պետական քարոզչամիջոցներով այն տեսակետն է սերմանում, որ եթե ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը, ըստ մեր ԿԸՀ-ի տվյալների, 45 %-ից ավելի լինի, ապա դա կլինի հավելագրում, իրականության խեղաթյուրում: Թե, իբր, առանց որոշակի գործող անձանց՝ մասնակցությունը չի կարող 45 %-ից ավելի լինել: Դա այժմ սերմանվում է ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների մեջ, այլև արտասահմանում»,- ասել է Կլիմովն «Интерфакс»-ին:

Նրա կարծիքով՝ «այդ միտքը քարոզելու, այդ թվում՝ համաշխարհային լրատվամիջոցներով քարոզելու վրա օրական ծախսվում են հարյուր հազարավոր դոլարներ»:

Բացի այդ, Կլիմովը տեղեկացրել է, որ հանձնաժողովը «վստահություն ներշնչող տեղեկություններ է ստանում այն մասին, որ, ըստ էության՝ Ռուսաստանի բոլոր դաշնային շրջաններում արձանագրվում է դրսից առձեռն միջոցների մուտք՝ առաջիկա ընտրություններին տարբեր կարգի միջամտությունները խթանելու նպատակով»:

Սենատորն արձանագրել է, թե «ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են՝ ժողովուրդն ում հետ է, և այստեղ ինչ քաղաքական  դասավորություններ են», սակայն Վաշինգտոնն արդեն իր հոգեբանական միջոցներով նախապատրաստվում է հաջորդ քաղաքական ցիկլին՝ հաջորդ ընտրություններին:

«Այնուհետև, ըստ մեր տվյալների՝ նրանք ակտիվորեն կաշխատեն արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ: Եվ հենց նրանք էլ ինչ-որ բողոք կհրահրեն հենց Ռուսաստանում եղած իրենց գործակալների միջոցով, որպեսզի շարունակեն ճոճել նավակը»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահը: Նա տեղեկացրել է, որ «անգլոսաքսոնական խոշոր հեռուստառադիոընկերություններից մեկում կարող է կեղծ փաստագրական ֆիլմ հայտնվել քաղաքական ընդդիմախոսների դեմ Պուտինի մղած պայքարի մասին»:

Փոխանցում է Interfax-ը: