07.03.2018 12:13

Սկրիպալի գործը. Լոնդոնը Մոսկվային սպառնում է վճռական պատասխան տալ

Սկրիպալի գործը. Լոնդոնը Մոսկվային սպառնում է վճռական պատասխան տալ

Մեծ Բրիտանիան վճռական պատասխան է խոստանում, եթե պարզվի, որ Ռուսաստանը մասնակից է Սոլսբերիում ՀԳՎ նախկին սպա  Սերգեյ Սկրիպալի թունավորմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Նա Կրեմլն անվանել է «չարամիտ և ապակայունացնող ուժ» և հավանական է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը ու նույնիսկ երեք ամիս հետո Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Մեծ Բրիտանիայի մասնակցությունից հրաժարվելը:

Սկրիպալը, որ 2006 թ. Ռուսաստանում դատապարտվել էր պետական դավաճանության համար, ապա փոխանակվել ԱՄՆ-ում ձերբակալված լրտեսների հետ, ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում, և իշխանությունները կասկածում են, որ նրան թունավորել են:

«Այժմ տարբեր կարծիքներ են հնչում Սոլսբերիում կատարվածի մասին, որտեղ անգիտակից վիճակում գտել էին 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը՝ Յուլյաին: Ու  թեպետ ճիշտ չէ մինչև հետաքննության ավարտը հետևություններ անել, ես կարող եմ հավաստիացնել, որ եթե ապացույցներ լինեն այդ պետության առնչության վերաբերյալ, Նորին մեծության կառավարությունը կպատասխանի վճռականորեն և ինչպես հարկն է»,- ասել է Ջոնսոնը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանացի նախարարին բավական կոշտ է արձագանքել: «Արտաքին քաղաքական գորատեսչության ղեկավարի այդպիսի հայտարարությունները վայրենություն են: Որովհետև կան որոշակի գործնական նորմեր, ինչ-որ հետաքննություն, հարգանք օրենքների հանդեպ: Ինչպե՞ս է արտաքին քաղաքականությամբ զբաղվող և իրավապահ մարմինների հետ առնչություն չունեցող մարդն այդպիսի հայտարարություններ անում: Ինչի՞ հիման վրա»,- ասել է նա:

Փոխանցում է BBC-ն: