07.03.2018 15:42

Պոռնոաստղն ընդդեմ Թրամփի

Պոռնոաստղն ընդդեմ Թրամփի

Պոռնոֆիլմերի աստղ Սթրոմի Դենիելսը, որը Դոնալդ Թրամփի հետ հայտնվել է սկանդալում, ԱՄՆ նախագահի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել լռության պայմանագիրը, որն ինքը ժամանակին կնքել է ամերիկյան ապագա առաջնորդի հետ:

Դերասանուհին, որի իսկական անունը Ստեֆանի Քլիֆորդ է, հայտարարել է, որ մինչև 2016 թ. նախագահական ընտրությունները կնքված պայմանագիրն իրավական ուժ չունի, քանի որ Թրամփը դրա տակ չի ստորագրել:

Ավելի վաղ՝ փետրվարի կեսերին, Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել էր, որ 2016 թ. իր գրպանից պոռնոաստղին վճարել է 130 հազար դոլար: Փաստաբանն այն ժամանակ հրաժարվել էր նշել, թե հատկապես ինչի համար է վճարել Դենիելսին, իսկ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ դա արվել է՝ Թրամփի հետ կապերի մասին նրա լռության դիմաց:

Թրամփին բազմիցս մեղադրել են պոռնոաստղի հետ կապերում, սակայն փաստաբանը ժխտում է, թե նրանք սիրավեպ են ունեցել: Մինչդեռ Դենիելսը պնդում է, որ 2006 թ., երբ Մելանյա Թրամփը նոր էր ծննդաբերել, ինքը կապեր է ունեցել Թրամփի հետ,: Դենիելսն այդ մասին առաջին անգամ հայտարարել է դեռևս 2011 թ.:

Փոխանցում է BBC-ն: