09.03.2018 11:13

Թրամփը և Կիմ Չեն Ինը պայմանավորվել են հանդիպել

Թրամփը և Կիմ Չեն Ինը պայմանավորվել են հանդիպել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել, և Թրամփը պատասխանել է, որ ընդունում է այդ առաջարկը:

Այդ ցնցող առաջարկությունն արվել է Վաշինգտոնում Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք ԱՄՆ նախագահին են փոխանցել հյուսիսկորեական առաջնորդի ուղերձը:

Նրանց խոսքով՝ Կիմ Չեն Ինը նաև համաձայնել է դադարեցնել հրթիռային և միջուկային փորձարկումները՝ հայտարարելով, որ ինքն ապառազմականացման գաղափարի կողմնակից է:

Այս լուրն իսկական հզոր դիվանագիտական ճեղքում է՝ նախորդ ամիսներին հնչած փոխադարձ սպառնալիքների ու ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին:

Այս շաբաթվա սկզբին Հարավային Կորեայի պատվիրակությունը Փհենյանում աննախադեպ բանակցություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, ինչը Հարավային Կորեայում Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ մեկնարկած՝ երկկողմ հարաբերությունների ջերմացման ևս մի ապացույցն էր: Դրանից հետո բանակցությունների հարավկորեացի մասնակիցները ժամանել են Վաշինգտոն՝ Կիմ Չեն Ինի ուղերձը փոխանցելու համար:

Հաղորդում է BBC-ն: