12.03.2018 12:44

Առաքել Թավրիզյան. Մնանք դրսից տղա բերելու հույսի՞ն

Առաքել Թավրիզյան. Մնանք դրսից տղա բերելու հույսի՞ն

Իշխանամերձ շրջանակները շատ նյարդային արձագանքեցին Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժությունների անցկացմանը: Երեւում է, պատկան ծառայությունները, տվյալ դեպքում՝ ռազմական հետախուզությունը, թերանում է, եւ հակառակորդի քայլերը չեն կանխատեսվում: Այլապես զորավարժությունների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը կվերաբերվեին սառնասրտորեն:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Եւ Ադրբեջանի այդ քայլի տակ տեսնվում է մեծ դավադրություն՝ ուղղված միջազգային հանրությանը: Մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Թեեւ գործնականում կոնսպիրոլոգիա չկա: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարել եւ հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմական տարբերակը եղել եւ մնում է օրակարգում: Այսինքն, Ադրբեջանը հանդես է գալիս թելադրողի դիքերից, որովհետեւ Հայաստանի իշխանությունը խաղաղության հեռանկարը հասանելի չի տեսնում: Այդ դեպքում, սակայն, բոլորովին իմաստազուրկ են դատողությունները, թե զորավարժությունների միջոցով Ադրբեջանը հերթական անգամ ուժ է ցուցադրում, եւ այդ կապակցությամբ «միջազգային արձագանքը որոշակիորեն կողմնորոշիչ կարող է դառնալ Բաքվի հետագա քայլերի համար»:

Հասկացվում է, որ Հայաստանի իշխանությունը հույս է դրել է նրա վրա, որ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան զորավարժությունները դատապարտող հայտարարությամբ կամ էլ դիվանագիտական խողովակներով կազդեն եւ Ադրբեջանին կտարհամոզեն պատերազմի վերսկսման հարցում:

Ավելի վտանգավոր արձագանք դժվար է պատկերացնել: Ասել է թե՝ Հայաստանը հետեւողականորեն իրենից հեռացնում է պատերազմի եւ խաղաղության համար պատասխանատվությունը եւ, կոպիտ ասած, փորձում «դրսից տղա բերել»: Դա նման է դիվանագիտական կապիտուլյացիայի: Ոչինչ չձեռնարկել եւ մշտապես հուսալ, որ ուժի կենտրոններից եւ ոչ մեկին Ղարաբաղում նոր պատերազմը ձեռնտու չէ, եւ նրանք կզսպեն Ադրբեջանի միլիտարիզմը, նշանակում է՝ Ղարաբաղի եւ նաեւ Հայաստանի ապագան մատնել շատ լուրջ վտանգների: Պատճառը շատ պարզ է. չկա ոչ մի երաշխիք, որ վաղը համանախագահ երկրներից մեկին Ղարաբաղում նոր պատերազմը ձեռնտու չի լինի, եւ նա չի դառնա Ադրբեջանի գաղտնի կամ նույնիսկ բացահայտ դաշնակիցը:

Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Մանավանդ՝ պատերազմի եւ խաղաղության հարցում: Եւ հատկապես մի այնպիսի փուլում, երբ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը խորացնում են աշխարհաքաղաքական մրցակցությունը, իսկ Եվրոպան ստանձնել է դիտորդի դեր: Այնպես որ՝ կա երկու հնարավորություն. կամ պատասխան զորավարժություններ անցկացնել եւ առավել ուժ ցուցադրել, կամ դիվանագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել եւ Ադրբեջանին խաղաղություն պարտադրել ոչ թե մարտի դաշտում, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ: Այսինքն՝ զրկել Ադրբեջանին օրակարգ թելադրելու հնարավորությունից: Երկու դեպքում էլ խնդիրը պետք է մնա հայ-ադրբեջանական դիմակայության կամ երկխոսության հարթությունում՝ առանց երրորդ ուժի միջամտության: Այլընտրանք չկա: