12.03.2018 15:36

Լիզա Ճաղարյան. Խոսրով Մելիքի-ի անկեղծությունը մեդալի է արժանի

Լիզա Ճաղարյան. Խոսրով Մելիքի-ի անկեղծությունը մեդալի է արժանի

Ես չգիտեմ՝ է՛լ ինչ մտքի ճախրանքներ է պարգեւել «Ազատություն» ռադիոկայանի ունկնդիր Հայաստանի քաղաքացիներին եւ ի սփյուռս աշխարհի հայերին ՀՀԿ ցուցակով Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ձեռք գցած Խոսրով Հարությունյանը, ավելի ճիշտ՝ Խոսրով Մելիքի-ն (ռուսական հայտնի դիմելաձեւն այսպես են «հայացրել» խորհրդարանական «հայեցիները»), բայց Իլուր-ում մեջբերված այս հատվածը լիուլի բավարար է՝ հասկանալու համար, թե որքան անկեղծ, անմիջական ու ազնվագույն մարդ է Մելիքի Խոսրովը։ Չէ, վա՛յ. Խոսրով Մելիքի-ն։

Վերջին շրջանում ամենահաճախ հնչող հարցը, փաստորեն, այս կարկառուն եւ բազմավաստակ երեսփոխանի դռանն էլ չոքեց։ Հարցն էլ, դե, տարբեր շարադասությամբ ու տարբեր հնչերանգներով՝ սա է. ո՞նց պատահեց, որ 2014-ին՝ Սահմանադրական «բարեփոխումներին» ընդառաջ, ՀՀԿ ղեկավարը հայտարարեց նախագահի լիազորությունների ավարտից հետո որեւէ պաշտոնի չհավակնելու իր որոշման մասին, դեռ մի բան էլ՝ քննադատական էքսկուրս արեց առհասարակ նման հավակնություններ ունեցողների բոստանում, իսկ ահա այսօր ՀՀԿ-ական ողջ վերնախավը՝ իր մանկլավիկ կոալիցիոն «ընկերոջ» հետ ձեռ-ձեռի, ներբողում է նրա անփոխարինելիությունը։ Կա՝ ինքն է, չկա՝ ոտով-գլխով կորած ենք։ Բնականաբար՝ ազգովի։

Իսկ ով-ով, բայց ՀՀ քաղաքացիները հո լա՞վ գիտեն, որ հանրապետականների ու նրանց կից «դուստր ձեռնարկությունների» արտասանած ներբողները նախապես գրվում կամ քաջալերվում են Բաղրամյան 26-ում, եւ առանց իրենց «անփոխարինելիի» թելադրանքի՝ այս մարդիկ նույնիսկ չեն փռշտում։

Եվ ահա օդում, ջրում եւ ցամաքում ՀՀ քաղաքացիներին մատուցվող օճառածեքծեքումների ֆոնին վերջապես հնչեց չարչրկվող հարցի ամենաազնիվ պատասխանը։ Խոսրով Մելիքի-ն ձեւեր չի թափում, սարուձոր չի ընկնում, պատմական արշավանքներ չի կատարում դեպի Հայոց դարերի ու հազարամյակների խորքերը, այլ պարզ ու բացճակատ ասում է. «... Սարգսյանը 2014 թվականին, համոզված եմ, երբ որ այդ մտքերն արտաբերում էր, նրա նպատակը մեկն էր՝ փորձել մեկնարկող սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրության մոտ եւ փորձագիտական, քաղաքական շրջանակներում ձեւավորել պոզիտիվ վերաբերմունք»։

Սա հենց այն ծանր դեպքն է, որ ինձ նման չարակամները կարիք չունեն եզան տակ հորթ ման գալու։ Ամեն ինչ այնքան պարզ ու հոդաբաշխ է ասված, այնքան մաքուր ու ջինջ, գրեթե՝ թոթովախոս մանկան անմիջականությամբ պարուրված։

«Պոզիտիվ»-ը, դե, ոնց որ թե բոլորս էլ գիտենք որն է՝ դրականը։ Ուրեմն, Խոսրով Մելիքի-ի «պառլամենտական» լեզվով ասածը «թարգմանեմ» հասարակությանը հոգեհարազատ բառուբանով։

Ասում է՝ ա՛յ ժողովուրդ, մեր «անփոխարինելին» խաբել է ձեզ։ Դուք էլ եք հասկանում, էլի՛, ինչի՞ եք զոռով բերանս բացել տալիս ախր։ Խաբել է, որովհետեւ եթե ասեր՝ էս Սահմանադրությունը «բարեփոխում եմ», որ իշխանությունս երկարաձգեմ, պարզ է, չէ՞, որ «սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրության մոտ եւ փորձագիտական, քաղաքական շրջանակներում» ձեւավորվելու էր նեգատիվ (սա էլ բացասականն է) վերաբերմունք, ու հասարակությունն ամեն ինչ անելու էր, որ այդ «բարեփոխումները» չիրականանան։ Դե, ինքն էլ խաբել է, որ «միակ ընդդիմադիրներն» ասեն՝ սահմանադրական «բարեփոխումների» դեմ պայքարը կեղծ օրակարգ է, լսեցիք, էլի՝ մարդը պարզ ու հոդաբաշխ ասաց, որ ոչ մի պաշտոնի չի հավակնում։ Հայաստանի քաղաքացիներն էլ ասեն՝ վա՜յ, վերջապես պրծնելու՞ ենք էս «անփոխարինելիից» ու իր թալանչի ավազակախմբից, էս հինն ի՜նչ վատ Սահմանադրություն է, եկեք շուտ-շուտ փոխենք։

Էսքան բան, ասում է Խոսրով Մելիքի-ն, ի՞նչ եք խառնվել իրար։ Բա ասեր՝ մտքիս դրել եմ ցմահ նստել Հայաստանի վզին, որ հանրության նեգատիվ (սա բացասականն է) վերաբերմունքն ինձ մանդատ նվիրող հանրապետականների պոզիտիվ (սա էլ դրականն է) վերաբերմունքն օրորոցում խեղդե՞ր։

Եվ ընդհանրապես, ասում է Խոսրով Մելիքի-ն, նաեւ՝ մասնավորապես, շեշտում է Խոսրով Մելիքի-ն, այո՛, հանրապետականներն անփոխարինելի են, որովհետեւ եթե իրենք չլինեն, ես մնալու եմ անմանդատ։

Սպանիչ անկեղծության համար մեդալ չկա՞ Բաղրամյան 26-ի դարակներում։ Եթե չկա, պետք է անհապաղ ստեղծել ու կախել Խոսրով Հարությունյանի դոշին։