13.03.2018 10:57

Գեւորգ Նալբանդյան. Գալուստի կրեդոն անհամարժեք է

Գեւորգ Նալբանդյան. Գալուստի կրեդոն անհամարժեք է

Առաջինը Սերժ Սարգսյանի վարչապետության մասին «անձնական» կարծիք է հայտնել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Օրերս նա մի փոքր բացել է փակագծերը եւ մանրամասնել, թե Հայաստանը եվրոպական երկիր կդառնա միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո: «Այն ժամանակ ով ուզում է, թող իշխանության գա»,- լրիվ անկեղծացել է կարկառուն նժդեհականը:

Ստացվում է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Հայաստանը չի կարող եվրոպական երկիր դառնալ, եւ, ուրեմն, իշխանության պիտի մնա Սերժ Սարգսյանը: Այսինքն, ՀՀԿ-ն եւ իր առաջնորդը եվրոպականության հետ հեռավոր առնչություն իսկ չունեն, եւ դա կարող է տեւել բավական երկար, քանի որ Ղարաբաղի հարցը չի լուծվում: Գալուստ Սահակյանի կրեդոն, այսպիսով, կարելի է ձեւակերպել այսպես. «Մենք իշխանություն ենք, որը չի ուզում լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ դրանից հետո մենք չենք կարող իշխանություն լինել»: Նրա անկեղծությունից դա է հասկացվում:

Իսկ Եվրոպայի հայությունը տագնապել է, թե Սերժ Սարգսյանը միջազգային կենտրոններին խոստում ունի տված եւ մնում է իշխանության ղեկին, «որպեսզի հանձնի ազատագրված տարածքները»: Գալուստ Սահակյանը հիմնավորապես հերքում է այդ տպավորությունը եւ բոլորին հանգստացնում՝ քանի ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանն են իշխանություն, Ղարաբաղի հարցը չի լուծվելու:

Եթե մենք ունենայինք քաղաքակրթված հասարակություն, ապա միայն դրա համար նա ոտքի կկանգներ եւ թույլ չէր տա, որ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակվի: Հասարակությունը կընդվզեր եւ կդներ խաղաղության հասնելու նպատակ, իր քվեն կտար այն ուժին, որը պատրաստ է գնալ Ղարաբաղի հարցի լուծման եւ Հայաստանի համար բացել եվրոպական երկիր դառնալու հեռանկար: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Ուստի Գալուստ Սահակյանն իրեն թույլ է տալիս ամբոխավարություն խաղալ՝ խնդիրը մոտավորապես դնելով այսպես. «Եթե չեք ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, ուրեմն պիտի անփոխարինելի ճանաչեք Սերժ Սարգսյանին»: Ահա Հայաստանի իշխանության «քաղաքակրթվածության» մակարդակը: Որպեսզի չհեռանա, նա պատրաստ է ոչ միայն չլուծել Ղարաբաղի հարցը, այլեւ ավելի սրել իրավիճակը: Նրա համար փույթ չէ, որ լարվածությունը ժողովրդից ամենաթանկն է խլում՝ երիտասարդ կյանքեր: Նրան չի հուզում, որ սահմանամերձ բնակավայրերից մարդիկ հեռանում են, իսկ մնացողներն էլ ապրում են մշտական տագնապի մեջ: Այդպես նրա համար նույնիսկ լավ է՝ որքան մեծ է պատերազմի վերսկսման վտանգը, այնքան մարդիկ քիչ են խոսում իրենց ոտնահարված իրավունքներից, սոցիալական թշվառությունից, պաշտոնյաների լկտիությունից: Գալուստի կրեդոն այսքանով ամբողջանում է: Դա իշխանություն պահելու ծրագիր է, որին նպաստում են որոշակի քաղաքական ուժեր՝ հասարակության ուշադրությունը հիմնական՝ պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրության հարցից տեղափոխելով մանր-մունր խնդիրների վրա:

Իսկ Հայաստանի շուրջ մթնոլորտը փոխվում է: Վաղը կանգնելու ենք լրջագույն մարտահրավերների առաջ, եթե արդեն իսկ կանգնած չենք: Գալուստի կրեդոն համարժեք չէ Հայաստանի եւ հայ ժողովրդի կենսական շահերին: ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, իրեն սպառել է: Դա անցյալի կուսակցություն է: