13.03.2018 11:48

Արսեն Գրիգորյան. Մեզ դնենք ՀՀԿ-ի տեղը

Արսեն Գրիգորյան. Մեզ դնենք ՀՀԿ-ի տեղը

Իշխանությունը Հայաստանում շարունակում է այն քաղաքականությունը, որը բնորոշ է ընտրություններին պատրաստվող տոտալիտար երկրներին: Այսինքն՝ ժողովրդին պահել աղքատության մեջ:

Խորհրդարանի ընտրություններից մեկ տարի հետո Հայաստանում սոցիալական իմաստով ոչինչ չի փոխվել: Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբից ձեն-ձուն չկա: Մարդն ասում էր, որ երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների տեսքով մեկ միլիարդ դոլար է մտնելու Հայաստան, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն այդպես էլ ասում էր՝ գոլ ենք խփելու: Այս պահի դրությամբ, ներդրումային իմաստով, Հայաստանում նույն վիճակն է, ինչ մինչեւ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալը: Սա ի՞նչ է ասում՝ մտադրությունը, որ ոչինչ չեն փոխելու, ի սկզբանե էր: Հայտարարությունները, որ լիքը փող է մտնելու Հայաստան, ոչինչ չանելու «մտադրության» ծիրից են: Հետեւաբար՝ մենք ինչի՞ հետ գործ ունենք՝ խաբեությա՞ն, ստի՞: Այո, եթե մենք տեղյակ չենք նրանց իրական մտադրություններից: Իսկ եթե տեղյա՞կ ենք: Պարտավոր ենք տեղյակ լինել: Որովհետեւ այդ խոստումները տալիս է Հանրապետականը: Այսինքն, այդ խոստումներն արվում են մի քաղաքական ուժի բերանով, որի միայն գոյության մեջ ամեն ինչ ցամաքում է: Խաբվել պետք չէ:

Հանրապետականը մեզ կոչ չի անում խաբվել: Ինքը գիտի, որ ոչինչ չի անելու Հայաստանում ինչ-որ բան դեպի լավը փոխելու ուղղությամբ: Ինքը պարզապես ենթադրում է, որ մենք իրեն չգիտենք: Ինքն ապավինում է իր «քամու տատանումների» հանդեպ մեր հավատին: Իսկ հավատը, եթե անկեղծ, անլուրջ զբաղմունք է: Ինքը ոչինչ է, եթե ոտքիդ տակ հող չկա: Չի կարելի հավատալ ապագայի Հայաստանին, եթե այսօրվա Հայաստանը «ձեռքիդ տակ» չէ:

Իսկ հիմա նայեք Հանրապետականի կողմը: Այդ կուսակցության վերնախավի ոտքի տակ հող չկա: Այդ կուսակցության բարձրաստիճանները փախչելու տեղ ունեն: Երբ լրագրողը քննադատում է նրանց, վերջիններիս անհարմարավետության զգացումը կապ չունի այն բանի հետ, թե լրագրողը ճիշտ է: Ամենեւին: Նրանք իրավացիորեն կապ չեն տեսնում այդ քննական հոդվածի ու իրենց դղյակների միջեւ: Եվ ճիշտ են անում: Որովհետեւ լրագրողը քննադատում է այն կանխավարկածով, որ իր թիրախը ՀՀ քաղաքացի է, եւ նրա օգնությամբ կհասկանանք, թե ուր ենք գնում: Իսկ ՀՀԿ-ական չինովնիկի ուշքն ու միտքը կատալոնական Բարսելոնայի ալիքների ծփոցը վայելող տունն է: Նա արդեն ունի մի հայրենիք, որտեղ իր ոտքերի տակ հող կա: Եվ նա արդեն «բնությամբ» չի հասկանա, թե ինչու են իրեն քննադատում: Ահա ինչու՝ վերնախավի ՀՀԿ-ն թշնամանքով է ընկալում լրագրողներին: Գուցե այս տրամաբանության մե՞ջ փնտրենք նաեւ կառավարության նիստերը լրագրողների համար փակելու՝ իշխանության նոր նախաձեռնությունը: Նրանք այս երկրից որպես փոխհատուցում՝ սեփական հարմարավետությունն են ուզում, որովհետեւ իսկապես դժվար է քեզ լավ զգալ այնտեղ, որտեղ ոտքիդ տակ հող չկա:

Որ պահից լրագրողների հետ հաշիվները մաքրեն, նրանք սիրով «կհամատեղեն» կատալոնական Բարսելոնայի ալիքների ծփանքի զգացողությունն ու այստեղ հյուրախաղերով Տեր լինելու «առաքելությունը»: Այդ մարդիկ սովոր չեն ինչ-որ բան անելու: Եվ այդտեղ էլ են նրանք ճիշտ: Որովհետեւ, եթե,-միեւնույն է,- ընտրությունները կեղծելու եմ, ինչո՞ւ ինձ կոտորեմ եւ փորձեմ ինչ-որ բան անել : Ուստի մեր գործն է մտնել ՀՀԿ-ական վերնախավի դրության մեջ: Նրանք չեն կարող աշխատել: Ժողովուրդն արդեն վաղուց պետք է սովորած լիներ այս վիճակին: Այլապես խեղճ ՀՀԿ-ն ինչպես ժամանակին սովորեց Սահմանադրություն փոխել, այնպես էլ կսկսի ժողովուրդ փոխել՝ երբ իրեն հարմար է: