13.03.2018 11:58

ԱՄՆ-ը համաձայն է Սկրիպալի թունավորման վերաբերյալ Լոնդոնի եզրակացություններին

ԱՄՆ-ը համաձայն է Սկրիպալի թունավորման վերաբերյալ Լոնդոնի եզրակացություններին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ Սոլսբերիում ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հարցում:

Թիլերսոնի հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները համաձայն է Լոնդոնի այն եզրակացությանը, որ Ռուսաստանը, հնարավոր է՝ առնչություն ունի Սկրիպալի թունավորմանը:

«Նման հարձակումը, մասնավոր անձի դեմ մահափորձն ինքնիշխան տերության տարածքում, չի կարող արդարացում ունենալ: Եվ մենք վրդովված ենք, որ Ռուսաստանը, հավանաբար, կրկին դիմում է նման գործողությունների: Սկսած Ուկրաինայից և Սիրիայից, ու հիմա էլ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհում անկայունության անպատասխանատու ուժ, որը բացահայտորեն արհամարհում է այլ երկրների ինքնիշխանությունը և իր քաղաքացիների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թիլերսոնն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ իրեն հայտնի չէ՝ արդյո՞ք թունավոր նյութը կիրառվել է ռուսաստանյան իշխանությունների թույլտվությամբ:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ին հայտնի է այն թույնը, որով թունավորվել է Սկրիպալը: «Այդ նյութը հայտնի է մեզ, և այն լայնորեն տարածված է: Սակայն այն ձեռք բերելու հնարավորությունները խիստ սահմանափակ են»,- ասել է Թիլերսոնը:

Փոխանցում է BBC-ն: