13.03.2018 14:22

Մեյին հիշեցրել են, որ ՌԴ-ն ոչնչացրել է «Նովիչոկ» գազի ողջ պաշարը

Մեյին հիշեցրել են, որ ՌԴ-ն ոչնչացրել է «Նովիչոկ» գազի ողջ պաշարը

Ռուսաստանը ոչ միայն դադարեցրել է «Նովիչոկ» գազի արտադրությունը, այլև ոչնչացրել է դրա ողջ պաշարը, РИА Новости-ին տեղեկացրել է հատուկ ծառայությունների վետերան, սենատոր Իգոր Մորոզովը:

Նախորդ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը թունավորել են «Նովիչոկ» դասի նյարդակաթվածահարող նյութով, որը մշակվել է Ռուսաստանում:

Մորոզովը հիշեցրել է, որ ռազմական թունավոր նյութերը ոչնչացվել են միջազգային պայմանագրերի համաձայն և ՔԶԱԿ (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) միջազգային դիտորդների վերահսկողության ներքո:

Միևնույն ժամանակ՝ սենատորը նշել է, որ ընդհատակյա պայմաններում «Նովիչոկի» պատրաստումը «թեև վտանգավոր,  բայց հնարավոր է»:

Մորոզովի կարծիքով՝ Սկրիպալի գործով Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն ընդամենը արդեն ծրագրված պլանի մի մասն են: «Ամենայն հավանականությամբ՝ դրան կհաջորդեն ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Լոնդոնից, ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը մեր սահմանների մոտ, ինչպես նաև կոալիցիոն ուժերի նոր գրոհներ Բաշար Ասադի կառավարական զորքերի վրա»,- ասել է Մորոզովը:

Ծնթ. «Նովիչոկ» նյարդակաթվածահարող գազը մշակվել է 80-ական թթ. վերջերին Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտում: Ստեղծողներից մեկը թունանյութն անվանել է չափազանց ուժեղ և աշխարհում զուգօրինակը չունեցող քիմիական զենք:

Փոխանցում է ria.ru-ն: