13.03.2018 16:19

Վահան Թումանյան. Ողբալի արդյունք է

Վահան Թումանյան. Ողբալի արդյունք է

Ադրբեջանում խոշոր զորավարժություններ են ընթանում: Դրանք անմիջականորեն ուղղորդում է պաշտպանության նախարար Հասանովը: Որոշ հայ փորձագետներ համարում են, որ զորավարժությունները ներքին սպառման համար են, իսկ գեներալ Աստվածատուր Պետրոսյանի կարծիքով էլ՝ Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում:

Այս ֆոնին բացահայտ անհոգությամբ աչքի է ընկնում հայտնի Կոմանդոսը, որն ամեն ինչ համարում է «նորմալ» եւ խորհուրդ տալիս չանհանգստանալ, քանի որ ներկայումս Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորված են, եւ նրանք թույլ չեն տա, որ Ադրբեջանը հարձակվի: Կոմանդոսը նաեւ ասում է, որ 2016թ. ապրիլին Ռուսաստանն է թույլ տվել, որ Ադրբեջանը հարձակվի: Թե ի՞նչ աղբյուրից է նման տեղեկություն ստացել, այդ մասին նա լռում է:

 Կոմանդոսը վերջին տարիներին խոսում է այն ժամանակ, երբ դա պետք է իշխանությանը, եւ հիմնականում ասում է այն, ինչ իշխանությունն է ցանկանում: Այս իմաստով ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին նրա ասածը բացահայտում է Հայաստանի իշխող վերնախավի մանկամտությունը: Ասել է թե՝ հույսն այն է, որ Ռուսաստանը Թուրքիայի միջոցով կազդի, եւ Ադրբեջանը պատերազմ չի սկսի:

Մի կողմ թողնենք հակառակորդի տարածքում նրան ջախջախիչ հարված հասցնելու, Քուռ-արաքսյան հարթավայրը գրավելու, Բաքվում թեյ խմելու մասին հայտարարությունների եւ այս վախվորած կեցվածքի անհամադրելիությունը, որ բացահայտում է իշխանամերձ շրջանակների իրական դեմքը, եւ ուշադրություն դարձնենք Կոմանդոսի հայտարարության անհեթեթությանը: Իրեն համարելով Ղարաբաղում ռազմական հաջողությունների սիմվոլ՝ պաշտոնաթող գեներալը փաստացի Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան պայմանավորում է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ ռուս-թուրքական հարաբերություններով: Եթե դա իշխանության մոտեցումն է, ուրեմն նա Ղարաբաղի հարցի լուծումն էլ տեսնում է ռուս-թուրքական քննարկումների տիրույթում:

Եւ սա այն է, ինչին այս իշխանությունը հասել է քսան տարում: Ողբալի արդյունք է: