16.03.2018 13:04

Արսեն Գրիգորյան. Աստծո արքայության խոսնակը

Արսեն Գրիգորյան. Աստծո արքայության խոսնակը

Ամփոփելով այս կիրակի 14 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնցից 10-ում հաղթել է ՀՀԿ-ն, երեկ Էդուարդ Շարմազանովն ասել է՝ ՀՀԿ-ն շարունակում է վստահություն վայելել հասարակության մեջ:

Երեկ Հ1-ի «Օրակարգ» լրատվական ծրագիրը տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչության միայն 47 տոկոսը չի ուզում արտագաղթել: Հիմա տեսեք՝ 74 տոկոս համայնքներում հաղթել է ՀՀԿ-ն, իսկ Հայաստանում ուզում է ապրել բնակչության 47 տոկոսը: «Օրակարգի» նշած տվյալն, ըստ իս, վստահելի է: Իշխանական կայքերից մեկը երեկ տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանը դուրս է եկել ՀՀԿ-ից՝ ՍԴ նախագահ դառնալու համար: Ես չեմ նախանձում ՍԴ ապագա նախագահի երեխաներին, որոնց հոր հասցեին գրված էին բաներ, որոնք ես չեմ կարդացել նույնիսկ երեխաներին գլխատող «Իսլամական պետության» ահաբեկիչների հասցեին: Այդ հայհոյանքներն ու անեծքները պատահական բառեր չեն: Եվ դրանք չեն պարպում մարդու ներսում կուտակվածը, դրանք աչքից աչք են պտտվում, հասունացնում են անտարբեր մեկի ատելությունը եւ ամբողջ երկիրը ներառում իրենց մեջ: Այդ հայհոյանքներն ու անեծքներն են արտացոլված ֆեյսբուքյան մի հարցման մեջ, որով ՀՀԿ-ին վերացած է ուզում տեսնել օգտատերերի 95 տոկոսը: Այդ հարցման մասին տեսանյութը երեկվա դրությամբ դիտել էր 690 հազար հոգի:

Հասկանու՞մ եք՝ ամբողջ երկիրը ներքաշված է «սպառում» չունեցող ատելության մեջ: Իսկ մենք, ի տարբերություն գերմանացիների, մոլեռանդ լինելու հակումներ չունենք: Երեկ ընդդիմադիր պատգամավորն ասում էր՝ մենք, քրիստոնեությունն ընդունելուց բացի, ազգովի հեղափոխական ուրիշ ոչ մի արարք մեզ թույլ չենք տվել: Մարդը սա ասում էր ուրախությամբ: Տրամաբանություն, գուցե, կա: Այլապես կուսակցության անվան մեջ «հեղափոխական» բառն ունեցող քաղաքական ուժն ընտրությունից ընտրություն իրենից ավելի լուրջ բան կներկայացներ: Փաստն այն է, որ մենք, այո, մոլեռանդ լինելու հակումներ չունենք: Մենք նույնիսկ «Եհովայի վկաներին» ենք անդամագրվում քաղքենու այն խորամանկությամբ, որով դառնում ենք Հանրապետական՝ միայն թե հացն անպակաս լինի: Սա, իհարկե, ամբողջ ժողովրդի մասին չէ: Թերեւս, հատկապես նրանց մասին է, ովքեր ավելի հեշտ կյանքի այլ տարբերակ չունեն: Մենք հուսահատության դեմ մեր դեղամիջոցներն ունենք: Եվ արտագաղթը դրանցից ամենափորձվածն ու քննություն բռնածն է:

Քաղաքական ոչ մի միտք երբեւէ չձեւակերպած պատմաբան Շարմազանովն իրականում ինքն իրեն «աչքալուսանք» չի տալիս, ինքը ծիծաղում է մեր գյուղացու վրա: Նրա շուրթերով՝ ՀՀԿ-ն ասում է, որ ՀՀ քաղաքացին իր գործիքն է, ոչ մի ինքնուրույնություն չունի, նա կա միայն որպես ՀՀԿ-ի վերարտադրության խորհրդանիշ, նա հենց ՀՀԿ-ին է մարմնավորում, քայլող քվե է նույնիսկ ընտրություններից դուրս: Այսինքն, Էդուարդ Շարմազանովին հետաքրքիր չէ, որ արտագաղթ կա, հետաքրքիր չէ, որ աղքատությունը միայն աճում է, հետաքրքիր չէ, որ մարդիկ, բան ու գործը թողած, լցվում են ատելությամբ: Նա ունի հաստատուն արժեք՝ դա ՀՀԿ-ի հանդեպ ժողովրդի բարձր «վստահությունն» է: Եթե Հայաստանում մարդ էլ չմնա, էդ բարձր «վստահությունը» կա ու կա:

Որովհետեւ, ընկերներ, ժողովրդավարական երկրներում բարձր «վստահություն» գոյություն չունի, ժողովրդավարական երկրներում քաղաքական ինքնավստահություն գոյություն չունի, այլապես իշխանության համար պայքարն անիմաստ կդառնա: Ավելին, անիմաստ կդառնա ընտրությունը: Իսկ ո՞վ սա պետք է խցկի Էդուարդ Շարմազանովի կամ որեւէ ՀՀԿ-ականի գլուխը՝ ոչ ոք: Քանի որ էդ գլուխն արգելափակել է որեւէ մտքի ընկալումը: Էդ գլխում այնքան «անսխալականություն» կա, որ կհերիքի մի քանի նոր Հիսուս Քրիստոսների ծնունդին, որպեսզի արդեն այսօր Աստծո արքայության պակասություն չունենանք: