16.03.2018 14:14

Էրդողան. «Եվրախորհրդարանը Թուրքիային ոչինչ չունի ասելու»

Էրդողան. «Եվրախորհրդարանը Թուրքիային ոչինչ չունի ասելու»

Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որով կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի ողջ տարածքում: Բանաձևի տեքստում նաև Թուրքիային կոչ է արվում զորքերը դուրս բերել Աֆրինից:

Հինգշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ընդունված բանաձևում ասվում է, որ Եվրախորհրդարանը վճռականորեն դատապարտում է դաժանության բոլոր դրսևորումները Սիրիայում, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած ոտնահարումը, ինչը տեղի է ունենում հակամարտության ընթացքում: Պատգամավորները համոզված են, որ Աֆրինում իրավիճակի սրումը կարող է հանգեցնել թուրքական ուժերի և Բաշար Ասադի կամ Ռուսաստանի զորքերի միջև դիմակայության, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության աճի:

Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրապատգամավորներին խնդրել է «չերևակայել»: «Մենք այնտեղից չենք հեռանա, քանի դեռ աշխատանքը չի ավարտվել: Մեզ մոտ երեքուկես միլիոն սիրիացի կա: Եվրախորհրդարանը Թուրքիային ասելու ոչինչ չունի: Եվ այն ամենը, ինչ նա անհրաժեշտ է համարում ասել այդ հարցով, մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:

ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիկի կարծիքով՝ ընդունված բանաձևը ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանան «աջակցում է ահաբեկիչներին»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Անկարան մտադիր չէ քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության ավարտից հետո Աֆրին շրջանը փոխանցել Ասադի կառավարմանը»: Միևնույն ժամանակ՝ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Աֆրինից փախստականների թիվը հասել է 170 հազարի:

Փոխանցում է euronews-ը: